«Մշակ», 31 հունվարի, 1918թ., թիվ 22
Հաղորդագրություն հունվարի 25, ժ. 15-ին:
Հունվարի 16-ին Խանեի և Չեյիկի շրջանում զորքերի և օբոզների վրա հարձակումներ գործող քրդերին պատժելու համար ուղարկված զորաբաժինը երևան հանեց 300 զինված քրդերի Կիշդիմ գյուղի մոտ, որ գտնվում է Երզնկայից 25 վերստ հեռու դեպի արևելք: Երկու ժամ տևող կռվից հետո, քրդերը հետ մղվեցին: Սպանվեցին մոտ 65 քրդեր:
Զորաբաժնի հրամանատարի վկայությամբ, զինվորները կռվում էին արիաբար:
Ի նկատի ունենալով քրդերի նորանոր հարձակումները, հունվարի 20-ին նորից ուղարկվեց պատժիչ զորաբաժին և հունվարի 21-ին արևածագին այդ զորաբաժինը հարձակում գործեց Խոյսի էտապի կողմից Պետրիչ գյուղի վրա, որ գտնվում է Երզնկայից 20 վերստ դեպի արևելք և քրդերի ձեռքումն էր:
Ի նկատի ունենալով, որ հարձակման ժամանակ 200 ուրիշ քրդեր հարձակման էին ձեռնարկել դեպի թիկունք Կարաքիլիսայի կողմից և Եփրատի ձախ ափից դեպի աջ ափը, ուղարկվեցին օժանդակ զորախմբեր:
Վեց ժամ տևող կռվից հետո, քրդերը վանվեցին Պետրիչ գյուղից, նաև ցիրուցան արվեցին Կարաքիլիսա գյուղի կողմից առաջացած քրդերը, որոնցից սպանվեցին ավելի քան 100 հոգի: Հունվարի 16-ին և 18-ին թուրքերը հրացանազարկեցին Պետրիչ գյուղը, բայց ուղարկված հետախույզները ցիրուցան արին նրանց: