«Մշակ», 10 օգոստոսի, 1918թ., թիվ 157
Հայաստանի Խորհրդի բացման առթիվ օգոստոսի 1-ին տեղի ունեցավ զորահանդես: Զորքը զինվորական կարգով երկշարք կանգնած էր քաղաքային ակումբի շենքի առջև, ուր բացվում էր Խորհրդի ա. նիստը: Նիստի փակումից հետո գեն. Նազարբեկյանը, Խորհրդի նախագահ Քաջազնունու, գերման, թուրք ու ավստրիացի զինվորական ներկայացուցիչների և այլոց հետ ընդունեց զորահանդեսը: Այնուհետև զինվորական երաժշտախմբերի նվագով ու զինվորական երթով զորքը անցավ Աստաֆյան փողոցով դեպի Տեր-Ղուկասյան փողոցը շրջան կատարելով ու այնտեղից ուղևորվեց դեպի զորանոցները: