«Երկիր», 1992թ., 10 դեկտեմբերի, 239 (328)
Լեզգիները մտադիր են «բոլոր միջոցներով» հասնել Դաղստանի հարավային եւ Ադրբեջանի հյուսիսային շրջանների իրենց տարածքներում Լեզգիստանի Հանրապետության ստեղծմանը։ Այդ մասին «ԻՖ-ին» տված հարցազրույցում հայտնել է լեզգի ժողովրդի Ազգային խորհրդի նախագահության նախագահ Մ. Կահրիմանովը։ Նրա խոսքերով, Լեզգիստանի ստեղծման որոշումը, որը 1992 թվականի սեպտեմբերին ընդունվել է լեզգի ժողովրդի երրորդ համագումարի կողմից, «ոչնչացումից պաշտպանվելու եւ իրենց պատմական հողերում գոյատեւելու լեզգիների փորձն էր»։
Ըստ Կահրիմանովի, այդպիսի քաղաքականություն էր վարում Ադրբեջանի ղեկավարությունը՝ լեզգի զինակոչիկներին պատերազմի ուղարկելով Լեռնային Ղարաբաղ եւ լեզգիական հողերը բնակեցնելով թուրք մեսխեթցիներով: Նրա կարծիքով, լեզգիական հարցը պետք է բանակցությունների առարկա դառնա Ռուսաստանի, Ադրբեջանի, Դաղստանի եւ Լեզգիական ազգային շարժման ցուցիչների մասնակցությամբ:
Մինչդեռ Դաղստանի ղեկավարությունը հանդես է գալիս միասնական եւ անբաժան Դաղստանի պահպանման օգտին, անընդունելի է համարում հանրապետության սահմանների ցանկացած փոփոխություն։
Դաղստանի խորհրդարանի փոխնախագահ Մ. Ալիեւը դեկտեմբերի 8-ին «ԻՖ»-ին հայտնել է, որ լեզգիների խնդիրը քննարկվելու է դեկտեմրերին հանրապետության խորհրդարանի նախագահ Մ. Մահոմեդովի Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում: Մ. Ալիեւը նշել է, որ ադրբեջանա-դաղստանյան պայմանագիրը ստորագրելիս՝ Ադրբեջանում եւ Դաղստանում ապրող շուրջ 800 հազար լեզգիների բաժանումը կանխելու նպատակով պետք է հաստատագրվի երկու հանրապետությունների միջեւ սահմանի «թափանցելիությունը»: