«Երկիր», 1993թ., 11 մարտի, 44 (385)
– Ես լիովին բավարարված եմ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի հետ ունեցած զրույցների արդյունքներով, – Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հիքմեթ Չեթինը։ Մոտ երկու ժամ տեւած հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղիները։
Չեթինը նշել է, որ հիմնահարցի քաղաքական լուծման ուղղությամբ Թուրքիայի ձեռնարկած քայլերը ԵԱՀԽ-ի ջանքերի այլընտրանքը չեն, այլ ընդհակառակը՝ Անկարայի քաղաքականությունը հարկ է դիտել օժանդակություն Հռոմի բանակցությունների գործընթացին։ Չեթինի խոսքերով, ներկայումս գլխավորը կրակի դադարեցումն է, առանց որի հնարավոր չէ անցնել հաջորդ փուլին՝ հակամարտության գոտում միջազգային դիտորդներ տեղավորելուն։ Չեթինը լրագրողին ասել է, որ իր՝ Մոսկվա կատարած մեկօրյա այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու երկրների փորձագետները մշակեն հրադադարի ծրագիր, իսկ այնուհետեւ Չեթինն ու Կոզիրեւը դրանով կժամանեն Բաքու եւ Երեւան։ Չեթինի խոսքերով, «Ռուսաստանն ու Մոսկվան հանդես կգան պետությունների սահմանների բռնի փոփոխման, ինչպես նաեւ պատերազմական գոտիներում էթնիկական մաքրումների դեմ»։
Այն հարցին, թե որքանով է անկեղծ Ռուսաստանի դիրքորոշումը, երբ նրա զորքերը Ղարաբաղում կռվում են հայերի կողմից, Չեթինն ասել է, որ Կոզիրեւը հասկանում է Ղարաբաղում տեղի ունեցողի վտանգավորությունը եւ դժվար է նրա անկեղծությանը կասկածել։ Դրա հետ մեկտեղ, կան հակամարտության հետագա ծավալման շահագրգիռ ուժեր։ Չեթինը նշել է, որ Ադրբեջանի նախագահը համաձայնել է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը պետք է համապատասխանի իր դաշնակիցների եւ համաշխարհային հասարակայնության առաջ նրա ունեցած պարտականություններին։ Դրա հետ կապված, պաշտոնական Բաքուն «ըմբռնումով է մոտեցել իր տարածքով Հայաստան առաքվող մարդասիրական բեռները փոխադրելու Թուրքիայի պատրաստակամությանը»։
Միաժամանակ Չեթինը նշել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը եղբայրական երկրներ են, եւ Թուրքիան երբեք չի վարի Ադրբեջանի շահերին վնասող քաղաքականություն։
Ադրբեջանի ԱԳ նախարար Թ. Ղասիմովը հաստատել է Հ. Չեթինի խոսքերը եւ հայտարարել. «Մենք չպետք է դեմ լինենք մարդասիրական օգնությանը, որը նախատեսված է պատերազմից առաջինը տուժող խաղաղ բնակչության համար»։ Ղասիմովը հայտնել է նաեւ, որ ներկայումս լուծվում են դիտորդների տեղափոխմանն առնչվող տեխնիկական հարցերը։