November 27, 2024

Դրությունը Տրապիզոնում

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0

«Մշակ», 1 փետրվարի, 1918թ., թիվ 23.

Երեկ Տրապիզոնից վերադարձավ Հայկական Կենտրոնական Կոմիտեի՝ Տրապիզոնի ճյուղի նախագահ Արշակ Առաքելյանը և մեզ տվեց հետևյալ տեղեկությունները Տրապիզոնում և նրա շրջակայքում տիրող դրության մասին:

Նրա ասելով, օրըստօրե Տրապիզոնից հեռանում են ռուսական զորքերը, զինվորական և քաղաքացիական հիմնարկությունները, հիվանդանոցները, այնպես որ կարճ ժամանակամիջոցում  Տրապիզոնը բոլորովին կդատարկվի ռուսներից: Այնտեղ կա մի փոքրիկ գունդ վրաց զինվորների, որոնց էլ թողնված է քաղաքի պաշտպանությունը: Քաղաքից հեռանում են նաև բոլոր հիմնարկությունների պաշտոնյաները, թե հայ, թե ռուս, թե հույն, թե վրացի:

Տեղական հույները բաժանված են երկու մասի: Մի մասը գտնում է, որ պետք է գործակցել Երզնկայի շրջանում գործող հայերին, մյուս մասը այն կարծիքի է, որ հույներն իրենց փոքրաթիվ ուժերով ոչինչ չեն կարող անել: Առ այժմ այս ուղղությամբ վեճ է շարունակվում նրանց մեջ:

Շրջանում թուրքական զորքեր չկան, ուստի և նրանց կողմից անմիջական վտանգ, բայց կան ավազակախմբեր (գուցե և ասկյարներ են ավազակների շորերով?), որոնք պարբերաբար հարձակվում են հունաց գյուղերի և ռուս և վրաց զինվորների վրա, երբ սրանց հանդիպում են փոքրաթիվ խմբերով:

Տրապիզոնից դուրս գալը մեծ հերոսություն է: Այնտեղից մեկնող մարդը հանդիպում է մեծամեծ դժվարությունների, որովհետև նավեր քիչ են երթևեկում, իսկ երթևեկող նավերն էլ միշտ լեփլեցուն են զինվորներով:

Տեղական իշխանությունը բոլշևիկների ձեռքին է: Բայց և այնպես անիշխանությունը կատարյալ է:

Շնորհիվ տրանսպորտի բացակայության և քաղաքից դուրս գալու դժվարության, հիմնարկությունները չեն կարողանում իրենց իրերը և ապրանքները փոխադրել Անդրկովկաս: Այդպես էլ անկարելի է եղել դուրս բերել Հ. Կենտ. Կոմիտեի ճյուղի իրերը:

Կամավորների ընտանիքները, մոտ 200 կին և երեխա, որպեսզի կարողանան դժոխք դարձած քաղաքից դուրս գալ հասնել Բաթում, հարկադրված էին վարձել մի մասնավոր հույնի 25000 ռուբլով, որից 19000ռ. հավաքել էին հայերը, իսկ 6000ռ. պարտադրված վճարեց Հ. Կենտ. Կոմիտեի տեղական ճյուղը:

Շնորհիվ հեռացող զորքերի, քաղաքը գտնվում է սանիտարական ամենավատթար դրության մեջ: Ամեն տեղ և ամեն կողմը գարշահոտություն է տիրում:

Ժանտախտը որ բոլորովին թուլացել էր ցրտերի պատճառով, շնորհիվ առաջ եկած կեղտոտության, կարող է նորից իր գլուխը բարձրացնել գարնանը, երբ սկսվեն տաք օրերը: Ընդհանրապես դրությունը, ինչպես քաղաքում, նույնպես և շրջանում, շատ վտանգալից և ողբալի է:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives