«Երկիր», 17 օգոստոսի, 1993թ.
Վերջին երեք օրերին միջադեպեր են արձանագրվել Մեղրիի շրջանում և մարդասիրական միջանցքի գոտու հարավում: Օգոստոսի 13-ի երեկոյան Ադրբեջանի Զանգելանի և Օրդուբադի շրջանների տարածքից գնդակոծվել են Մեղրու շրջանի սահմանամերձ բնակավայրերը: Տուժածներ չկան:
Օգոստոսի 14-ի և 15-ի գիշերվա ժամերին շարունակվել են հակառակորդի կրակոցները մարդասիրական միջանցքի հարավային պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Օգոստոսի 15-ին ժամը 19-ից մինչև 21-ի սահմանները Օրդուբադի տարածքից հակառակորդը հեռահար հրետանուց կրակ է բացել Նյուվադի գյուղի ուղղությամբ: Միաժամանակ Զանգելանի տարածքից հրթիռակոծվել են Մեղրու շրջանի սահմանամերձ բնակավայրերը: Տուժածներ չկան:
Կապանի շրջանի արևելյան սահմանների ուղղությամբ նկատվում են թշնամու կենդանի ուժի և մարտական տեխնիկայի կուտակումներ:
Օգոստոսի 16-ի առավոտյան ժամը 11-ին Կուբաթլիի շրջանից հրթիռակոծվել են միջանցքի գոտու հարավային պաշտպանական դիրքերը: Կես ժամ անց կրակը դադարել է: Տուժածներ չկան: Սյունիքի հյուսիսային շրջաններում իրավիճակը հանգիստ է: