«Հայաստանի Հանրապետություն», 10 հունվարի, 1992թ., ուրբաթ, թիվ 5 (350)
Հունվարի 9-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունեց միջազգային դրամական ֆոնդի պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել կազմակերպության պատասխանատու ներկայացուցիչ Դոունել Դոնովանի գլխավորությամբ:
Նշելով, որ քաղաքական իրադրության փոփոխման շնորհիվ միջազգային դրամական ֆոնդին Հայաստանի անդամագրությունը, որ դեռևս մեկ տարի առաջ գրեթե անիրականանալի էր թվում, հնարավորություններ է ընձեռում սերտորեն համագործակցել այդ հեղինակավոր և ազդեցիկ միջազգային կազմակերպության հետ, Լևոն Տեր-Պետրոսյանը վստահեցրեց, որ երկշաբաթյա ժամկետով Հայաստանում գտնվող ֆոնդի փորձագետների համար կապահովվեն բոլոր պայմանները` իրենց հետաքրքրող հարցերին մանրամասն ծանոթանալու, հանրապետության տնտեսական վիճակը, ֆինանսական և բանկային համակարգերի գործունեությունը հանգամանորեն ուսումնասիրելու համար:
Պարոն Դոնովանը ևս շեշտելով նախկին Խորհրդային Միության հանրապետություններում, ներկայումս Համագործակցության անդամ անկախ պետություններում տեղի ունեցող դրական տեղաշարժերի պայմաններում Արևմուտքի կողմից նկատվող հետաքրքրությունը, տեղեկացրեց, որ միջազգային դրամական ֆոնդի կառուցվածքում նախատեսվում է հիմնել հանրապետությունների հետ տնտեսական հարաբերությունների ձևավորմամբ զբաղվող նոր հաստատություն:
Անդրադառնալով պատվիրակության այցելության բուն նպատակներին, նա նշեց, որ փորձագետների խնդիրն է ուսումնասիրել նախատեսվող օգնության հնարավոր ձևերն ու ուղղությունները և համապատասխան առաջարկներ ներկայացնել ֆոնդի վարչության քննարկմանը:
Միջազգային դրամական ֆոնդի, ինչպես նաև համանման այլ կազմակերպությունների նախաձեռնությունների արդյունավետության տեսակետից պատվիրակության ղեկավարը կարևորեց տնտեսական հստակ ծրագրի համատեղ մշակումը, հավաստիացնելով, որ մինչ այդ օպերատիվ օժանդակության նկատառումներով որոշակի միջոցներ կուղղեն հրատապ կարգավորում պահանջող 2-3 ոլորտներ: Ընդգծվեց նաև տնտեսական և քաղաքական հիմնահարցերի փոխկապակցվածությունը, մասնավորապես այն հանգամանքը, որ հիշյալ տնտեսական ծրագրի շուտափույթ նախապատրաստմանը մեծապես խոչընդոտում են գազատարի և երկաթուղու տևական շրջափակումները` ավելի խորացնելով տնտեսական ճգնաժամը և խափանելով արդյունաբերության գործունեությունը:
Հյուրերի խնդրանքով ներկայացնելով տնտեսական բարեփոխումների ընթացքի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ հետագայում ևս կարվի հնարավորը` Համագործակցության անդամ երկրների հետ ընդհանուր տնտեսական տարածքում համընթաց քայլելու, փոխհամաձայնեցված ր փոխշահավետ միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ, բայց և ակնհայտ է, որ որպես անկախ պետություն Հայաստանը պետք է ձգտի ինքնուրույնաբար ստեղծել սեփական ենթակառուցվածքները և համարժեք քայլեր ձեռնարկի այն դեպքում, եթե ընդհանուր գործընթացները բացասաբար անդրադառնան հանրապետությունում բարեփոխումների տեմպերի վրա:
Բացի այդ, շարունակեց նախագահը, ներկայումս նպատակահարմար չէ քաղաքականության, տնտեսության և համագործակցության այլ ոլորտներում առաջադրվել միայն ավանդական կապերով, դրանց կողքին չտեսնելով հարևան մյուս պետությունների հետ բնականոն հարաբերությունների հեռանկարը` սևծովյան շուկայի ստեղծման Թուրքիայի նախաձեռնության, Իրանի և մերձավորարևելյան երկրների հետ առևտրատնտեսական կապերի շահավետությունը: Հանդիպմանը, որի ընթացքում շոշափվեցին փոխգործունեության առաջնային ուղղություններին առնչվող մի շարք այլ հարցեր, ներկա էին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Հրանտ Բագրատյանը, պաշտոնական այլ անձինքն:
(ԳԽ մամուլի կենտրոն)