November 27, 2024

Դիմակայել ագրեսիային

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 20 օգոստոսի, 1992թ., թիվ 159 (248)

Ուրախալի է, որ մեր կարևորագույն  խնդրով՝ ազգային բանակի ստեղծմամբ սկսել են զբաղվել պրոֆեսիոնալները: Բանակաի ստեղծման օրինախնդրի և հեռանկարային հարցերի, Հայաստանի պաշտպանության սկզբունքների շուրջ մեր թղթակից Արմեն Զաքարյանը զրույց ունեցավ տոհմիկ կարսեցի զորապետ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ զինված ուժերի հրամանատար գեներեալ-լեյտենանտ Նորայր Տեր-Գրիգորյանցի հետ:

Զորացրվելուց հետո ինձ առաջարկեցին գալ Հայաստան, օժանդակել ազգային բանակի ստեղծմանը: Կարծում էին գործը սկսված է. թերթերը գրում էին՝ Հայաստանում արդեն գունդ է կազմավորվել: Նախագահը ինձ հրավիրվեց զրույցի և խնդրեց աջակցել: Ես որոշեցի նախ շրջել երկրում, տեսնել ի՞նչ է անում, ի՞նչ է մտածում ժողովուրդը: Առաջինը եղա Արծվաշենում: Նախահարձակ եղան ադրբեջանցիները: Մինչև այստեղ գալը կարծում էի, թե Հայաստանի քարոզչությունն է այդեպս ներկայացնում, քանի որ հակառակ կողմն էլ պնդում էր, թե հայերն են առաջինը հարձակվում: Ես ուզում էի համոզվել՝ ով է ում խաբում, որպեսզի որոշում կայացնեի, ես պիտի ներքաշվե՞մ  քաղաքական խաղի մեջ, թե պիտի միջոցներ ձեռք առնեմ հանուն հայրենիքի պաշտպանության, անկախության, պատվի ու արժանապատվության:

Ադրբեջանցիները իրենց տանկային ու հրետանային կրակակետերը տեղաբաշխել էին ռուսական գյուղերի շրջանում և ռմբակոծում էին Հայաստանը: Միաժամանակ հայտնաբերեցի, որ Արծվաշենի մոտ դիրքավորված ադրբեջանական կրակակետերից հրետակոծվում են սեփական տարածքի ռուսական գյուղերը: Այնուհետև եղա Գորիսում, Եղեգնաձորում, Երասխում: Ամենուրեք նախահարձակը հակառակորդն էր: Ադրբեջանը կենտրոնացրել է իր բոլոր ուժերը ու կազմակերպված հարվածում է Հայաստանի սահմանամերձ գյուղերին: Հին մարտավարություն ու ռազմավարություն է՝ բնակավայրերի օդային, հրետանային հարված հասցնելով մշտապես անապահով վիճակ են ստեղծում, մարդկանց ստիպում լքել այդ տեղերը: Ազդու գործելակերպ է:

—Իսկ ի՞նչ է հնարավոր հակադրել դրան:

—Ես պատասխանը ստացել եմ Աֆղանստանում: Կա նաև Լիբանանի: Վերցնենք թեկուզ երկրորդ աշխարհամարտը՝ հիտլերյան ընտրագույն դիվիզիաները պատերազմի ողջ ընթացքում չկարողացան հաղթել հարավսլավական հերոս ժողովրդին: Աֆղանստանում 10 տարի շարունակում է պատերազմ էր: Այնտեղ անհնար էր պատերազմական ճանապարհով լուծել խնդիրը: Այնտեղ էլ նույն է. միայն քաղաքական ճանապարհով հնարավոր բոլոր հարցերը լուծել: Քաղաքական միջոցառումները պիտի  գերակշռեն ռազմական գործողություններին: Եթե նույնիսկ քայքայվի հանրապետությունը, և այլևս ուժեր չլինեն, միևնույն է ՝ այնտեղ պարտիզանական շարժում է լինում:

—Հայաստանը խաղաղություն է ուզում, իսկ մյուս կողմի նպատակ ունի մեր վրայով հասնել թուրքական աշխարհի միասնականացմանը, ի՞նչ ենք անելու Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան դիմագրավելու համար:

—Իհարկե, Թուրքիան շատ ուժեղ երկիր է, ՆԱՏՕ-ի անդամ, ունի սեփական հզոր բանակ, ռեսուրսներ, տնտեսություն և որոշակի տեղ է զբաղեցնում աշխարհում: Խորհրդային միությունում նույնիսկ մոռացել էին Թուրքիայի գոյությունը: Մենք՝ զինվորականներս, գիտեինք, որ Թուրքիան ՆԱՏՕ է, որին որևէ ուժ պետք է դիմակայի, քանզի ագրեսիվ ցանկացած ուժ երբևէ ցույց է տալիս իր ատամները: ԵՎ հիմա թուրքիան սկսել է ցույց տալ ատամները:

Այս պարագայում դեռևս երեկ էր հարկավոր ստեղծել կանոնավոր զինված ուժեր: Դժվա՞ր է Հայաստանի համար: Այո: Այստեղ տնտեսական կարողություններն ու հնարավորությունները, ինչպես նաև բնակչության տրամադրվածությունը մեծ դեր են խաղում, սակայն պետք է ստեղծել կանոնավոր՝ ոչ թե ագրեսիվ, այլ պաշտպանական դոկտրինայով: Այն որոշակի մոբիլ ուժ կլինի՝ ընդունակ դիմակայելու ագրեսիվ գործողությունների և հարկ եղած դեպքում հակահարված հասցնել: Որպեսզի չմտածեն, թե այդ հանրապետությունը ընդհանրապես խեղճ ու կարկ է, անմարտունակ, որևէ բան անելու անընդունակ: Դա չի կարելի թույլ տալ: Թշնամին պիտի տուժի մեկ այլ պետության հարվածելու համար:

—Իսկ ի՞նչ թվակազմ պիտի ունենա այդպիսի բանակը:

—Գիտեք, դա շատ լուրջ հարց է, ու եթե այս մի քանի օրում հաշվարկած լինեի, միևնույն է, ձեզ չէի ասի: Ռազմական գաղտնիք է: Եթե ես ասեի միլիոն, ապա Ադրբեջանը կմտածի՝ իրեն երկու միլիոն է հարկավոր: Ուստի ասեմ. հարկավոր է այնքան, որքան անհրաժեշտ կլինի ագրեսիան ետ մղելու համար: Դուք կարծում եք Ադրբեջանը ընդունակ է ամբողջական հարձակում կատարե՞լ: Ոչ: Նրանք այդպիսի հնարավորություններ չունեն: Ես այդ հարցերով զբաղվել եմ միութենական մասշտաբով և գիտեմ՝ որտեղ ինչ հնարավորություններ կան: Երբ Հայաստանում «հեղափոխական» իրավիճակ էր՝ դադարեցվել էր զորակոչը, ինչը մեծ սխալ էր, այդ ընթացքում Ադրբեջանը զինակոչը կատարել է 110 տոկոսով:

—Զորակոչ իրականացնելն այսօր հիմնահարց է: Ի՞նչ պետք է անել և ի՞նչն է խանգարում:

—Հայաստանի զինկոմիսարիատները մինչև վերջերը կատարել են զորակոչի պլանը: Բայց հետո, երբ վերակառուցումը ընթացքի մեջ մտավ, այստեղ հակաբանակային քարոզչություն տարան, սկսեցին քաղաքականություն խաղալ, և արդյունքում մարդիկ կորցրեցին հարգանքը բանակի նկատմամբ: Հիմա բարոյահոգեբանական մթնոլորտը, այնպիսին է, որ մի քանիսը սեփական բանակ իսկ գնալ չեն ուզում: Ըստ էության, զորակոչի համար պատասխանատու են շրջխորհրդի, քաղխորհրդի նախագահներն ու վարչապետը: Զորակոչիկը պիտի նախապատրաստվի բանակային ծառայությանը. Նախ դպրոցում, հետո ԴՕՍՍԱԱՖ-ի տիպի մի համակարգում մասնագիտանա: Վարչապետը խոստացել է բոլոր հարցերում օգնել: Միայն թե մարդիկ, ծնողները գիտակցեն, որ իրենց որդին իրենց է զենքով պաշտպանելու: Պետք է ոչ թե զորահավաք կատարել, այլ զորահավաքային մթնոլորտում զորակոչվել: Մարդիկ կան ասում են՝ թող արծվաշենցինեը իրենց Արծվաշենը պաշտպանեն: Մի՞թե կարելի է այդպես մտածել:

—Ի՞նչ կուզեիք ավելացնել:

—Մենք պետք է նվիրվածության, տղամարդկության, իմաստուն մարդկանց վրա հենվելով համագործակցաբար կատարելագործենք այն, ինչ կա և կատարելագործենք մեր բանակը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives