November 28, 2024
  • Homepage
  • >
  • Documents
  • >
  • Զինադադարի պայմանագիր պատերազմի կովկասյան-թուրքական ճակատում գործող ռուսական և թուրքական բանակների միջև*

Զինադադարի պայմանագիր պատերազմի կովկասյան-թուրքական ճակատում գործող ռուսական և թուրքական բանակների միջև*

  • by Archives.am
  • 107 Years ago
  • Comments Off

Թարգմանություն ռուսերենից

Պատերազմի Կովկասյան–Թուրքական ճակատում գործող ռուսական և թուրքական բանակների միջև շուտափույթ երկու պատերազմող կողմերի համար պատվավոր հաշտություն ձեռք բերելու նպատակով կնքվում է հետևյալ պայմանագիրը պատերազմական գործողությունները դադարեցնելու մասին։

1) Սույն պայմանագիրը պարտադիր է երկու կողմերի համար հին ոճով 1917 թվականի դեկտեմբերի 5-ի (թուրքական թվականությամբ 1333 թվականի** դեկտեմբերի 18-ի) ժամը մեկից մինչև վերջնական հաշտության կնքումը։

————————————-

* Սև ծովից մինչև Մերվանե — Չարչալան գիծը ներառյալ։

** Այդպես է տեքստում։

————————————

Սույն պայմանագիրը կողմերից մեկը կարող է խախտել լոկ այն դեպքում, եթե այդ մասին նախազգուշացրել է մարտական գործողություններն սկսելուց տասնչորս (14) օր առաջ։

2) Սույն պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո Կովկասյան-Թուրքական ռազմաճակատի բոլոր հատվածամասերում երկու կողմերը դադարեցնում են ամեն տեսակ թշնամական գործողությունները*։

Փոխադարձաբար դադարեցվում են ամեն տեսակ օդային թռիչքները ոչ միայն հակառակ կողմի դիրքերի վրա, այլև երկու պայմանավորվող կողմերի դեմարկացիոն գծերից սկսած 10 վերստանոց զոնայում։

3) Դեմարկացիոն գծերը մանրամասն որոշվում են սույն պայմանագրին կցվող Հատուկ ակտով և սխեմայով։

Համապատասխան դեմարկացիոն գծերը Կովկասյան 7-րդ և Կովկասյան 1-ին հեծելազորային առանձին կորպուսների ռազմաճակատում պետք է փոխադարձ համաձայնությամբ սահմանեն համապատասխան հանձնախմբերը, որոնք նշանակվում են այդ կորպուսների և նրանց դեմ կանգնած թուրքական ուժերի կողմից,

4) Սույն պայմանագիրը ուժի մեջ մտնելու պահից երկու կողմերը փոխադարձաբար պարտավորվում են չկատարել ոչ մի այնպիսի օպերատիվ-ստրատեգիական տեղաշարժեր, վերախմբավորումներ և փոխադրումներ, որոնք դուրս են գալիս մարտական գծի զորամասերը պահեստայիններով փոխարինելու սովորական շրջանակներից և, որոնք մանավանդ կատարվում են այդ զորամասերը Միջագետք—Սիրիական ռազմաճակատ փոխադրելու նպատակով։ Այո կետի խախտումը պետք է իրենով նշանավորի պատերազմական գործողությունների վերսկսումը։

Զորքերի տեղաշարժերի վերաբերյալ հրամանները, որոնք տրված են մինչև 1917 թվականի դեկտեմբերի 2-ի ժամը 18-ը** (մինչև 1333 թվականի դեկտեմբերի 15-ի կեսօրից հետո ժամը 6-ը) պահպանում են իրենց ուժը։ 1917 թվականի դեկտեմբերի 2-ի ժամը 18-ից (1333 թվականի դեկտեմբերի 15-ի կեսօրից հետո ժամը 6-ից) հետո տրված բոլոր նմանօրինակ կարգադրությունները ենթակա են վերացման։

———————————-

* Թույլատրվում է տեղանքի լուսավորումը հրթիռներով և լուսարձակներով:

** Խառն հանձնաժողովի նիստերի բացման ժամը։

———————————-

5) Երկու կողմերի զորքերին վերապահվում է յուրաքանչյուր կողմի համար իրեն դեմարկացիոն գծով սահմանափակված տերիտորիաների ներսում գտնվելու և տեղային տեղաշարժումներ կատարելու իրավունք, պայմանով, որ դիվիզիական ճակատամասերը չեն ուժեղացվի ներկա դրության համեմատությամբ։

6) Երկու կողմերը պարտավորվում են սույն պայմանագրի գործողության ամբողջ ժամանակամիջոցում չկատարել հարձակման անցնելու ոչ մի նախապատրաստական աշխատանք։ Թույլատրվում է, սակայն, այժմ գոյություն ունեցող ինժեներական կառուցվածքները պահպանել սարքին վիճակում։

