«Երկիր», 1993թ., 9 հունվարի, 3(345)
«Ես զարմացած եմ հանրապետության ղեկավարության՝ Ելցին-Բուշ հայտարարության շուրջ կազմակերպած հրավառության, հիացմունքից խեղդված արձագանքով։ Փաստորեն շարունակվում է հին քաղաքականությունը, չափից դուրս կարեւորվամ է ղարաբաղյան հարցի միջազգայնացումը եւ հետին պլան մղվում մեր ժողովրդի սեփական ուժերի վրա խարսխված քաղաքականությունը»»,– Ա.Մ.-ին ասել է ՀՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Վարդանյանը։
Նա նկատել է, որ նման հայտարարությունները թյուրիմացության մեջ են գցում ժողովրդին, սին պատրանք են ստեղծում գերտերությունների մասին եւ ստեղծում այն կարծիքը, թե Ղարաբաղի հարցի լուծումը հանրապետությունից դուրս է։
–Ըստ էության հարցը լուծվում է մարտի դաշտում։ Այս քաղաքականությունը մենք չենք ընտրել, ընտրել է Ադրրեջանը եւ մենք պետք է հաշվի նստենք այս իրողության հետ»,– նշել է ԱԺՄ-ի ներկայացուցիչը։
Անդրադառնալով Ադրբեջանի պետքարտուղար Հուսեյնովի այն հայտարարությանը, թե Իրանը վերանայում է չեզոք մնալու իր նախկին դիրքորոշումը եւ հակված է համաձայնել Ադրբեջանի բերած փաստարկներին, Դավիթ Վարդանյանն ասել է. «…որ Իրանը վարում է ուրույն քաղաքականություն եւ դժվար է գուշակել, թե ինչ փոփոխություններ կարող են կատարվել առաջիկայում»։ Ըստ պատգամավորի՝ Իրանը Հայաստանի հետ վարում է զգուշավոր քաղաքականություն՝ պահպանելով փոխհարաբերությունների բարյացկամ տեսքը, մյուս կողմից գործնական աջակցություն ցույց տալիս Ադրբեջանին։ Դավիթ Վարդանյանի կարծիքով Ադրբեջանը լուրջ եւ ծանրակշիռ աջակցության ակնկալիքներ ունի Իրանից։ Անընդունելի համարելով հանրապետության եւ Գերագույն խորհրդի նախագահների՝ Ելցին-Բուշ հայտարարությանը որպես Հայաստանի դիվանագիտության փայլուն հաղթանակ ներկայացնելու փորձեր, Դ. Վարդանյանը Հայաստանի արտաքին քաղաքականությունը գնահատել է որպես ձախողված քաղաքականություն։