«Ազգ», օգոստոսի 3, երեքշաբթի, 1993թ.
Աբուլֆազ Էլչիբեյը ՄԱԿ-ին շնորհակալություն է հայտնել Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունման համար: Օգոստոսի 1-ին Բուտրոս Ղալիին ուղարկած նամակում նախագահն ընդգծում է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը Ադրբեջանում և Հայաստանում ժողովրդավարացման և շուկայացման կասեցման գլխավոր գործոնն է: Էլչիբեյը հավաստել է Ադրբեջանի վճռականությունը կարգավորելու հակամարտությունը ՄԱԿ-ի և ԵԱՀԽ-ի սկզբունքների հիման վրա: Նույն օրը նա նամակ է ուղարկել Բիլ Քլինթոնին, շնորհակալություն հայտնելով «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայերի հերթական ագրեսիայի հարցի քննարկման ժամանակ Վաշինգտոնի բռնված սկզբունքային դիրքի համար»: Էլչիբեյի կարծիքով հակամարտությունը ձգձգվում է այն պատճառով, որ մինչև օրս ագրեսորը իր անունով չի կոչվել և նրա նկատմամբ միջազգային ընկերակցության պատժամիջոցներ չեն ձեռնարկվել: