Յառաջ, 13 մայիսի, 1920թ., թիվ 98
Ժամանակավոր օրենք Արտակարգ դատարանի և նրա դատին ենթակա գործերի մասին
1. Հայաստանի կառավարության որոշած վայրերում հիմնվում են չորս Արտակարգ դատարաններ։
2. Արտակարգ Դատարանի դատին ենթակա են ստորև հիշված հանցագործները
Ա. Ով Հայաստանի Հանրապետության դեմ պետական դավաճանություն կանի.
Բ. Ով կմասնակցի գոյություն ունեցող իշխանության դեմ ակնհայտնի ապստամբության
Գ. Ով հրապարակավ կամ ոչ հրապարակավ կգրգռե զինվորներին չկատարելու իրենց զինվորական պարտականությունները
Դ. Ով դիտավորյալ կոչնչացնի և կփչացնի հեռագրաթելը կամ երկաթուղին, եթե նույնիսկ չարագործի գործունեությունը կատարված լինի գնացքի ճանապարհորդներին կամ տեղափոխվող գույքին վնաս հասցնելու ոչ ուղղակի մտադրությամբ
3. Վերոհիշյալ բոլոր հանցանքների համար դատապարտվածները ենթարկվում են մահվան պատժի։
4. Ով որ ագիտացիա մղե Հայաստանի Հանրապետության անկախության դեմ կամ հանդուգն անարգանք ցույց տա գոյություն ունեցող պետական իշխանության վերաբերմամբ կամ պարսավի գոյություն ունեցող կառավարության եղանակը՝ հրապարակավ ճառ ասելով կամ որևէ շարադրություն կարդալով կամ տարածելով՝ նա կենթարկվի տաժանակիր աշխատանքների 4-ից մինչև 6 տարի։
5. Ով որ հրապարակավ ասի որևէ ճառ կամ կարդա կամ տարածի որևէ շարադրություն որոնք գրգռում են։
Ա. Ապստամբության կամ դավաճանության արարքներ կատարելու։
Բ. Պետության մեջ գոյություն ունեցող հասարակական կազմը հեղաշրջելու։
Գ. Օրենքի կամ պարտադիր որոշումներին կամ իշխանության զինական կարգադրությանն չհնազանդվելու կամ հակառակ գործելու։
Նա կենթարկվի ցմահ տաժանակիր աշխատանքի։
6. Ով որ գրգռի ուրիշներին այնպիսի եղանակով գործելու, որ վտանգավոր է շատերի կյանքի համար, եթե այդ գրգռումի հետևանքը լինի ոճրագործություն.
Նա կենթարկվի մահապատժի։
7. Ով որ կթաքցնի ապրանքները արհեստականորեն բարձրացնելու համար գները կամ կծախի ապրանքները չափազանց բարձր գներով — նա կենթարկվի մեկ տարվա բանտարկությունից մինչև մահվան պատժի կամ 100000 ռուբ. տուգանքից մինչև ամբողջ գույքի գրավման հօգուտ պետական գանձարանի։
Ծանոթություն.— Հանցանքը սաստկացնող հանգամանք պետք է համարել օրինակ ա) եթե նա կատարվում է առաջնակարգ անհրաժեշտություն ներկայացնող ապրանքների վերաբերմամբ, բ) եթե սույն հանցանքը կատարելու համար եղել է կաշառատվություն, գ) եթե հանցագործը պետական կամ հասարակական պաշտոնյա է։
8. Ով որ առանց կառավարության թույլտվության գաղտնի կամ խաբեությամբ ապրանքներ կարտահանի պետության սահմաններից.
Նա կենթարկվի մեկ տարվա բանտարկությունից մինչև մահվան պատժի կամ հարյուր հազար ռուբլու տուգանքից մինչև ամբողջ գույքի գրավման՝ հօգուտ պետական գանձարանի։
9. Արտակարգ դատարանի ատյանը կազմվում է մի նախագահից և երկու անդամներից, որոնց նշանակում է մինիստրների խորհուրդը։
10. Արտակարգ Դատարանին կից պաշտոնավարում են մի պետական մեղադիր և նրա օգնականը նույնպես և երկու քննիչներ, որոնց բոլորին նշանակում է մինիստրների խորհուրդը։
11. Քննիչը միլիցիայի պատշաճավոր մարմիններից հետաքննություն ստանալուց հետո կատարում է անհրաժեշտ քննական գործողությունները, որոշում է կայացնում մեղադրական ակտի ձևով այդ որոշմանը կցելով այն անձերի ցուցակը՝ որոնք պետք է իբրև վկաներ կանչվեն արտակարգ դատարանի նիստին և այդ գործը արտակարգ դատարանին է ուղարկում ոչ ուշ քան 24 ժամ գործն իր մոտ մտնելուց հետո։
12. Գործը արտակարգ դատարան մտնելուց հետո նրան հետագա ուղղությունը տրվում է պատերազմական ժամանակի զինվորական դատարանի կանոնագրքի 4 հատվածի մեջ բացատրված կանոններով։
13. Դատելիին իրավունք է տրվում իր համար պաշտպան ընտրել այնպիսի անձերից, որոնք իրավունք ունին պաշտպան լինելու։ Դատարանը կարող է դատելիի ցանկությամբ պաշտպան նշանակել նրա համար։
14. Արտակարգ դատարանը իր վճիռը դնում է ոչ ուշ քան 24 ժամ գործի քննարկության օրից սկսած, հակառակ դեպքում երբ դատարանը գտնում է որ գործը լրացման կարիք ունի, այն ժամանակ նա գործը հետաձգում է ոչ ավելի քան երկու օր ժամանակով, լրացուցիչ վկաներ կանելու համար կամ ուղարկում է լրացուցիչ քննության։
Ծանոթություն.— 1. Արտակարգ Դատարանի դատին չենթակա գործերն ուղղություն են ստանում ընդհանուր դատական կարգով։
Ծանոթություն.— 2. Արտակարգ դատարանը իրավունք ունի այս կամ այն գործը հանձնել զինվորական կամ շրջանային դատարանին։
15. Եթե մեղադրյալը բռնված է հանցագործության վայրում, որը ակնհայտնի է, այդ դեպքում գործավարությունը հետևյալ կարգով է կատարվում։
Ա. Միլիցիան անհապաղ կազմում է ոստիկանական քննության ակտը, որը մեղադրյալի հետ ուղարկվում է արտակարգ դատարանի պետական մեղադրին։
Բ. Երբ ոստիկանական քննության ակտը և մեղադրյալը հանձնված են պետական մեղադրին, վերջինս կամ անմիջապես կազմում է մեղադրական ակտը և գործը ուղղում արտակարգ դատարան կամ հանձնում է քննիչին՝ նախնական քննություն կատարելու համար։
Գ. Արտակարգ դատարանը պարտավոր է նույն օրը ևեթ դատավճիռ կայացնել։
16. Քննիչների որոշումները արտակարգ դատարանի դատին ենթակա գործերը կարճելու, դադարեցնելու մասին վերջնականորեն վճռվում են արտակարգ դատարանի տնօրինական նիստում։
17. Արտակարգ Դատարանի դատավճիռը չի պատճառաբանվում, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
18. Արտակարգ Դատարանի դատավճիռն անհապաղ ի կատար է ածվում ընդհանուր կարգով։
19. Այս օրենքն ուժի մեջ է մտնում ընդունված օրից։
Նախարարապետ՝ Հ. Օհանջանյան,
Գործերի կառավարիչ՝ Գ. Խոջամիրյան
Սույն օրենքը հաստատված է նախարարների խորհրդի մայիսի 8-ի նիստում