«Երկիր», 1993թ., 3 մարտի, 36 (379)
Թուրքիան Վրաստանին 14մլն 624 հազար 980 դոլարի հումանիտար օգնություն է ցույց տվել։ Ինչպես փետրվարի 26-ին Վրաստանում Թուրքիայի դեսպանատանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է թուրքական դեսպանության կցորդ Բախիր Օզդեմիրը, 13 միլիոնով գնվել է 50 հազար տոննա ցորեն, իսկ մնացածով՝ դեղորայք եւ սննդամթերք։
Բացի այդ, թուրքական կառավարությունը լրացուցիչ 660 հազար դոլար է հատկացրել Սամաչաբլո երկրատարածքի (Ցխինվալի շրջան) համար, որով սննդամթերք ու դեղորայք է գնվել։ Աբխազիայի համար տրամադրվել է ավելի քան 620, իսկ Աջարիայի համար ավելի քան 151 հազար դոլար:
Կցորդի խոսքերով, թուրքական կողմը մտահոգված է բեռների վրա հնարավոր հարձակումներով, ինչը տեղ է գտել Վրաստանում, հատկապես Կրասնի Մոստի շրջանում (Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանագլուխ)։ Անդրադառնալով երկու երկրների համագործակցության մյուս կողմերին՝ Բ. Օզդեմիրը հայտնել է, որ քննարկվում է Ստամբուլի համալսարանում քարթվելոլոգիայի ֆակուլտետ բացելու հարցը։