«Երկիր», 1992թ., 28 օգոստոսի, 165 (254)
Օգոստոսի 26-ի երեկոյան և 27-ի առավոտյան շարունակել են դիրքային մարտերը Մարտակերտի շրջանի Դրմբոն-Գյուլաթաղ հատվածում՝ Մարտակերտի Քելբաջար ավտոմայրուղու երկայնքով: Թշնամու կողմից կան սպանվածներ և վիրավորներ:
Երեկ մարտունու շրջանում համեմատական հանգիստ էր: Թշնամու ռազմական տեխնիկայի և ուժի կուտակումներ են նկատվել Ֆիզուլու շրջանի Ղաջար գյուղի տարածքում: Օգոստոսի 26-ի երեկոյան հրետակոծվել է Մարտունի քաղաքը: Տուժածների մասին չի հայտնվում: Հրետակոծության են ենթարկել նաև շրջանի սահմանամերձ բնակավայրերը:
Հադրութի և Ասկերանի շրջաններում ռազմական գործողություններ չեն արձանագրվել, սակայն սահմանամերձ գոտում շարունակվում էին հեռահար հրետակոծությունները:
Ստեփանակերտում ևս տագնապալի իրավիճակ է: Ադրբեջանական օդուժը շարունակում է խախտել հանրապետության օդային տարածքը: Մինչև կեսօր մի քանի անգամ հնչել է օդային տագնապի ազդանշան, սակայն ռմբակոծություններ, բարեբախտաբար չեն եղել: