«Երկիր», 18 հունիսի, 1992թ., թիվ 114 (203)
«Վերջին օրերին Գանձակում տեղակայված Անկախ Պետությունների Համագործակցության միացյալ զինված ուժերի մոտոհրաձգային դիվիզիայի ակտիվ մասնակցությամբ Ադրբեջանական Հանրապետության ազգային բանակը լայնածավալ մարտական գործողություններ է ծավալել Լեռնային Ղարաբաղի տարածքում։
Այդ ագրեսիայի հետեւանքով բռնագրավվել է Շահումյանի շրջանը, Մարտակերտի եւ Ասկերանի շրջանների մի շարք բնակավայրեր, բռնագաղթել են հանրապետության ավելի քան 20 հազար բնակիչներ։
Վարելով երկդիմի քաղաքականություն եւ հայտարարելով ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու իրենց ձգտումը, Ադրբեջանի կառավարող շրջանները գործնականում շարունակում են ԱՊՀ-ի երկրների, աշխարհի մյուս պետությունների եւ միջազգային կազմակերպությունների լուռ համաձայնությամբ կիրառել Լեռնային Ղարաբաղի բնակչության եղեռնի երկարամյա քաղաքականությունը։ Երկարատեւ շրջափակումը եւ Լեռնային Ղարաբաղի անկախ Հանրապետության դեմ մղած պատերազմը նրա բնակչությանը հասցրել է ծայրահեղ ծանր կենսապայմանների, ստեղծել զանգվածային սովի ու համաճարակի վտանգ։
Այդպիսի իրադրության պայմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները ի վիճակի չեն ինքնուրույն վճռել բնակչության կենսապայմանների հարցը, ինչպես նաեւ սննդամթերքով ու առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովել մեծ թվով գաղթականների։
Դիմելով աշխարհի երկրների խորհրդարաններին եւ իշխանություններին, միջազգային կազմակերպություններին, ԼՂՀ կառավարությունը կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել կասեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանական Հանրապետության ագրեսիան եւ մարդասիրւսկան օգնություն ցույց տալ նրա բնակչությանը՝ առաջին հերթին նոր բռնագաղթածներին։
ԼՂՀ կառավարությունը հայտարարում է, որ ինքնապաշտպանության ուժերը ամեն ինչ կանեն ագրեսիան կասեցնելու, հանրապետության բնակչության անվտանգությունն ապահովելու համար։ Հետեւանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների վրա։