«Երկիր», 13 օգոստոսի, 1992, 154 (243)
– Ի՞նչ արժե մի տուփ «Սալյուտը»։
– 25 մեթ, ախպեր։
Երբ խոսք բացվեց ծխախոտի գների «ինդեքսացիայի» մասին, եւ զանազան մանր ու մեծ ղեկավարներ սկսեցին եթեր դուրս գալ ու բացատրել, որ դա բնակչության ծխող մասին ծխախոտով ապահովելու միակ ճանապարհն է, հասկացանք, որ եկամտի մի հզոր աղբյուր մարդկանց ձեռքից դուրս է պրծել (մեր օրերի չափանիշներով)։ Բայց թե ինչ արազությամբ ու ինչ ճանապարհով այդ առեւտուրն անցավ մաֆիայի ձեռքը, պատկերացնել չէինք կարող։ Հավաստիացրին, որ հասարակ սիգարետների մեկ տուփի (օրինակ, «Սալյուտի») արժեքը 14 ռուբլի է, եւ որ բոլոր խանութներում կարելի է գնել։ Այդ հավաստիացումներից տառացիորեն մի քանի օր հետո խանութներից, կարծես մոգական փայտիկի հարվածով, վերացան բոլոր հայկական ծխախոտները։ Դրան անմիջապես հաջորդեց սեղանիկների վրա վաճառվող արտասահմանյան ծխախոտների գների բարձրացումը։ Վերջապես հասկացանք՝ խանութներում համեմատաբար մատչելի գներով դրված հայկական ծխախոտների առկայությունը հարվածում էր «շուկայական» հարաբերություններին։ Ուրեմն, դրանք պետք էր դուրս բերել խանութից եւ դնել սեղաններին։ Ինչը եւ անհապաղ կատարվեց։ Հիմա դրանք կրկնապատկված գներով վաճառվում են ամենուրեք, մանրավաճառները պետական գների վրա խնդալով՝ թալանում են մարդկանց։
Քաղխորհրդի նախագահը հեռուստատեսությամբ քափ ու քրտինք կտրած համոզում էր, որ սեղանիկներին վաճառվող ապրանքատեսակները «գործարար» մարդիկ բերում են դրսից։ Հիմա հարց տանք պրն քաղաքագլխին, «Հայկական ծխախոտները ԱՊՀ-ի ո՞ր երկրից են բերվում, եւ եթե ծխախոտի ֆաբրիկայի արտադրանքը, խանութը շրջանցելով, հայտնվում է սեղաններին, երեւույթն ի՞նչ է կոչվում»։ Սպեկուլյացիայի դեմ, եթե չեմ սխալվում, պատրաստվում էիք պայքարել։ Ծիծա՜ղ է, ծիծա՜ղ։ Ոչ մեկին չեմ մեղադրում։ Քաղաքագլուխն ու ծխախոտի ֆաբրիկայի տերերը 88-ից այս կողմ ե՞րբ են հայկական ծխախոտ ծխել, որ գին-բան իմանան…
Ա.Ղազարյան