«Հայաստանի Հանրապետություն», 8 հունվարի, 1992թ., չորեքշաբթի, թիվ 3 (348)
Հունվարի 6-ին Ստեփանակերտում աշխատանքն սկսեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նստաշրջանը: Գերագույն խորհուրդն ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Համագործակցության մասնակից անկախ պետությունների ղեկավարներին ու խորհրդարաններին ուղղված դիմում, որով հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պատրաստ է իրավահավասար հարաբերություններ հաստատել աշխարհի բոլոր պետությունների հետ:
Դիմումում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելը և նրա հետ դիվանագիտական և այլ կապեր հաստատելն այսօր անհրաժեշտ է, քանզի ժամանակն է գործով պաշտպանել խաղաղ բնակչությանը ֆիզիկական բնաջնջման սպառնալիքից: Նստաշրջանը պետք է ընտրի ԼՂՀ-ի Գերագույն խորհրդի նախագահ, ընդունի ԼՂՀ օրենքներ, որոնց թվում կլինի նաև օրենք արտակարգ դրության մասին:
ԼՂՀ-ի գործկոմի նախագահ Լ. Պետրոսյանը, ինչպես և շատերն այստեղ, գտնում են, որ Ղարաբաղում խորհրդարանի ստեղծումը և նոր օրենքների ընդունումը կարող է կանգնեցնել չհայտարարված պատերազմը, որը գրեթե ամեն օր խլում է ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի բազմաթիվ մարդկանց կյանքը: Իսկ համաշխարհային հանրության կողմից հանրապետության անկախության ճանաչումը կդառնա հայերի և այստեղ բնակվող ադրբեջանցիների պաշտպանության ու անվտանգության երաշխիքը: