«Երկիր», 14 փետրվարի, 1992թ.
Փետրվարի 13-ին, Մոսկվայում Չեխո-Սլովակիայի դեսպանատանը, Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության խորհրդի մի խումբ անդամներ հանդիպում են ունեցել տարբեր թերթերի ու լրատվական գործակալությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման մասնակից, Նորվեգիայի մարդու իրավունքների ինստիտուտի տնօրեն, դոկտոր Էյդըն նշել է, որ խորհրդի պատվիրակությունը նպատակ ունի պարզել, թե ինչ վիճակում են գտնվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները։ Միաժամանակ, Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության խորհրդի ներկայացուցիչների կոմիտեում քննարկման ներկայացնելու համար պետք է կազմվի զեկուցում՝ Արցախում տիրող իրավիճակի մասին։ Այս աշխատանքները պետք է նպաստեն Ղարաբաղյան հիմնահարցի այնպիսի լուծում գտնելուն, որը հայերի եւ ադրբեջանցիների համար կապահովի բնականոն կենսապայմաններ։
Նախատեսվում է, որ ԵԱՀԽ-ի Մոսկվայում գտնվող 12 անդամները կբաժանվեն խմբերի եւ կայցելեն Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու։ Պատվիրակության կազմում են Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Չեխիայի եւ Սլովակիայի ներկայացուցիչներ։ Այնուհետեւ Լեռնային Ղարաբաղում եղած լրագրողները, դոկտոր Էյդընի խնդրանքով, ներկայացրին հակամարտության գոտում տիրող իրավիճակը եւ իրենց ստացած տպավորությունները։ ԵԱՀԽ-ի անդամները Մոսկվայում հանդիպել են նաեւ ՆԳ մարմինների ներկայացուցիչների եւ հասարակական-քաղաքական տարբեր կազմակերպությունների անդամների հետ։