November 27, 2024

Թուրքիան լրջորեն մտահոգված է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 3 սեպտեմբերի, 1993թ., թիվ 167(508), ուրբաթ

Թուրքիայի նախարարների խորհրդի նիստը երեկ քննարկել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հարցը: Նիստում հայտարարվել է, որ հայերի հարձակումների ուժեղացման և Իրանի զինվորական միջամտության պատճառով ամբողջ տարաշածրջանը վտանգի է ենթարկվել:

Իշխանության ներկայացուցիչ Յլդըրմ Աքթունայը հայտնել է, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է իրադարձությունների զարգացմանը և անհրաժեշտ զգուշացումներ է արել համապատասխան երկրներին: Աքթունայը իր երկրի իշխանության մտավախությունն է հայտնել Իրանի վերջին կեցվածքի առիթով, որը Զանգելանի շրջանի հարևանությամբ մեծ թվով զինվորներ է կուտակել՝ ապահովելու իր երկրի սահմանները և օգնելու ազերիներին: Աքթունայն ասել է. «Տարածաշրջանում խաղաղության ապահովումն այստեղի երկրների պարտականությունն է: Դրա վտանգումը կվնասի բոլորին և ուրեմն անհրաժեշտ է համաձայնության գալ:

Իրանի վերջին գործողությունների մասին սպառիչ լրատվություն չունենք, սակայն ստույգ գիտենք, որ այս երկրի իշխանությունն իր տարածքի սահմանամերձ գոտում 20 կիլոմետրանոց պաշտպանական շերտ է ստեղծել՝ թույլ չտալու ազերիներին անցնել Իրանի սահմանը: Եթե այստեղ հարևան երկրների միջև պատերազմ ծագի, Թուրքիան չի կարող հեռվից դիտողի դերում լինել: Ըստ անհրաժեշտության, մենք կճշտենք մեր դիրքորոշումը»:

Դեմիրելն իր հերթին Չանքայա պալատում ժողով է գումարել՝ Ադրբեջանի հարցը քննելու համար: Ժողովին մասնակցել են վարչապետ Թանսու Չիլլերը, արտգործնախարար Հիքմեթ Չեթինը, ներքին գործոց նախարար Սավճիօղլուն և զինվորական հրամանատարներ: Հանդիպման մանրամասները տակավին հայտնի չեն:

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives