«Հայաստանի Հանրապետություն», 22 հուլիսի, 1993թ., 144(748), հինգշաբթի
Հուլիսի 21-ի վաղ առավոտյան ադրբեջանական կազմավորումները Աղդամի կողմից ուժգին հրետակոծության են ենթարկել Ասկերանի շրջանի սահմանամերձ գոտին: Երեքժամյա հրետանային նախապատրաստությունից հետո նրանք զրահատեխնիկայի և օդուժի աջակցությամբ լայնածավալ հարձակում են սկսել Ասկերան շրջկենտրոնի, ինչպես նաև Փարուխ, Ոսկեվազ (Խանաբադ), Նախիջևանիկ և Վարդաձոր (Փրջամալ) գյուղերի ուղղությամբ:
Ղարաբաղի պաշտպանական բանակի շտաբից ստացված վերջին հաղորդման համաձայն, ԼՂՀ ուժերը հետ են մղել հակառակորդի գրոհները, լիովին վերադարձրել առավոտվա մարտերում կորցրած դիրքերը: Մինչդեռ ադրբեջանական լրատվական միջոցները շարունակում են աղմկել իրենց բանակի իբր հաջողությունների մասին:
Նույն աղբյուրից տեղեկացնում են նաև, որ անցած գիշեր զանգվածային հրթիռակոծության են ենթարկվել Մարտակերտ քաղաքը և մերձակա գյուղերը, որի հետևանքով կան զգալի ավերածություններ: