«Երկիր», 24 օգոստոսի, 1993թ., թիվ 159 (500)
Սպառվեց Թալիշի Մուղանական հանրապետության ղեկավար Ալիքրամ Գումբատովի հետ բանակցություններ վարելու համար Ադրբեջանի վարչապետ Սուրետ Հուսեյնովին տրված ժամկետը։ Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների տեղեկատվության, այդ բանակցություններն ապարդյուն են ավարտվել։ Իսկ հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ Ա.Գումբատովը, հետ կանչելով իր գումարտակները մարտադաշտից, զբաղված է սեփական ռազմական դիրքերի ամրապնդմամբ։
Նա շրջանից հեռացրել է իսլամական կուսակցության ներկայացուցիչներին, որոնք կոչ էին անում վերջ տալ այն գործողություններին, որ ուղղված են Ադրբեջանի մասնատմանը։ Ելույթ ունենալով Լենքորանի հեռուստատեսությամբ՝ նա հայտարարեց, որ կենտրոնական իշխանությունների հետ բանակցությունների կգնա միայն այն դեպքում, եթե Մեջլիսը չեղյալ հայտարարի իր դեմ ընդունած որոշումը, իսկ Հ.Ալիեւը հրապարակավ ներողություն խնդրի իրենից։ Նույն օրը Ս. Հուսեյնովը մեկնել է Գանձակ եւ հանդիպել իր մերձավորներին։ Այդ հանդիպման մանրամասներն անհայտ են։
Ինքը՝ Ա.Գումբատովը, մերժել է իրեն ներկայացրած մեղադրանքները Այազ Մութալիբովին իշխանության վերադարձնելու ցանկության համար։ Նա միաժամանակ հայտարարել է, որ իր ենթակայության տակ գտնվող զորամիավորումների գերակշռող մեծամասնությունն ուղարկված է մարտադաշտ եւ ինքը հրաման չի տվել Լենքորանի տարածաշրջանից լրացուցիչ ուժեր հանելու։ Ա.Գումբատովի խոսքերով՝ Հեյդար Ալիեւը իր դեմ քարոզարշավ սկսելուց առաջ առաջարկել է համագործակցել Ս. Հուսեյնովին եւ Ռ. Ղազիեւին քաղաքական ասպարեզից հեռացնելու համար։ Նա տեղեկություններ է հաղորդել նաեւ օգոստոսի 18-ին Սուրետ Հուսեյնովի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին։ Վարչապետն անհամաձայնություն է հայտնել հակագումբատովյան արշավին եւ բացասական կարծիք է հայտնել Մեջլիսի կայացրած որոշման մասին։ Ա.Գամբատովը հայտարարել է նաեւ, որ ինքը տեղեկություններ ունի, թե գաղտնի որոշում է կայացվել իր դեմ ուժ գործադրելու մասին։ Այդ դեպքում, ասել է Ա.Գումբատովը, ինքնապաշտպանության նպատակով, ինքը ստիպված կլինի Լենքորանի գումարտակները ռազմաճակատից հետ կանչել։
Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Ալիքրամ Գումբատովը իր համակիրների խմբի հետ Լենքորանից փախել է անհայտ ուղղությամբ։