Ազգ, 5 մայիսի, 1994թ., թիվ 83
«Մենք թույլ չենք տա, որ ԱՊՀ անդամ երկրները պատերազմեն միմյանց դեմ». երեկ Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում սկսված ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համաժողովում հայտարարեց Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վլադիմիր Շումեյկոն: Համաժողովը, որի մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի խորհրդարանների ղեկավարները, նվիրված է Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը: Ինչպես հայտնի է, Շումեյկոն մինչ այդ հայտարարել էր նաև, թե Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղին ճանաչել որպես հակամարտության կողմ: Առաջին անգամն է,— ասել էր Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահը,— որ կարողացանք բանակցությունների սեղանի շուրջ բերել երեք խորհրդարանների ղեկավարներին: Սակայն հակառակ Շումեյկոյի լավատեսությանը, բանակցությունների սկզբում լարվածություն առաջացավ այն պատճառով, որ Ադրբեջանը ներկայացնում էր ոչ թե խորհրդարանի նախագահը, այլ փոխնախագահ Աֆիադին Ջալիլովը: Ադրբեջանական կողմը պնդում էր Հայաստանից հաշիվ պահանջել Ղարաբաղի տարածքում նրա գործողությունների համար, մինչդեռ Հայաստանի խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանը անպտուղ համարեց Ադրբեջանի դեկլարատիվ հայտարարությունները, որոնք հաշվի չեն առնում ստեղծված իրողությունները: Օրվա երկրորդ կեսին բանակցությունները շարունակվեցին դռնփակ: Երեկ երեկոյան ռուսական «Վեստի» հեռուստածրագիրը հաղորդեց, թե լավատեղյակ աղբյուրներին հաջողվել է պարզել, որ հետագա քննարկումներում շոշափվել է հրադադարի հարցը և նախատեսվում է ռազմական գործողությունները դադարեցնել մայիսի 9-ից: Ըստ երևույթին, որևէ պայմանագիր կամ համաձայնագիր Բիշքեկում չի կնքվի, քանի որ մինչ այդ Բաբկեն Արարքցյանը հայտարարել էր, թե հանդիպումը օրենսդիր իշխանությունների միջև է միայն և կողմերից ոչ ոք իրավասություն չունի խաղաղության դաշն կնքելու: «Դա կարող են անել միայն երեք պետությունների ղեկավարները»,— ասել էր նա: Երեկ «Վեստին» հաղորդեց նաև, թե մայիսի 6-ին Մոսկվա կժամանի ԵԱՀԽ Մինսկի խմբի նախագահ Յան Էլիասոնը՝ քննարկելու ղարաբաղյան հարցի կարգավորման ռուսական ծրագիրը: