«Երկիր», 1993թ., 6 մարտի, 41 (382)
Երրորդ օրն է, որ հայ-վրացական սահմանագլխին բանակցություններ են տեղի ունենում երկու պետությունների ներքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների միջեւ։ Ինչպես հայտնի է, Վրաստանի՝ Հայաստանին սահմանակից մասում կտրուկ սրվել է իրավիճակը։ Հաճախակիացել են հայկական ավտոտրանսպորտի միջոցների վրա կատարվող հարձակումները։ Այսպես, մի քանի օր առաջ հարձակում էր կատարվել Հայաստանից Թբիլիսի ուղեւորվող ավտոբուսի վրա։ Վրաստանի ՆԳ նախարարության մամլո կենտրոնի պետ Վալիկո Գոգոլաշվիլին մտահոգություն է հայտնել, որ Վրաստանի սահմանագլխին իրադրությունը կարող է սրվել՝ կապված հայ պատանդներից մեկի դիակի հայտնաբերման հետ։ Գոգոլաշվիլին չի ճշտել՝ արդյուք մահացածը եղել է վերոհիշյալ ավտոբուսի ուղեւոր, թե ոչ։ Նա նշել է նաեւ, որ մարտի 5-ին բանակցություններ վարելու համար Երեւան է ժամանել Վրաստանի ՆԳՆ քրեական ոստիկանության վարչության պետ Դեմուրի Միկաձեն։
«Սնարք»