Աշխատանք, 7 օգոստոսի, 1919թ., թիվ 53
Ռազմագիտական որոշ նկատառումներով, մեր բանակի բարձր հրամանատարությունը անհրաժեշտ գտավ պարպել Դավալու գյուղը։ Պարպումը կատարված է առանց որևէ ճնշման թշնամու կողմից։ Կառավարության ձեռք առած միջոցներով տեղական ազգաբնակությանը հնարավորություն է տրվել իր ամբողջ ունեցվածքով տեղափոխվել առժամանակ Ղամարլուի շրջանը։
Օգոստոսի 2-ի առավոտյան ժամը 9։ Բոյուք-Վեդիի շրջանում։ Թաթարները մոտավորապես 400 հոգի հարձակում գործեցին Բոյուք-Վեդիի կողմից մեր կենտրոնական զորամասերի վրա։ Սկզբում այդ զորասյունը ձախ թևի վրա հետ մղեցին դեպի Թանթան գյուղը։ Բայց երբ մեր պահեստը մոտեցավ, մենք հարձակման դիմեցինք և վերականգնեցինք մեր նախկին դրությունը։ Նույն միջոցում մեր ձախ զորախումբը հարձակման դիմեց և բոլորովին մոտեցավ Բոյուք-Վեդի գյուղին։
– Օգոստոսի 2-ին, լուսադեմին մոտ 100 զինված ձիավոր և հետևակ թաթարներ Ալի Մամեդի և Խորվիրապի մեջտեղում փորձեցին Արաքսից անցնել դեպի մեր կողմը, բայց հետ շպրտվեցին։
Երևան, 4 օգոստոսի — օգոստոս 3-ի առավոտ, ժամը 9-ին.— Օգոստոս 2-ին 300-ի չափ զինված թաթարներ անցան Արաքսը, գրավեցին Շիդլու ու Խալիսա գյուղերը և շարունակեցին առաջանալ դեպի Դավալու։ Ուղարկված ուժերը Խալիսա գյուղը հետ գրավեցին և թաթարները հետ շպրտվեցին ջրանցքից դենը։