Վարժական հրաձգություն հրացաններից և գնդացրերից թույլատրվում է կատարել առաջավոր խրամատների գլխավոր գծից առնվազն 5, իսկ հրետանուց — առնվազն 15 վերստ տարածության վրա։ Վարժական հրաձգություն կատարելու մասին երկու կողմերը կանխապես տեղեկացնում են միմյանց։

7) Պայմանավորվող երկու կողմերը պարտավորվում են իրենց դեմարկացիոն գծերից այն կողմ չուղարկել պահակային զորամասեր, ինչպես նաև հետախուզական խմբեր և առանձին հետախույզներ։

8) Սույն պայմանագրի գործողության ամբողջ ժամանակամիջոցում չի թույլատրվում դեմարկացիոն գծերով սահմանատված չեզոք գոտին ուղարկել ինչպես զինծառայողների, նույնպես և տեղացիների։

Դեմարկացիոն գծերով սահմանատված չեզոք գոտին դուրս եկած զորակոչային տարիքի բոլոր տղամարդիկ կհամարվեն ռազմագերիներ։

Այս կետում որպես բացառություն կարելի է կողմերի փոխադարձ համաձայնությամբ զինվորներին թույլատրել ջուր, վառելիք և այլն վերցնելու համար չեզոք գոտի դուրս գալ այն կետերում, որտեղ դա սովորաբար կիրառվում էր պատերազմական գործողությունների շրջանում:

9) Բոլոր  թյուրիմացությունները, որոնք կարող են ծագել սույն պայմանագիրը կատարելիս, քննվում են երկու պայմանակողմերի լիազորների կողմից։ Այդ լիազորների ժողովի տեղն ու ժամանակը յուրաքանչյուր առանձին դեպքում նշանակվում են բանագնացների միջոցով։

Բանակների շտաբների միջև բանակցություններ վարելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում բանագնացները պետք է ուղարկվեն էրզինջան-Ռիֆայե խճուղի։

10) Չեզոք գոտու բնակիչների կողմից հանցագործություններ կատարվելու դեպքում, հանցագործություններ, որոնք կարող են խանգարել տեղի բնակչության հանգիստը, մեղավորների հետ պետք է վարվել երկու կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է մյուս կողմի պահանջով անմիջապես վերադարձնել փախստական քրեական հանցագործներին։

11) Թուրքական Հրամանատարությունն ստանձնում է պարտավորություն, որ բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի քրդերին ստիպի ճշտորեն կատարել սույն պայմանագրի բոլոր պահանջները։ Քրդերի թշնամական գործողությունների դեպքում ռուսական զորքերն իրենց դեմարկացիոն գծի սահմաններում նրանց հետ կվարվեն այնպես, ինչպես վարվում են ոչ մի իշխանություն չճանաչող ավազակների հետ։

12) Երկու պայմանավորվող կողմերը իրավունք ունեն առաջարկություններ անել սույն պայմանագրի առանձին հոդվածները լրացնելու կամ փոփոխելու մասին, որի համար գումարվում է երկու կողմերի լիազորների հանձնախմբի նիստ։

Իսկ այն դեպքում, եթե Ռուսական Հանրապետության և Կենտրոնական տերությունների միջև կնքվի ընդհանուր զինադադար, ապա նրա բոլոր կետերը կդառնան պարտադիր նաև Կովկասյան ռազմաճակատի համար։

13) Սև ծովում պատերազմող տերությունների միջև հաստատվում է զինադադար։ Զինադադարի մանրամասնությունները, որոնք վերաբերում են ծովային մասնագիտությանը, կմշակվեն երկու տերությունների նավատորմերի նշանակած հանձնախմբի կողմից։

Ռազմանավերին և թռչող ապարատներին արգելվում է հակառակ կողմի ափին 10 վերստից ավելի մոտենալ և որևէ պատերազմական գործողություններ սկսել։

14) Սույն պայմանագիրը, որը շարադրվում է ռուսերեն և թուրքերեն և պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրին տրվում է մեկական օրինակ երկու լեզուներով, ստորագրում են երկու կողմերի լիազորները։

ք. էրզինջան

1917թ. դեկտեմբերի 5-ի

1333թ. դեկտեմբերի 18-ի ժամը 15-ն անց… րոպեին

Կովկասյան բանակի շտաբի պետ, գեներալ-մայոր Վիշինսկի

Ելիզավետյան 156-րդ հետևակային գնդի հրամանատար, գնդապետ (ստորագրություն անընթեռնելի է)

Պրիվատ-դոցենտ՝ Վ. Թևզայա

Կովկասյան բանակի շտաբի թարգմանիչ-սպա՝ Վերդինսկի

3-րդ բանակի Գլխավոր շտաբի պետ, գնդապետ (ստորագրությունն անթեռնելի է)

3-րդ Բանակի գլխավոր շտաբի կապի բաժնի պետ, մայոր (ստորագրությունն անթեռնելի է)

Թուրքական 3-րդ բանակի թարգմանիչ, կապիտան Յաղուբ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives