November 27, 2024

Լեզգիները ուժեղացնում են ճնշումը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

Ազգ, 26 ապրիլի, 1994թ., թիվ 76

Ադրբեջանն ու Դաղստանը բաժանող Սամուր գետի վրա գտնվող Ոսկե կամրջի մոտ, ապրիլի 22-ին լեզգիների կազմակերպած պահախմբի մասնակիցները հանդես եկան երկու հանրապետությունների պետական սահմանը վերացնելու պահանջով։ Այդ մասին հայտնեց լեզգիների «Ալպան» ազգային կուսակցության քարտուղար Ամիրխան Բաբաևը։ Նրա խոսքերով՝ ցույցին մասնակցել է Հարավային Դաղստանից և Ադրբեջանի հյուսիսային շրջաններից եկած շուրջ 7000 մարդ։ Այնտեղ կայացած հանրահավաքում միավորման կոչով լեզգի ժողովրդին են դիմել համալեզգիական «Սադվալ» շարժման նախագահ, օլիմպիական խաղերի չեմպիոն Ռուսլան Աշուրալիևը, լեզգիական ազգային խորհրդի ղեկավար Ռամազան Նարիմանովը, ինչպես նաև «Սադվալ» կուսակցության նախագահ Ահմեդ Բաբաևը։

Հաղորդվում է, որ ցուցարարները փակել են Ադրբեջանը Ռուսաստանին միացնող երկաթգիծն ու ավտոմայրուղին, դրանով իսկ կազմալուծելով երթևեկությունը։ Միաժամանակ, Ադրբեջանի ազգամիջյան հարաբերությունների գծով պետխորհրդական Ֆիդայաթ Օրուջևը երկրի հյուսիսային սահմաններում լարվածության սրումը մեկնաբանելով՝ հայտարարեց, որ իրենք ակտիվ բացատրական աշխատանք են կատարում լեզգիների «Սադվալ» ազգային շարժման անդամների իրական մտադրություններն ու ձգտումները պարզելու նպատակով։ Օրուջևը նշեց, որ քանիցս իր սադրիչ ձեռնարկումներով աչքի ընկած լեզգիական «Սադվալ» ընկերությունն աջակցություն է ստանում Հայաստանից։ Խորհրդականի խոսքերով, ադրբեջանա-դաղստանյան սահմանի լարվածության սրմամբ շահագրգռված են նաև Մոսկվայի առանձին քաղաքական շրջանակներ։ Նա հայտարարեց, թե կան անհերքելի ապացույցներ այն բանի, որ անցյալ տարի Ադրբեջանի Գուսարիի շրջանի Գասիմքենդ լեզգիաբնակ գյուղում վայրէջք է կատարել Հայաստանից զենք բերած ուղղաթիռ։ Ադրբեջանը հանդես է գալիս Ռուսաստանի հետ թափանցիկ սահմանի օգտին, ինչպես նաև հույս ունի, որ այդ շրջանում ծագած թյուրիմացություններն արագորեն կհարթվեն, իր հերթին ասաց Ադրբեջանի  ազգային անվտանգության նախարարության մամլո ծառայության պետ Միրսլեխ Ախունդլուն։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives