November 27, 2024
  • Homepage
  • >
  • Uncategorized
  • >
  • Թուրքական ինքնաթիռը խախտել է Հայաստանի սահմանը

Թուրքական ինքնաթիռը խախտել է Հայաստանի սահմանը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

Ազգ, 8 սեպտեմբերի, 1992թ., թիվ 83(175)

ՀՀ արտգործնախարարությունը բողոքի նոտա է ուղարկել Թուրքիային

Սեպտեմբերի 6-ին, ժամը 19:40-ին Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը հատեց թուրքական ՌՕՈՒ ինքնաթիռը և «Զվարթնոց» օդանավակայանի դիսպետչերից թույլտվություն խնդրեց վայրէջք կատարել: Դիսպետչերի հարցմանը, թե ինչ թույլատրող փաստաթղթեր և ինչ նպատակով է նշված ինքնաթիռը մուտք գործել Հայաստան, անձնակազմը պատասխանել է, որ ինքնաթիռում են գտնվում ԻԿԱՕ-ի ներկայացուցիչներ և թուրքական տեսուչների խումբ, որոնք ծրագրում են Հայաստանում տեսչություն անցկացնել Եվրոպայում սովորական սպառազինության պայմանագրի դրույթների համաձայն և ունեն մշտական դիվանագիտական թույլտվություն:

Սակայն ինքնաթիռի անձնակազմը Հայաստանի իշխանությունների կողմից նախօրոք պաշտոնական թույլտվություն չի ստացել: Երեք անգամ գոտի մտնելու փորձից և «Զվարթնոցի» դիսպետչերից թույլտվություն չստանալուց հետո, ինքնաթիռը ժամը 20:53-ին շրջվել և հանրապետության պետական սահմանից հեռացել է անհայտ ուղղությամբ:

Այդ առթիվ երեկ Հայաստանի փոխարտգործնախարար Գեորգի Ղազինյանի մամուլի ասուլիսում հայտարարվեց, որ Հայաստանի օդային տարածք մուտք գործելու փորձը, առանց հանրապետության պաշտոնական իշխանություններին որևէ ծանոթացման, միջազգային պայմանագրերի և պարտավորությունների կոպիտ խախտում է:

Այդ պատճառով էլ Հայաստանի արտգործնախարարությունը վճռական բողոք է հայտարարել Թուրքիայի արտգործնախարարությանը և կոչ է արել նման կոպիտ խախտումներ թույլ չտալ:

Հարց է առաջանում, արդյոք կոլեկտիվ անվտանգության պայմանագրի համաձայն, ԱՊՀ երկրներն իրենց օդային տարածքը ներխուժած ինքնաթիռի առթիվ նույնպես բողոք չպետք է ուղարկեն: Պրն. Փոխարտգործնախարարը հավաստիացրեց, թե այդ մասին տեղեկացրել են բոլոր դաշնակից պետություններին և սպասում են պատասխանի: Մյուս կողմից, պարզվեց, որ մեր արտգործնախարարությունն անգամ տեղյակ չէ, թե դա ինչ օդանավ է եղել. ռազմակա՞ն, թե մարդատար, կամ գուցե ռազմատրանսպորտային: Կասկած է հարուցում նաև այն փաստը, թե ինչ ընդհանուր կապ կա սովորական սպառազինությունների տեսչության և ԻԿԱՕ-ի ներկայացուցիչների միջև: Անհայտ է նաև, թե այդ ինքնաթիռի մեջ իրոք նման մարդիկ եղել են, թե ոչ:

Բացի դրանից, անհասկանալի է, թե տեսչական աշխատանք որտեղ պետք է կատարվեր՝ Հայաստանի զինված ուժերո՞ւմ, թե ռուսական 7-րդ բանակում: Ի դեպ, ինչպես նշեց փոխարտգործնախարարը, զինվորական մարմիններին նույնպես տեղյակ չի պահվել այդ տեսչության ժամկետների մասին:

Հ. Ա.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives