«Հայաստանի Հանրապետություն», 8 հունվարի, 1992թ., չորեքշաբթի, թիվ 3 (348)
Հունվարի 1-ին Վրաստանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչները Հայաստանի Հանրապետության ղեկավարությանն էին դիմել ընդդիմության ղեկավարության հետ բանակցությունների վարման համար միջնորդելու խնդրանքով: Հունվարի 2-ին համանման խնդրանք էր ստացվել ընդդիմության ներկայացուցիչներից:
Նույն օրը Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը, որի կազմի մեջ էին հանրապետության նախագահի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Աշոտ Մանուչարյանը (պատվիրակության ղեկավար), Հայաստանի Գերագույն խորհրդի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Վարդանյանը, Հայաստանի Գերագույն խորհրդի իրավապահ մարմինների աշխատանքի հանձնաժողովի փոխնախագահ Վահան Շիրխանյանը, Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր Սեմյոն Բաղդասարյանը Թբիլիսի մեկնեց միջնորդական առաքելությունն իրականացնելու համար: Պատվիրակությունը մի շարք հանդիպումներ ունեցավ ընդդիմության ղեկավարների, պաշտոնական իշխանության ներկայացուցիչների հետ, այդ թվում կառավարության ղեկավարության և նախագահ Գամսախուրդիայի հետ: Քննարկված հիմնական հարցերն էին արյունահեղության դադարեցումը և ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղիների որոնումը: Այլ հարցերի թվում քննարկվեց նաև Գամսախուրդիային Հայաստանի տարածքով Վրաստանից անարգել հեռանալու հնարավորություն տրամադրելու տարբերակը:
Հունվարի 3-ի առավոտյան տեղեկություն ստացվեց, որ Զվիադ Գամսախուրդիան ընդունել է այդ առաջարկությունը և մի խումբ կողմնակիցների հետ հեռացել է Թբիլիսիից: