November 27, 2024

Զբաղմունք գաղթականներին

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Զանգ, 12 հոկտեմբերի, 1918թ., թիվ 61

Շուտով մտնելու ենք ձմեռ։ Լեռնային մասերում ձյունը գալիս է ավելի վաղ, հոկտեմբերի սկզբներին, ամենաուշը՝ նույն ամսի վերջին։

Հազարավոր գաղթականների գլխավոր հոգսին՝ հացին, ավելանում է նաև մի ուրիշը — վառելիքի հոգսը։ Եթե մի րոպե ենթադրենք, որ գաղթականների փորը կուշտ է, սակայն և այնպես, երբ նա մերկ է ու բոկոտն, տանը ցուրտ է ու խոնավ, այն ժամանակ կուշտ լինելը չի կարող փրկել նրան։ Բայց, մինչայժմյան նպաստներն այնպես են բաժանվում, որ կուշտ ստամոքսի մասին խոսք լինել չի կարող։ Վառելիքի մասին նույնպես։ Ձմեռը գալիս է և կառավարությունը պետք է հոգա գաղթականների ապրուստի համար նպատակահարմար պայմաններ ստեղծելու մասին։

Մեր կարծիքով, գաղթականներին նպաստելու ամենապատվավոր ձևը նրանց աշխատանք հայթայթելն է։ Աշխատանք տալ հազարավոր գաղթականներին, այնքան էլ հեշտ գործ չէ։ Դրա համար էլ կառավարությունը իր վրա պետք է վերցնի այդ պարտականությունը՝ հանձին աշխատանքի կամ գաղթականական մինիստրի։ Խոսենք օրինակով։ Նոր Բայազետի գավառում կա 18 հազար գաղթական կամ միջին հաշվով 3 հազար ընտանիք։ Եթե ընդունենք միջին հաշվով տանը մի աշխատավոր, ուրեմն 3 հազար մարդու գործ պետք է տալ։ Գավառում բավական քանակությամբ բուրդ կա, Երևանի և Թիֆլիսի շուկաներին մի ժամանակ բավական բուրդ էր տալիս գավառը։

Կառավարությունը մի քանի կենտրոններում կարող է ջուլհականոցներ բանալ, օրինակ, Նոր Բայազետում, Ն. Ղարանլուղում, Ն. Գյոզալդարայում և Բասարգեչարում։ Որպեսզի բուրդը սպեկուլյացիայի չենթարկվի, պետք է կառավարությունը բրդի մենավաճառ հայտարարի։ Այսպիսով, մի քանի ջուլհականոցներ կկարողանան գավառիս մի քանի հազար գաղթականների համար պատվավոր ապրուստի աղբյուր դառնալ։

Ամերիկյան նպաստամատույցի գլխավոր լիազորը որոշել է Նոր Բայազետում բանալ գործարան. եթե այդ որոշումը կատարվի, այն ժամանակ կարելի է թերևս հուսալ, որ փախստականների կյանքը քիչ թե շատ կբարելավվի։

Բացի այդ նույն գավառի Շորժա գյուղի մոտ պ. Գ. մուրադյանը վերջին երկու տարում քրոմի առատ հանք հայտնագործեց։ Չգիտենք ինչո՞ւ դրա շահագործումը դանդաղեց։ Քրոմը, ըստ Եկատերինոսլավի և Բերդյանսկի հանքագետ մասնագետների, ամենալավ տեսակի է և մեծ տոկոս քրոմ է պարունակում իր մեջ։

Կառավարությունը այդ հանքը կարող է իր տրամադրության տակ վերցնել և շահագործել։ Եթե գործը լավ տարվի և մեր կապիտալիստներն էլ օգնության գան կառավարությանը, կարելի կլինի 500-1000-ի չափ բանվորներ աշխատեցնել։ Սա կլինի երկրորդ աղբյուր փախստականների ապրուստի։ Շորժայի քրոմի հանքի, ինչպես և ուրիշ հանքերի շահագործումը — լինի դա ներքին թե արտաքին կապիտալով — պետական խոշոր նշանակություն ունեցող խնդիր է. դա զգալի չափով կբարձրացնի պետության ֆինանսականը և մի առողջ հիմնաքար — ավելի լավ է ասել՝ փորձաքար կլինի հանքային հետախուզումների և այդպիսով մեր մատաղ հանրապետության մեջ սկիզբ կդրվի լեռնային արդյունաբերության։ Լ. Պետրոսյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives