«Երկիր», 1992թ., 4 սեպտեմբեր 170 (259)
Սեպտեմբերի լույս 3-ի գիշերը Լաչինի շրջանի հարավ-արևելյան հատվածում և Կուբաթլուի շրջանի սահմանամերձ գոտում տեղակայված ադրբեջանական ռազմական հենակետերից հրետակոծվել են Գորիսի շրջանի սահմանամերձ գյուղերը և Գորիս քաղաքը: Ժամը 00:30-ին քաղաքի վրա արձակվել է 20-ից ավելի «Հաուբից» տիպի արկ: Դրան նախորդել էր Կոռնիձորի ուժգին հրետակոծությունը: Կեսգիշերին մոտ «Գրադ» կայանքներից հրթիռակոծվել է Գորիս քաղաքը: Քաղաքի վրա ընկել է 80-ից ավելի հրթիռ: Քաղաքում կան մեծ ավերածություններ, տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են: Քաղաքի բնակիչները գիշերը անց են կացրել ապաստարանում: Մազրիդուզ կոչվող տեղանքում ադրբեջանական հենակետերը հսկողության տակ վերցրած հայկական ինքնապաշտպանական ուժերի պատասխան գործողություններից հետո ժամը 3:00-ի մոտ Գորիսում հաստատվել է հարաբերական անդորր: