«Երկիր», 20 օգոստոսի, 1993թ., թիվ 157 (498)
«Տարածաշրջանում խաղաղություն, կայունություն եւ համագործակցություն անհնար կլինի հաստատել ուժի, ագրեսիայի ու բռնազավթման ճանապարհով»,– հայտարարել է Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլլերը։ Նա կոչ է արել Հայաստանին շեշտակիորեն փոխել դիրքորոշումը։ Հակառակ դեպքում, նրա խոսքերով, Հայաստանը պատասխանատվություն կկրի իր որդեգրած ագրեսիվ կուրսի եւ դրա հետեւանքների համար։
Նա ասել է. «Հայաստանի նախաձեռնած զինված ներխուժումը ինքնիշխան Ադրբեջան աղաղակող հակասության մեջ է մտնում միջազգային իրավունքի եւ հումանիզմի հասկացությունների հետ։ Դա հակադրում է Հայաստանը ողջ համաշխարհային հանրությանը»։ Թ.Չիլլերը դիմել է ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ Անկարայում գտնվող պատվիրակությանը՝ խնդրելով, որ ԱՄՆ-ը ներազդի Հայաստանի վրա։ «Թուրքիան վճռականորեն կգործի այդ անդրկովկասյան հանրապետության ագրեսիային վերջ դնելու համար»,- ասել է նա։
«Հայլուր»