November 27, 2024

Լաչինում վերականգնվել է հավասարակշռությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 6 հոկտեմբերի, 1992թ., թիվ 192 (281)

ԼՂՀ ինքապաշտպանության ուժերին հաջողվել է կայունացնել ռազմական հավասարակշռությունը Լաչինի միջանցքում:

Որոշ աղբյուրներ հայտնում են, որ հոկտեմբերի 4-ին ցերեկվա ընթացքում, ադրբեջանական բանակի կազմավորումները, զրահատեխնիկայի աջակցությամբ, փորձել են մտնել ԼՂՀ-ի Շուշիի շրջանի տարածք, Լիսագորի ուղղությամբ: Սակայն հայ ազատամարտիկները ոչ միայն կասեցրել, այլ նաև ետ են մղել թշնամուն, որը նահանջել է մեծ թվով կորուստներ կրելով և մարտադաշտում թողնելով մեկ խփված տանկ: Հայկական կողմից զոհվել է մեկ և վիրավորվել 7 ազատամարտիկ: Նույն օրը, երեկոյան, ադրբեջանական ՍՈՒ-25 ինքնաթիռը 4 ավիառումբ է նետել մարդասիրական միջանցքի տարածքում:

Ստեփանակերտ հասնող տեղեկությունների համաձայն, հոկտեմբերի լույս 5-ի գիշերը հայերին հաջողվել է գրավել Հադրութի և Լաչինի սահմանագծում գտնվող երկու կարևոր բարձունք: Սակայն միջանցքի մյուս ճակատում իրադրությունը շարունակում է մնալ լարված:

ԼՂՀ ռազմաճակատներում շաբաթ և կիրակի օրերին առանձին փոփոխություններ տեղի չեն ունեցել:

Մարտակերտի շրջանում շարունակում են դիրքային մարտերը Կիչան, Ղազանչի և Սրխավենդ հատվածում: Ադրբեջանական բանակը հեռահար հրետակոծությունների է ենթարկել այս ռազմաճակատի մոտակայքում գտնվող հայկական Վանք, Առաջաձոր, Բադարա, Խնձրիստան և Սեյդիշեն գյուղերը: Քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ:

Մյուս կողմից՝ ադրբեջանական օդուժի և հրետանու նշանառության տակ է մնում հանրապետության մայրաքաղաքը: Շաբաթ, կիրակի և երկուշաբթի օրերին Աղդամի շրջանի տարածքից հրետակոծվել է Ստեփանակերը, որը ենթարկվել է նաև օդային գրոհների: Ռազմական ինքնաթիռներից կասետային ռումբեր են նետվել նաև Շուշի քաղաքի վրա: Վերջին երկու օրվա ընթացքում հրետակոծումների և օդային հարձակումների հետևանքով զոհվել են 10 քաղաքացի, այդ թվում նաև կանայք և երեխաներ:

Հադրութի շրջանը ևս տուժել է հրետակոծություններից: Ֆիզուլու շրջանի տարածքներից «Գրադ» կայանքներից և՛ կիրակի, և՛ երկուշաբթի օրերին հրթիռակոծվել են Հադրութ ավանը և Էդիլլու գյուղը, ուր վիրավորվել է երեք բնակիչ:

Համեմատաբար հանգիստ էր իրավիճակը Մարտունու շրջանում, որտեղ հայերը շարունակում են իրենց հսկողության տակ պահել թշնամուց վնասազերծված հանգրվանները՝ Մուղանլու, Ամիրանլար և Կուրոպատկինո գյուղերը:

Այլ աղբյուրներից հայտնում են, որ հոկտեմբերի 4-ի երեկոյան, ադրբեջանական Ղաջար ռազմակայանից, «Գրադ» կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը: Արձակվել է ավելի քան 80 հրթիռ: Մասնակի կամ հիմնովին ավերվել է 10 բնակելի տուն:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives