November 27, 2024

Զինադադարի քաղաքական ծալքերը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 22 հոկտեմբերի, 1992թ., թիվ 191 (280)

Ադրբեջանի հետ Հայաստանի և ԼՂՀ սահմանագծում սեպտեմբերի 26-ից զինադադար հաստատելու վերաբերյալ Սոչիում ձեռք բերված համաձայնությունը ըստ էության չի գործում: Արդյո՞ք այս պայմանագիրը զուտ ռազմատեխնիկական էր, ինչպես պնդում են Հայաստանի իշխանությունները: Եվ ի՞նչ քաղաքական նշանակություն կարող է ունենալ այն հակամարտ կողմերի համար: Այս հարցերի պարզաբանման խնդրանքով մեր թղթակիցը դիմեց ՀՀ ԳԽ Արցախի հանձնախմբի նախագահ Սեյրան Բաղդասարյանին և քարտուղար Սուրեն Զոլյանին:

Սեյրան Բաղդասարյան. Իմ կարծիքով, զինադադարն այսօր անհրաժեշտություն էր: Թե՛ Հայաստանի սահմանամերձ շրջաններում և թե՛ Ղարաբաղում ռազմական բախումներն այնքան են խորացել, որ ձեռք են բերել լայնածավալ պատերազմական գործողությունների բնույթ: Չունենալով պատերազմական անհրաժեշտ պատրաստվածություն՝ Հայաստանը և Ղարաբաղը բնականաբար ձգտում են զինադադար հաստատելուն: Ըստ էության, նույն վիճակում է Ադրբեջանը: Բայց երկու բան չպետք է շփոթենք. խնդիրն այն է, որ զինադադարը կարելի է  մեկնաբանել և՛ որպես ռազմատեխնիկական միջոցառում, և՛ որպես քաղաքականություն:

Զինադադարը որպես քաղաքականություն դիտելիս պետք է պարզել մի կարևոր հանգամանք: Հայաստանը ի՞նչ քաղաքական գին պետք է վճարի այդ զինադադարը կայուն պահելու և դրանից անհրաժեշտ քաղաքական արդյունքներ ստանալու համար: Սոչիում կնքված համաձայնագրի մեջ կան կետեր, հատկապես երկրորդը, որը լիովին հակասում է Հայաստանի մինչև այսօր վարած քաղաքականությանը: Բանն այն է, որ Հայաստանը միջազգային բոլոր ատյաններում միշտ էլ հայտարարել է, որ ինքը Ադրբեջանի հետ պատերազմող կողմ չէ, որ հակամարտությունը, այդ թվում ռազմական, ընթանում է ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև: Մինչդեռ Սոչիի համաձայնագրով Հայաստանի պաշտպանության նախարարը փաստորեն ընդունում է, որ Հայաստանին ենթակա ռազմական միավորումներն են պատերազմական գործողություններ ծավալում Ղարաբաղում: Բացի այդ, Սոչիի պայմանագրին հետևող արձանագրությունները, որոնք կնքվեցին Մոսկվայում (Հայաստանի կողմից պայմանագիրը կնքվել է  գեներալ-լեյտենանտ Տեր-Գրիգորյանը) ավելի հիմնավորեցին այն տեսակետները, թե Ղարաբաղում կռվում են Հայաստանի ռազմական միավորները և Հայաստանի՝ հանձին իր պաշտպանության նախարարության, պարտականություններ է վերցնում Լեռնային Ղարաբաղում կռվող զորքերի գործողությունների համար: Այդ արձանագրությունները, որպես խաղաղության ճանապարհին ընկած ռազմատեխնիկական միջոցառումներ, ինձ համար ընդունելի են: Բայց այդ զինադադարից բխող քաղաքական հետևանքները, ավելի ճիշտ՝ զինադադարն արձանագրող փաստաթղթերի ձևակերպումները, ինձ համար մերժելի են ու բացասական: Կրկնում եմ՝ համաձայնագիրը հիմնովին հակասում է մինչ այսօր Հայաստանի վարած քաղաքականությանը:

Նախկին բոլոր հանդիպումների ժամանակ, երբ քննարկում էին ղարաբաղյան հակամարտության հարցերը Հռոմ, Ալմա Աթա, Մոսկվա, ՄԱԿ Հայաստանը միշտ պնդել է, որ ինքը հակամարտող կողմ չի: Մինչդեռ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, գեներալ  Տեր-Գրիգորյանի գլխավորությամբ, որը Հայաստանի զինված ուժերի հրամանատարն է, ստորագրում է մի համաձայնագիր, որը ինչքան էլ անվանենք ռազմատեխնիկական, փաստորեն ունի անընդունելի քաղաքական բնույթ, քանի որ Տեր-Գրիգորյանը ստորագրում է մի համաձայնագիր, ուր ոչ մի խոսք չկա Լեռնային Ղարաբաղի պաշտպանական ուժերի համաձայնության մասին: Ի տարբերություն մեր այս դիրքորոշման, Ադրբեջանն համաձայնագրին կցել է իր հատուկ կարծիքը՝ զարգացնելով իր քաղաքական  տեսակետները:

Կարծում եմ, որ այս համաձայնագիրը զինադադարի տեսակետից ընդունելի է, բայց նրանում առկա ձևակերպումները և դրանցից բխող քաղաքական գնահատականները խիստ անհեռատես ու վտանգավոր են Հայաստանի համար: Ես պարտավոր եմ այս ամենի մասին ասել, որպեսզի նման գործելակերպը հետագայում չդառնա տիրապետող քաղաքական տեսակետ և կուրս: Վերջին հաշվով, չի կարելի միայն զինվորականին հանձնարարել նման համաձայնագրերի կնքումը և որպես արդարացում պնդել, թե դրանք ունեն զուտ ռազմատեխնիկական բնույթ: Երբ խոսքը վերաբերում է երկու պետությունների փոխհարաբերություններին, չկան զուտ ռազմական փաստաթղթեր: Նման միջպետական համաձայնագրերն ունեն քաղաքական նշանակություն և քաղաքագետների գործն են: Եթե անգամ համաձայնագրերն ունեն ռազմատեխնիկական նշանակություն, միևնույն է, քաղաքական գործիչների մասնակցությունը խիստ անհրաժեշտ է: Մինչդեռ Հայաստանում այս սխալն առաջին անգամ չէ, որ կրկնվում է: ԵՎ կարծում եմ, որ մոտակա շաբաթների ընթացքում  մենք կզգանք այդ փաստաթղթի քաղաքական վնասակար հետևանքները: Այնպես որ, ընդունելով զինադադարի անհրաժեշտությունը, կարծում եմ, բովանդակային իմաստով այն հակասում է Հայաստանի նախկին քաղական կուրսին:

Եվ դա ընդունում են բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ առնչվում են Արցախի հիմնահարցին:

Բոլորովին էլ պատահական չէ, որ պաշտոնական Ադրբեջանը այս համաձայնագիրը գնահատում է, որպես ԵԱՀԽ-ի շրջանակներում հակամարտության կարգավորման հերթական քայլ: Փաստորեն Ադրբեջանը օգտագործելով մեր անհեռատես մոտեցումը, ռազմատեխնիկական համաձայնագրին տվեց իրեն անհրաժեշտ քաղաքական մեկնաբանություն: Հայտնի է, որ ԵԱԽՀ-ի շրջանակներում հարցի կարգավորման գործում հիմնական պրոբլեմն այն է, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն պահանջում էին ճշտել Ղարաբաղի կարգավիճակը: Իսկ այս փաստաթղթի ընդունումից հետո Ադրբեջանի համար ստեղծվում է քաղաքական կովան: Եթե Հայաստանն ընդունում է, որ Ղարաբաղում իր զորքերն են կռվում, և Հայաստանի պաշտպանության նախարարությունը Սոչիի համաձայնագրով պարտավորվել է իր զորքերը դուրս են բերել հակամարտության գոտուց. նշանակում է Հայաստանը անուղղակիորեն ընդունում է ադրբեջանական տարածքների զավթման անհիմն մեղադրանքները: Եվ կարծել, թե Ադրբեջանը չի հասկանա և անհրաժեշտ քաղաքական մեկնաբանություններ չի տա նշված ռազմատեխնիկական համաձայնագրին՝ քաղաքական կարճատեսություն է:

Ադրբեջանի համար զինադադարի կնքումն ուներ երկակի նշանակություն. մի կողմից նա կփորձի առիթն օգտագործել և կատարել ուժերի անհրաժեշտ տեղաբաշխում, մյուս կողմից էլ՝ նրանք կաշխատեն մինչև վերջ օգտագործել զինադադարի քաղաքական հետևանքները:

Այս համաձայնագրի  ստորագրությունը ըստ էության կատարվեց Ռուսաստանի ակտիվ միջամտությամբ: Պատահական չէր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ զինադադարի խախտման դեպքում ՄԱԿ-ի կամ ԱՊՀ-ի խաղաղարար ուժերը ստիպված կլինեն միջամտել ռազմական գործողություններին: Այսպիսով, Ռուսաստանը ևս մեկ անգամ հաստատեց տարածաշրջանում իր ներկայության հավակնությունները: Այս պարագայում մեր ազգային շահը պահանջում է ոչ միայն ապահովել զինադադար, այլև ճշտել Ղարաբաղի կարգավիճակը: Իսկ դա նշանակում է՝ զինադադար չի կարելի իրականացնել ի հաշիվ Ղարաբաղի  քաղաքական իրավունքների: Այնպես որ միայն «բարի ցանկություններով» քաղաքականություն չեն վարում:

Սուրեն Զոլյան. Այս համաձայնագրի ստորագրումով մեր պաշտպանության նախարարը ակամա մեծ նվեր մատուցեց Ադրբեջանին: Խնդիրն այն է, որ Սոչիի համաձայնագիրն ունի երկու կողմ՝ ռազմական և քաղաքական: Որպեսզի այս զինադադարը ռազմական առումով կայանար, մեր պաշտպանության նախարարը պետք է ցույց տար, որ Ադրբեջանի կողմից զինադադարների խախտումները անպատիժ չեն մնա: Մինչդեռ չկան երաշխիքներ, որ Ադրբեջանը կկատարի իր պարտավորությունները, և չկան նաև խախտումները պատժելու անհրաժեշտ լծակներ: Այնպես որ, նման զինադադարներից Ադրբեջանը ոչինչ չի կորցնում՝ փոխարենը շահելով քաղաքական ճակատում: Մինչև այսօր էլ և՛ Հայաստանի, և՛ ԼՂՀ-ի պաշտոնական տեսակետն այն է եղել, որ հակամարտ կողմերը ԼՂ-ն ու Ադրբեջանն են, և նրանք պետք է գան ընդհանուր համաձայնության: Արծվաշենից հետո, բնականաբար, առճակատող կողմ դարձավ նաև Հայաստանը: Բայց մենք գտնում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանամերձ լարվածությունը Ղարաբաղյան հիմնահարցից ածանցյալ է. այս դեպքում Հայաստանը իրավունք չունի Ադրբեջանի հետ որևէ համաձայնության գալ առանց ԼՂՀ-ի օրինական իշխանությունների: Սա է եղել մեր տեսակետը: Բնականաբար Ադրբեջանը մերժում է այս տեսակետը՝ գտնելով որ Ղարաբաղում կռվում է Հայաստանի «էկսպեդիցիոն կորպուսը» և անիմաստ է Ղարաբաղը դիտարկել որպես հակամարտ կողմ: Բայց այս հարցում մենք, ի վերջո, հասանք որոշակի հաջողության. արդեն Մինսկի կողմից Ղարչաբաղը ընդունվեց առճակատող կողմ: Դրանից հետո զինադադարի կոչերն ուղղված էին ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև ԼՂՀ-ին:

Ավելին, հայտնի է, որ մինչ այսօր եղել է երկու հիմնական կոչ. առաջինը Մարիո Ռաֆայելիի կողմից, երկրորդը՝ Մինսկի խմբի: Առաջին կոչին Հայաստանին տված պատասխանը գնահատվեց անբավարար, քանի որ Հայաստանի նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը պատասխանատու է միայն այն զորքերի համար, որոնք գտնվում են Հայաստանի տարածքում: Երկրորդ կոչին Հայաստանը և ԼՂՀ-ն տվեցին նույն պատասխանը: Այդ ժամանակ Ալմա Աթայում, իսկ հետո նաև Իջևանում, մենք Ադրբեջանի հետ հասանք համաձայնության ըստ որի Հայաստանը պատասխանատու է իր սահմանի երկայնքով: Ադրբեջանը ընդունեց այն տեսակետը, որ ղարաբաղյան հակամարտությանը Հայաստանը մասնակից չէ: փաստորեն միջազգային այդ բազմաթիվ հանդիպումների ու խորհրդաժողովների ժամանակ Հայաստանի հաջողվել էր ստեղծել հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող քաղաքականության մի ողջ համակարգ: Մինչդեռ, Սոչիի համաձայնագրի ստորագրումով Հայաստանի պաշտպանության նախարարությունը կարծես թե անտեսեց ու կտրուկ փոխեց Հայաստանի քաղաքական դիրքորոշումը՝ հաշվի չնստելով Հռոմի և Ալմա Աթայի բանակցությունների արդյունքների հետ:

Ըստ էության, Հայաստանի պաշտպանության նախարարությունը Սոչիի փաստաթղթերի ձևակերպումով պաշտպանում է Ադրբեջանի պաշտոնական տեսակետը՝ հակամարտության ողջ պատասխանատվությունը վերցնելով իր վրա: Համոզված եմ որ այս զինադադարը ևս չի կայանա, քանի որ չկան ադրբեջանական խախտումների նկատմամբ պատժելիության անհրաժեշտ մեխանիզմները: Նման հանգամանքներում զինադադարի համաձայնության կնքումով մենք ադրբեջանցիների մոտ տպավորություն ենք ստեղծում մեր անպաշտպանության մասին: Հետևությունը մեկն է՝ Սոչիի համաձայնագիրն ունի ռազմական և քաղաքական կողմեր, և չի կարելի հանուն առաջինի, որը նաև չի իրագործվելու, զոհել երկրորդը: Ամենայն հավանականությամբ, կանցնի որոշ ժամանակ, կմոռացվի զինադադարի մասին համաձայնագիրը, բայց կմնա մի փաստաթուղթ, որի քաղաքական բովանդակությունը Ադրբեջանին հնարավորություն կտա Հայաստանին մեղադրել ագրեսիայի մեջ: Ինչ վերաբերվում է զինադադարի ռազմատեխնիկական կարևորությանը, ապա վերջին հաշվով, այն իրականացվում է ոչ թե փաստաթղթերի օգնությամբ՝ այլ իրական ուժերի: Ցավալի է, որ պաշտպանության նախարարության գեներալները անտեսեցին փորձագետների ու մասնագետների կողմից ամիսների ընթացքում մշակված քաղաքական նպաստավոր ծրագիրը: Այս համաձայնագիրը արդարացված կլիներ, եթե իրոք մենք հարցին նախապատրաստված չլինեինք: Բայց այդպես չէ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives