Ոչ մի ազգ, ոչ մի պետություն չի կարող իր տնտեսական և քաղաքական ծրագրերը կազմելիս ելնել միայն իր ցանկություններից, ներքին իրականությունից: Անհրաժեշտ է ոչ միայն գնահատել հարևանների և ողջ աշխարհի իրավիճակը, այլև կանխատեսել, թե ինչ ուղղությամբ է շարժվելու աշխարհը, ըստ այդմ կառուցել ազգային ծրագրերը, որոշել խնդիրների լուծման հերթականությունը: Ճշգրիտ հաշվարկել դեպքերի զարգացման ուղղությունը, իհարկե, հնարավոր չէ, պետք է ուղղակի քննարկել հավանական տարբերակները և գործողությունների ընթացքում, հարմար առիթի դեպքում ինչ-որ չափով գնալ նաև խելամիտ ռիսկի, առանց որի հնարավոր չէ ոչ մի խնդրի իրականացում: Եթե հաշվարկներ, կանխատեսումներ չկան, ապա սովորաբար ընտրում են երկու հնարովի պահվածքներից մեկը. կամ կծկված տրվում են հոսանքին՝ սպասելով, թե ինչ կլինի (սովորաբար ինքնիրեն ոչ մի լավ բան չի լինում), կամ նյարդերը չեն դիմանում անորոշ լարվածությանը, և հիստերիկ ոգևորությամբ դիմում են «մահ կամ ազատություն» կարգախոսին, որը եթե ընդունելի է անհատի համար, ապա անընդունելի է, երբ վերաբերում է ողջ ազգին: Այդ երկու պահվածքների դրսևորումն էլ վառ արտահայտված է այժմյան իրականության մեջ:
Մեր ազգը ապրում է այժմ իր համար մի բախտորոշ ժամանակաշրջանում, երբ կամաց-կամաց բոլորիս մեջ հասունանում է այն համոզմունքը, որ դեպքերի զարգացումը կարող է հնարավոր դարձնել մեր ազգի դարավոր երազանքի իրականացումը՝ անկախ պետականության վերականգնումը, առանց որի անլուծելի կմնան մնացած համարյա բոլոր ազգային խնդիրները: Շատերին վախեցնում են ինքնուրույն գործելու այն հնարավորությունները, որոնք բացվել են մեր առջև: Առհասարակ ամենածանր բեռը ինքնուրույն որոշումներ ընդունելու պատասխանատվությունն է, ստրկությունը «քաղցր» է նրանով, որ վերացնում է մարդու վրայից այդ ծանր բեռը՝ ազատելով նրան պատասխանատվության զգացումից: Ստրկությանը սովոր մարդը վախենում է ազատությունից, պատասխանատվությունից: Պատահական չէ, որ այժմ, երբ մեր առջև բացվել են ազգի ապագայի վերաբերյալ ինքնուրույն որոշումներ ընդունելու և իրագործելու հնարավորություններ, կան մարդիկ, որոնք հուսահատված խոսում են ինչ-որ փակուղու մասին: Ոչ, փակուղի չկա, կա մի դժվարին ճանապարհ, որով անցել են շատ ազգեր, և որը տանում է դեպի երջանկություն: Պետք են միայն համագործակցություն, միասնություն, խելացի հաշվարկ և վճռականություն:
Փորձենք այժմ կռահել, թե ինչ ուղղությամբ է շարժվում ԽՍՀՄ-ը, որոնք են այդ շարժման դրդապատճառները, և, ըստ դրա, տեսնենք, թե ինչ է հնարավոր անել և ինչպես: Այս հարցերի շուրջ ամենատարածված տեսակետը, որը սկզբում քարոզում էր «Ղարաբաղ» կոմիտեն, հետագայում քարոզում էին նաև բազմաթիվ կազմակերպություններ և անհատներ, հետևյալն է: Խորհրդային Միությունը, գտնվելով տնտեսական և քաղաքական խորը ճգնաժամի մեջ, ստիպված դիմեց վերափոխումների՝ փորձելով ստեղծել դեմոկրատական հասարակություն, ազատ տնտեսություն: Օգտվելով այդ հանգամանքից, մենք պետք է ձգտենք տնտեսական անկախության, ինքնիշխանության և հարմար պահին պատրաստ լինենք հռչակելու անկախություն: Այնուամենայնիվ անկախությունը շատերին վախեցնում է Թուրքիայի հարևանության պատճառով (հետաքրքիր է, որ այդ նույն մարդիկ անհասկանալի խիզախությամբ անընդհատ խոսում են Թուրքիայից հողերը հետ վերցնելու մասին), և այդ պատճառով առկա է նաև հետևյալ մտայնությունը. ձգտել կոնֆեդերացիայի և բավարարվել դրանով, չէ որ եվրոպական երկրներն էլ, զիջելով իրենց անկախության որոշակի մի մասնիկ, ստեղծում են նոր տիպի դաշինք, հետևաբար դա է զարգացման ուղին: Նախ նկատենք, որ մի բան զիջելու համար պետք է առաջին հերթին որոշես՝ ում և երբ զիջես, հանուն ինչի զիջես, ինչ ստանաս դրա փոխարեն, և երկրորդ՝ դարից դար փոխվում է անկախության բովանդակությունը, դրա իրավաբանական ստատուսը: Եվրոպայում այժմ տեղի են ունենում գործընթացներ, որոնց այս կամ այն ձևով մասնակից կդառնան աշխարհի գրեթե բոլոր երկրները՝ ստեղծելով սկզբում պետությունների փնջեր, որոնք հետագայում կձուլվեն մեկ համաշխարհային միասնության մեջ, և դրա արդյունքում կձևակերպվի, թե ինչ է նշանակում անկախությունը 21-րդ դարում:
Նկատենք նաև, որ պետության կազմավորման կոնֆեդերատիվ ձևը անկայուն է, և պատմությանը հայտնի գրեթե բոլոր կոնֆեդերացիաները (Շվեյցարական, ԱՄՆ-ի, գերմանական և այլն) անցել են նույն ուղին՝ կոնֆեդերացիա, հետո ֆեդերացիա, ի վերջո դարձել են միասնական ունիտար պետություն:
Մենք առայժմ խոսենք Խորհրդային Միությունում տեղի ունեցող գործընթացների մասին և տեսնենք՝ ճի՞շտ է արդյոք վերոհիշյալ տեսակետը, ըստ որի հնարավոր է ձեռք բերել անկախություն՝ հանդարտ գնալով դեպի ինքնիշխանություն:
Հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում այժմ ԽՍՀՄ-ում, ինչ ուղղությամբ է նա շարժվելու, և որոնք են այդ շարժման դրդապատճառները, կատարենք մի փոքր պատմական էքսկուրս: Ռուսաստանում դարերի ընթացքում փոխվում էին կառավարման ձևերը, բայց անփոփոխ էր մնում քաղաքականությունը՝ ծավալապաշտությունը: Իր ծավալվելու ընթացքում նա հասավ մեզ, գրավեց մեր հողերի մի մասը:
Պետք է լավ գիտակցել, որ Ռուսաստանի այստեղ գալը ոչ մի ձևով կապված չէր մեր դիմումների կամ կողմնորոշման հետ: Ռուսաստանը կատարում էր իր առաքելությունը՝ ծավալապաշտությունը (հետաքրքիր է նկատել, որ նվաճված ժողովուրդների մի մասը Ռուսաստանում ապրում էր ավելի լավ պայմաններում, քան բուն ռուսները. այդ երևույթը ունի խորը արմատներ, բայց դա առանձին խոսակցության նյութ է):
Զավթողական քաղաքականության ներքին տրամաբանությունը պարտադրում էր Ռուսաստանին չհանդուրժել իր ճանապարհին անկախ պետությունների ստեղծումը, անել ամեն ինչ, որպեսզի նվաճված ազգերը հնարավորություն չունենան ստեղծելու իրենց անկախ պետությունները: Այդ նպատակով իրագործվում էր նվաճված ազգերի ռուսականացման քաղաքականությունը, ռուսականացում լեզվով, մշակույթով, խառը ամուսնությունների միջոցով և այլն: Այն դեպքերում, երբ դա չէր հաջողվում, արվում էր ամեն ինչ, որպեսզի տվյալ ազգը մեծամասնություն չկազմի իր պատմական տարածքում: Դրան էին ծառայում տեղահանությունները, ջարդերը, նվաճված տարածքները ռուսներով վերաբնակեցնելու քաղաքականությունը: Այդ պատճառով օբյեկտիվորեն մեր դարավոր իղձի իրականացումը՝ միացյալ անկախ Հայաստանի ստեղծումը, հակասում էր Ռուսաստանի շահերին: Եվ այդ է նաև պատճառներից կարևորագույնը, որ մեզ չհաջողվեց ապահովել մեր հայրենակիցների մի զգալի մասի ֆիզիկական գոյությունը XIX դարի վերջում ու XX դարի սկզբում (Թուրքիայի շահագրգռվածությունն ու դերը այս հարցում հայտնի է, մենք այժմ խոսում ենք Ռուսաստանի մասին), խնդիր, որը մեզ հաջողվում էր իրականացնել դարերի ընթացքում՝ ապրելով ծանր պայմաններում՝ թուրքական և պարսկական կայսրությունների տիրապետության տակ: Այս առիթով նկատենք, որ եթե ծավալապաշտական քաղաքականություն իրագործող Ռուսաստանը մեր ազգային իղձերի իրականացման բնական թշնամին է, ապա Ռուսաստանի հրաժարումը այդ քաղաքականությունից հնարավորություն է ստեղծում վերականգնել մեր պետականությունը, և մեր անկախ պետության բնական դաշնակիցը կարող է լինել նոր ժողովրդավարական Ռուսաստանը: Ծավալապաշտական Ռուսաստանը օբյեկտիվորեն մեր թշնամին է: Ոմանց կարծիքով, եթե իր ծավալապաշտության մեջ նա հասած լիներ գոնե մինչև Վան, հետո քանդվեր, միգուցե մենք այժմ ավելի շահած լինեինք. բայց, նախ, եթե նա այդ տարածքները գրաված լիներ, ապա մեկ է, այդտեղ այժմ հայեր չէին բնակվի (հավանաբար այդ տարածքներում կստեղծվեին թուրքական և քրդական հանրապետություններ), ապացույց՝ Առաջին համաշխարհային պատերազմի պատմությունը, Նախիջևանը և այլն: Երկրորդ՝ տեսանելի ապագայում այդպիսի բան չի սպասվում, ծավալապաշտական քաղաքականությունն այժմ հակասում է մարդկության զարգացման ուղուն, Ռուսաստանի հնարավորություններին, և եթե մենք, չունենալով պետականություն, անորոշ սպասենք մարդկության զարգացման այն փուլին (եթե այդպիսի փուլ գա), որը նորից հնարավոր դարձնի Ռուսաստանի ծավալապաշտական քաղաքականությունը, նույն անիմաստ հույսերը կապելով դրա հետ, ապա մինչ այդ մենք կդադարենք գոյություն ունենալ որպես ազգ:
Դեմոկրատական Ռուսաստանը մեր բնական դաշնակիցը կարող է լինել, հիշենք միայն, որ անկախ պետություն ունենալու դեպքում է միայն հնարավոր իրական դաշնակիցներ ունենալ:
Պատմության, քաղաքականության ոլորտներում գործում են օրենքներ, որոնք կախված չեն այս կամ այն անհատի ցանկությունից: Այդ օրենքներից նշենք պարզ, բայց մեր դիտարկման համար կարևոր մի կանոն: Ամեն մի պատմական ժամանակաշրջանում գոյություն ունի մարդկության ընդհանուր զարգացման ուղի, և եթե մի որևիցե պետության արտաքին և ներքին քաղաքականության ուղղվածությունը չի համընկնում զարգացման ընդհանուր ուղուն, ապա այդ պետության ներսում առաջանում են պետությունը քանդող ուժեր, և ինչքան մեծ է շեղումը մարդկության ընդհանուր զարգացման սլաքի և տվյալ պետության կառուցվածքի ու քաղաքականության ուղղվածության սլաքների միջև, այնքան մեծ է քանդող ուժերի զորությունը, այն ուժերի, որոնց նպատակը՝ իրենց իսկ կողմից խորը չգիտակցված, շատ հաճախ նույնիսկ երկրի շարժման ուղղությունը հնարավորինս մարդկության զարգացման ուղղությանը համապատասխանեցնելն է: Մեծ եռանդ, ուժ կիրառելով՝ իշխողները կարող են միառժամանակ այդ երևույթների դեմն առնել, կծկվել՝ երկիրը դատապարտելով տնտեսական, քաղաքական, ռազմական, գիտական, մշակութային և բարոյական լճացման: Ինչքան երկար տևի այդ լճացումը, այնքան մեծ կլինի պայթյունը: Օրինակ կարող են ծառայել իրադարձությունները Ռումինիայում:
Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով որոշ կայսրություններ քանդվելով վերափոխվեցին նոր պետությունների, որոնց ընթացքի ուղղության սլաքները շատ թե քիչ համապատասխանեցին մարդկության զարգացման ուղղության սլաքին, օրինակ՝ Թուրքիան, Ավստրո-Հունգարիան: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ ճանապարհով գնացին Անգլիան, Իսպանիան, Պորտուգալիան և այլք: Եվ այժմ մնացել է վերջին խոշոր դինոզավրը՝ Ռուսաստանը:
Մարդկության զարգացման այժմյան ուղղության՝ պետությունների հզորացման, գիտության և տեխնիկայի, տնտեսության և մշակույթի զարգացման հիմքում ընկած է մի կախարդական բառ՝ ազատություն: Դա է մարդկության զարգացման ուղին, և այդ հոսանքին հակառակ գնալու բոլոր փորձերը, ինչքան էլ հզոր և վեհ գաղափարներով պատճառաբանված լինեն, դատապարտված են անհաջողության: Օրինակ կարող են ծառայել կոմունիստական և ֆաշիստական գաղափարախոսությունները և դրանց քաղաքականության իրականացման փորձի տապալումը:
Այժմ հերթը հասել է Ռուսաստանին: Ինչպես արդեն նշել ենք, դարերի ընթացքում անշեղորեն իրագործելով ծավալապաշտական քաղաքականություն՝ Ռուսաստանը ժամանակի ընթացքում փոխել է իր կառավարման ձևերը: Կառավարման վերջին ձևը բոլշևիզմն է: Ծավալապաշտական քաղաքականության վերջին փորձը՝ Աֆղանստանի նվաճումը, տապալվեց: Կառավարման վերջին ձևը երկիրը բոլոր ասպարեզներում կանգնեցրեց խորը ճգնաժամի առջև: Ավելին, կայսրությանը թույլ կպած կտորները՝ Լեհաստանը, Հունգարիան, սկսեցին կամաց-կամաց պոկվել: Կայսրությունն արդեն ուժ չուներ՝ պահելու նրանց: Ամբողջ մարդկությունը սարսափով նայում էր քայքայվող հսկային, որի բեկորների տակ կարող էր թաղվել ողջ աշխարհը:
Աշխարհը զինվում էր՝ պատրաստվելով պաշտպանել իրեն հավանական արհավիրքից և լարված ուշադրությամբ հետևում էր կայսրության հոգևարքին: Պայթյունից խուսափելու մի միջոց կար. արագ փոփոխություններ կատարել երկրի արտաքին և ներքին քաղաքականության ոլորտում՝ աշխատելով փոփոխությունների ընթացքը պահել հսկողության տակ: Խնդիր դրվեց նվազագույն տարածքային կորուստներով, նվազագույն փոփոխություններով փոխել կառավարման ձևը, երկիրը հարմարեցնել աշխարհի զարգացման ուղղությանը՝ ապահովելով գիտության, տեխնիկայի, տնտեսության և ռազմական արդյունաբերության առաջընթացը նոր պայմաններում: Ռուսաստանում հայտնվեց մի մարդ, որն իր վրա վերցրեց այդ բարդ խնդրի իրականացումը. այդ մարդը Գորբաչովն է: Եթե սկզբում թվում էր, որ վերափոխման գործը կարելի է առաջ տանել փոքր ձևափոխությունների միջոցով, ապա ընթացքում պարզվեց, որ փոփոխությունները և կորուստները մեծ են լինելու, և ամենասարսափելին այն է, որ դրանց ընթացքը և արագությունը հնարավոր չէ պահել լիակատար հսկողության տակ: Չարժե ինքնախաբեությամբ զբաղվել, երկրի ղեկավարման հին ձևը, կոմունիստական կուսակցության ղեկավար դերը ոչնչացնում է ինքը՝ Գորբաչովը՝ վարպետորեն առաջ մղելով ժողովրդին: Այդ խնդիրը դեռ վերջնականապես լուծված չէ, բայց արդեն հասկանալի է, որ իշխանության կոմունիստական ձևը դատապարտված է: Բնական պատճառներով երկրի տարբեր հատվածներում այդ իշխանության վերացումը կատարվում է տարբեր արագությամբ: Ինքը՝ Գորբաչովը, նպատակ ունենալով հնարավորինս պահպանել կայսրության ամբողջականությունը, շահագրգռված է, որ ծայրամասերում այդ երևույթն առավել դանդաղ ընթանա: Ավելին, շատ վարպետորեն փորձ է արվում Ռուսաստանի կողմից նվաճված ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարը, որը բնականորեն պետք է ուղղված լիներ կայսերապաշտական քաղաքականության դեմ, ուղղել կայսրությունը ղեկավարելու ձևի դեմ, ազգային-ազատագրական պայքարը, որի բնական նպատակն է անկախությունը, փոխարինել հակակոմունիստական պայքարով: Օգտվելով իրենց բնորոշ յուրահատուկ պայմաններից՝ որոշ հանրապետությունների, օրինակ, Լիտվային, հաջողվեց ընտրել պայքարի ճիշտ ուղղություն՝ զանազանելով կայսերական քաղաքականությունը նրա իրագործման ձևից և վարպետորեն հավասարակշռություն պահելով պայքարի այդ երկու ուղղությունների միջև: Ես չեմ խոսում ի պաշտպանություն կոմունիստական կուսակցության, դա մարդկության և մեր ազգի հանդեպ հանցագործ կազմակերպություն է, որը պետք է իջնի քաղաքական թատերաբեմից, ես ուղղակի կոչ եմ անում սառը կշռադատել մեր քաղաքական պայքարի ուղղությունը:
Ստիպված լինելով քանդել հին ղեկավարման ձևը, տալով արդեն տարածքային կորուստներ Արևելյան Եվրոպայում, Մերձբալթիկայում՝ Գորբաչովը ձգտում է վերափոխումներից հետո պահպանված տարածքների վրա ստեղծել մի միասնական դեմոկրատական պետություն, որի տնտեսությունը ղեկավարվում է ազատ շուկայի մեխանիզմով, ստեղծել մի կայուն միասնական երկիր, որն արդեն ենթակա չէ քանդվելու, և որի զարգացման ուղղությունը հնարավորին չափ համապատասխանում է մարդկության զարգացման ուղղությանը:
Կհաջողվի՞ արդյոք Գորբաչովին լուծել այս խնդիրը, և ի՞նչ է սպասում մեզ այդ ճանապարհին:
Ինչպես նշեցինք, ԽՍՀՄ-ի բռնած ճանապարհի անհամապատասխանությունը մարդկության ընդհանուր զարգացման ուղու հետ երկրի ներսում առաջացրեց այնպիսի երևույթներ, որոնք սկսեցին քանդել կայսրությունը: Տնտեսությունը կամաց-կամաց դառնում էր անկառավարելի, կենտրոնում ընդունված որոշումները հնարավոր չէր լինում իրագործել: Պաշտոնական գաղափարախոսությունը, որը կարևոր դեր էր խաղում երկիրը ղեկավարելու գործում, աստիճանաբար կորցնում էր իր ազդեցությունը: Տնտեսության քայքայումը, նավթի գների իջեցումը միջազգային շուկային հնարավորություն չէին տալիս տարբեր ներարկումների միջոցով իրեն ամուր կապված պահել սոցիալիստական երկրները: Լեհաստանում սկսվեց ազգային-ազատագրական պայքար, անհաջողություններ՝ Աֆղանստանում: ԽՍՀՄ-ը հետզհետե ավելի ու ավելի էր հետ մնում աշխարհի երկրների մեծ մասից տնտեսության, գիտության, նոր տեխնոլոգիաների մշակման գործում: Դա չէր կարող չազդել ԽՍՀՄ-ի ամենակարևոր հատկանիշի՝ ռազմական արդյունաբերության, ռազմական ուժերի վրա: Կար վտանգ, որ այն փաստի գիտակցումը, թե ժամանակը աշխատում է իր դեմ, կարող է դրդել երկրի ղեկավարությանը դիմել արկածախնդրության, սկսել իրականացնել իր ռազմական հնարավորությունները՝ չթողնելով, որ մնացյալ աշխարհն իրենից առաջ անցնի: Բայց երկիրը ղեկավարող «ծերակույտը» չունեցավ այնքան վճռականություն, կամ, ավելի ստույգ, ունեցավ խոհեմություն և չդիմեց այդ քաղաքականությանը, որը կարող էր կործանարար լինել ամբողջ մարդկության համար: Այդ տեսակետից չափազանց մեծ էր ԱՄՆ-ի և նրա այն ժամանակվա պրեզիդենտ Ռ.Ռեյգանի ցուցաբերած վճռականությունը, շանտաժի չենթարկվելը և ռազմական արդյունաբերության մեջ նորագույն տեխնոլոգիայի օգտագործման ծրագրի իրականացումը:
Այս ամենը հանգեցրեց այն բանին, որ ԽՍՀՄ-ի ղեկավարությունը դիմեց «ոտքերը վերմակի չափով մեկնելու» քաղաքականությանը և փորձեց վերափոխումների միջոցով հասնել մնացյալ աշխարհին: Սկզբում այդ քաղաքականության մեջ կար բլեֆի ինչ-որ տարր, փոքր վերափոխումներով խնդիրը լուծելու ցանկություն: Բայց իրադարձությունների ներքին տրամաբանությունը ցույց տվեց, որ փոփոխությունները պետք է լինեն շատ խորը, իսկ նախորդ ժամանակաշրջանում կայսրության նվաճած տարածքների կորուստները՝ բավական մեծ: Սկսվեց իրադարձությունների մի շղթա, որոնց ուղղությունը և արագությունը կենտրոնը չկարողացավ իր հսկողության տակ պահել, զորքի և ՊԱԿ-ի օգտագործումն այդ նպատակով զգալի արդյունքներ չի տալիս: Տնտեսությունը վարչահրամայական եղանակով ղեկավարելու մեթոդներից հրաժարումն արագացրեց տնտեսության քայքայումը, որը կարող է հանգեցնել և՛ տնտեսական, և՛ քաղաքական քաոսի: Մյուս կողմից՝ անընդհատ հետաձգվում են մասնավոր բարեփոխումները, որոնց իրագործման առաջին փուլը բնորոշվելու է հսկայական արժեզրկումով ու գործազրկությամբ, որոնք այս բազմազգ կայսրությունում կհանգեցնեն անկանխատեսելի քաղաքական հետևանքների: Հասկանալի է նաև, որ տնտեսական բարեփոխումների իրականացման դեպքում տնտեսությունը երկրի ղեկավարության համար ամբողջովին կդառնա անկառավարելի՝ բերելով իր հետ նաև քաղաքական գործընթացի անկառավարելիություն:
Այս պայմաններում ոչ միայն մենք, այլ նաև երկրի ղեկավարությունը, որը մեզանից անհամեմատ շատ ավելի մեծ հնարավորություններ ունի ազդելու տեղի ունեցող գործընթացների վրա, չի կարող հաշվարկել կամ կռահել, թե ինչ ճանապարհով կընթանա երկիրը, ինչ է նրան սպասում այս կամ այն որոշումը ընդունելիս: Կարելի է միայն նշել դեպքերի զարգացման մի քանի հնարավոր տարբերակներ: Բայց մինչ այդ տարբերակների քննարկմանն անցնելը խոսենք ցանկությունների մասին: Մ.Գորբաչովի վարած քաղաքականությունից կարելի է կռահել, որ նրա ցանկությունն է ԽՍՀՄ-ի ամբողջ տարածքում կառուցել մի միասնական պետություն, որը հարմարեցված լինելով մարդկության զարգացման ուղղությանը՝ իր կառուցվածքով նման լինի ԱՄՆ-ին: Երկիրը բաժանված լինի մասերի (հանրապետություններ, ինքնավար միավորումներ, Ռուսաստանի երկրամասեր), որոնցից յուրաքանչյուրը ունենա մոտավորապես այնպիսի ազատություն և իրավունքներ, որպիսիք ունի ԱՄՆ-ի յուրաքանչյուր նահանգ:
Դատելով ըստ Արևմուտքի քաղաքական գործիչների հայտարարությունների և նրանց կողմից վարվող քաղաքականության՝ Արևմուտքը շահագրգռված է, որ Գորբաչովի այս ծրագիրը իրականանա: Այդ շահագրգռվածության արմատները պարզ են, ագրեսիվ, մեծ ռազմական ուժ ունեցող, բայց փակ և չզարգացող տնտեսության տեր կայսրության կամ նրա քայքայումից հետո առաջացած փոքր, տնտեսապես թույլ, ազգամոլությամբ տառապող և իրար դեմ պատերազմող պետությունների փոխարեն Արևմուտքը կցանկանար ունենալ մի հարևան, որի դեմոկրատական կառուցվածքը և բաց տնտեսական համակարգը երաշխավորեին Արևմուտքի ռազմական ապահովությունը՝ միաժամանակ բացելով նրա առջև հսկայական շուկա: Այնպես որ Արևմուտքը իր պրագմատիկ նպատակներից ելնելով՝ տվյալ ժամանակաշրջանում, ի տարբերություն նախորդ փուլի, չի խրախուսում ԽՍՀՄ-ի կազմում գտնվող որոշ հանրապետությունների անջատողական քաղաքականությունը: Չնայած դրան, ժամանակ առ ժամանակ հաշվի առնելով համաշխարհային հասարակական կարծիքը, Արևմուտքն ստիպված անում է որոշակի հայտարարություններ, նույնիսկ որոշ քայլեր՝ հիմնված այնպիսի համամարդկային արժեքների վրա, ինչպիսիք են ազատությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և այլն: Արևմուտքի քաղաքականության մեջ շատ մեծ դեր է խաղում նաև այն մտավախությունը, որ հանրապետությունների կենտրոնախույս շարժումը կարող է հանգեցնել քաոսի՝ անկանխատեսելի վտանգավոր հետևանքներով ոչ միայն կայսրության, այլև իր իսկ Արևմուտքի համար: Մտավախություն կա նաև, որ այդ շարժումը կարող է ստիպել ԽՍՀՄ-ին վերադառնալ իր նախորդ վիճակին:
Այսպիսով, Մ.Գորբաչովի և Արևմուտքի ցանկությունները այս հարցերում համընկնում են: Բայց միևնույն է, այդ ցանկությունները լրիվ իրագործվել չեն կարող: Կայսրությունը ստիպված է կրել տարածքային կորուստներ: Օրինակ կարող է ծառայել մերձբալթյան հանրապետությունների անխուսափելի անջատումը կայսրությունից: Այդ մտքի հետ արդեն ստիպված հաշտվել է համարյա ամբողջ Ռուսաստանը: Գոյություն ունի երկու կարևոր հանգամանք, որոնք թույլ չեն տա ԽՍՀՄ-ի ամբողջ տարածքում ստեղծել ԱՄՆ-ի նման մի պետություն: Առաջին՝ ի տարբերություն ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի կազմում գտնվող շատ ժողովուրդներ ներառվել են կայսրության կազմի մեջ իրենց պատմական հայրենիքով, և շատ մեծ է վերստին սեփական պատմության ուղին կերտելու նրանց ցանկությունը: Երկրորդ՝ այն տնտեսական վերափոխումները, որոնք անխուսափելիորեն պետք է իրագործվեն ԽՍՀՄ-ում, և որոնք գոնե սկզբնական շրջանում կուղեկցվեն ժողովրդի կենսամակարդակի կտրուկ իջեցումով, կնպաստեն կենտրոնախույս ուժերի հզորացմանը: Յուրաքանչյուր հանրապետություն, բնականորեն ելնելով իր շահերից, կաշխատի իր տնտեսության զարգացումը իրականացնել ուրիշների հաշվին, հարուստը չի ցանկանա կիսվել աղքատի հետ: Օրինաչափ է նաև, որ տնտեսական վերափոխումները տարբեր ձևերով և տարբեր արագություններով ավելի հեշտ է իրագործել կայսրության առանձին մասերում, քան մեծածավալ կայսրության ամբողջ տարածքում միաժամանակ և միևնույն եղանակով: Այս հանգամանքը ևս կնպաստի կենտրոնախույս ուժերի հզորացմանը:
Այժմ տեսնենք՝ մենք ինչ ենք ուզում:
Հասկանալի է, որ Ռուսաստանը չի վերանա աշխարհի երեսից, և վաղ թե ուշ կայսրությունից մնացած ամենամեծ բեկորի վրա կկառուցվի միասնական Ռուսաստան: Մի կողմ թողնենք, թե քանի փուլում կիրականացվեն այդ խնդիրները, ինչ զոհեր կպահանջվեն, ինչ արհավիրքներ կհանդիպեն ճանապարհին: Ենթադրենք (համարյա ֆանտաստիկ մի բան) մեզ հաջողվում է անցնել բոլոր արհավիրքների միջով և ստեղծվելիք միասնական դեմոկրատական Ռուսաստանի մասը կազմել: Արդյոք դա մեզ ձե՞ռք է տալիս, թե՞ ոչ: Ըստ իս, ոչ: Եթե այդ գրեթե անհավանական տարբերակը իրագործվի, և մենք մասը կազմենք միասնական դեմոկրատական Ռուսաստանի, ապա դրանով կվերջանա հայ ժողովրդի հազարամյակների պատմությունը, ինչպես որ, օրինակ, վերջացած է Շոտլանդիայի և Ուելսի ազգային պատմությունը. երկրներ, որոնցում կան, իհարկե, անկախության ձգտող կուսակցություններ, բայց այդ ժողովուրդների համատարած անգլիացումը, Մեծ Բրիտանիայում տիրող իրավահավասարությունը, բարձր կենսամակարդակը հանգեցրել են այն բանին, որ շոտլանդացիների ու վալիացիների ճնշող մեծամասնությունը սոսկ էկզոտիկ մի բան է դարձել: Այդպիսով այդ ժողովուրդները դուրս են մղվել մարդկության պատմության թատերաբեմից, և ինչպես այժմ չկան շումերներ, արամեացիներ, դակեր, գարգարացիներ, ինչ-որ ժամանակից հետո չեն լինի նաև շոտլանդացիներ, վալիացիներ: Մի՞թե մենք ուզում ենք նույն բախտին արժանանալ:
Մենք՝ հայերս, տեսել ենք՝ ինչպես են կառուցվում եգիպտական բուրգերը, պատերազմել ենք Ասորեստանի և Հին Հռոմի դեմ, Տիգրան Մեծի ժամանակ տարածվել ենք մինչև Կարմիր ծով, ականատես և մասնակից ենք եղել համաշխարհային կրոնների՝ քրիստոնեության ու մահմեդականության առաջացմանն ու տարածմանը, մեր աչքերի առջև ստեղծվել և քանդվել են հզորագույն կայսրություններ, շատ բան ենք տվել աշխարհին ու շատ բան վերցրել՝ անցնելով փորձություններով լի ճանապարհ, բայց իմ խորին համոզմամբ, ամեն ինչ դեռ առջևում է, մենք դեռ չենք կատարել այն առաքելությունը, որի համար ստեղծել է մեզ Աստված, և սրբապղծություն կլինի Աստծո, մարդկության և մեր նախնիների հանդեպ, եթե մենք հրաժարվենք կրել մեր խաչը, չիրագործենք անկախ պետականությունը վերականգնելու մեր հնարավորությունը առաջին իսկ հարմար պահին: Հետևաբար դեպքերի զարգացման այն ֆանտաստիկ տարբերակը, որի իրականացման դեպքում մենք, հրաշքով անցնելով քանդվող կայսրությանը սպասող բոլոր արհավիրքների միջով, մասը կկազմենք միասնական Ռուսաստանի, մեզ ձեռք չի տալիս: Մենք պետք է ձգտենք վերականգնել մեր անկախ պետականությունը:
Ցանկություններից և ֆանտաստիկ վարկածներից նորից գանք մեր օրերին: ԽՍՀՄ-ը, լուրջ հանգամանքներից դրդված, մինչ այդ եղած մի կայուն վիճակից անցնում է մի այլ կայուն վիճակի: Մենք այժմ գտնվում ենք այդ անցման ժամանակաշրջանում, անջատվելու հնարավորությունը երբեք բնութագրական չէ պետության կայուն վիճակին: Հետևաբար անկախ պետականության վերականգնման մեր ցանկությունը պետք է իրագործենք հենց այս անցման ժամանակաշրջանում, որի տևողությունը մեզ դեռ հայտնի չէ:
Դիտարկենք դեպքերի զարգացման հնարավոր տարբերակները:
Անգլիական տարբերակ
Սա մեզ համար ամենացանկալի, բայց և ամենաանհավանական տարբերակն է, որն իրականանալու դեպքում ԽՍՀՄ-ում կկատարվի նույնը, ինչ կատարվեց Մեծ Բրիտանիայի կայսրությունում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այսինքն՝ բոլոր նվաճված ժողովուրդները գրեթե առանց պայքարի հետզհետե կստեղծեն իրենց անկախ պետությունները: Դեպքերի այսպիսի զարգացումն ամենաբարենպաստն է մեզ համար, որովհետև հնարավորություն է տալիս չշտապել, քայլ առ քայլ բարելավել տնտեսությունը, հանրապետությունում ստեղծել առողջ բարոյական մթնոլորտ, ազատվել յոթանասուն տարիների ընթացքում մեզ պարտադրված բարքերից, վերադառնալ ազգային արմատներին, զարգացնել ժողովրդավարության սաղմերը, այս կամ այն ձևով վերջնականապես լուծել Ղարաբաղի հարցը և հետո, առանց մեծ պայքարի, հարմար պահին դուրս գալ ԽՍՀՄ-ի կազմից: Դեպքերի այսպիսի բարենպաստ զարգացումը ես գրեթե անհավանական եմ համարում հետևյալ պատճառներով: Դրանցից մեկը արդեն նշեցի՝ ԽՍՀՄ-ի տնտեսական անկայուն վիճակն է, որից հանդարտ դուրս գալու ճանապարհը չի երևում:
Երկրորդ. Անգլիան իր կայսրությունը ստեղծելիս հիմնականում առաջնորդվում էր անգլոսաքսերին բնորոշ պրագմատիկ նպատակներով՝ հետապնդելով նյութական շահ, և երբ փոխվեց համաշխարհային տնտեսական համակարգը, երբ տեղի ունեցավ գիտատեխնիկական հեղափոխությունը, որը զարգացման նոր հեռանկարներ բացեց, և արդեն գաղութներ ունենալով չէր պայմանավորված երկրի տնտեսության զարգացումը, Անգլիան առանց մեծ պայքարի ազատություն տվեց իր նվաճած ժողովուրդներին: Ռուսաստանի դեպքում քիչ այլ է պարագան: Այս երկրի զավթողական քաղաքականությունն ուներ մի կարևոր յուրահատկություն. Ռուսաստանն, իհարկե, տնտեսապես օգտվում էր իր նվաճած երկրների բնական հարստություններից, բայց դա չէր նրան առաջ մղող հիմնական պատճառը: Ռուս ժողովրդի մեջ շատ խորն է մտած այն գաղափարը, որ նվաճողական քաղաքականություն վարելով և տարածվելով՝ կատարում է Աստծուց թելադրված առաքելություն, երջանկացնում է այն ժողովուրդներին, որոնց նվաճում է իր տարածվելու ճանապարհին ու ռուսացնում: Ռուսաստանի համար հեշտ չի լինի հրաժարվել այդ գրեթե միստիկ բնույթ կրող ազգային փիլիսոփայությունից: Կա նաև մի այլ հանգամանք. նույնիսկ Անգլիան հեշտությամբ չհրաժարվեց իր նվաճած այն տարածքներից, որոնք կազմում էին իր ազգային տարածքի անմիջական շարունակությունը: Շատ մեծ դժվարությամբ նա ազատություն տվեց Հարավային Իռլանդիային, իսկ Հյուսիսայինը դեռ պայքարի մեջ է, բացի դրանից, չազատագրվեցին Շոտլանդիան և Ուելսը: Իսկ Ռուսաստանի նվաճած բոլոր տարածքները իր տարածքի անմիջական շարունակությունն են կազմում, և պարզ է, որ այդ տարածքներին նա հեշտությամբ ազատություն չի տա:
Անգլիական տարբերակը քննարկելիս հարկ եմ համարում նշել նաև, որ նույնիսկ Անգլիայից հեշտությամբ ազատագրված գաղութները, որպես կանոն, նախապես հռչակում էին անկախ պետություն ստեղծելու իրենց նպատակը, ապա բանակցություններ վարում Անգլիայի կառավարության հետ, ընդ որում, նշվում էր անցման շրջանի ժամկետը, որի ընթացքում միայն հնարավոր էր լինում քայլ առ քայլ գնալ դեպի ինքնուրույնություն: Փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ եթե դեպքերը զարգանան այս գրեթե անհավանական տարբերակով, անհրաժեշտ կլինի վճռականություն ցուցաբերել և պաշտոնապես հայտարարել անկախ պետականություն վերականգնելու մեր նպատակի մասին, որից հետո՝ կենտրոնի հետ վարվելիք բանակցությունների դրական արդյունքի դեպքում, հնարավոր կլինի զարգացնել անկախ տնտեսություն:
Կանգառների տարբերակ
Դիտարկենք դեպքերի զարգացման առավել հավանական այս տարբերակը: Ամենայն հավանականությամբ Ռուսաստանի՝ միասնական դեմոկրատական պետության ստեղծման ճանապարհը մի քանի հանգրվան կունենա: Եթե ԽՍՀՄ-ին հաջողվի ինչ-որ չափով դուրս գալ ներկայիս ծանր ճգնաժամից, մի քիչ իր զարգացումը հարմարեցնի համաշխարհային զարգացման ուղղությանը, բարձրացնի ժողովրդի կենսամակարդակը, հնարավորություն ունենա մոտենալու ժամանակակից տեխնոլոգիաներին, ապա կառաջանան ուժեր (ամենայն հավանականությամբ հենց ինքը՝ Գորբաչովը), որոնք շահագրգռված կլինեն չշարունակել ընթացքը վերափոխումների ուղղությամբ և բավարարվել ձեռք բերածով:
Նորից դռները կփակվեն այն ժողովուրդների առջև, որոնք մինչ այդ անջատված չեն լինի կայսրությունից, և կստեղծվի կիսադեմոկրատական մի պետություն, որն այդ վիճակում կմնա մինչև իր հաջորդ հարմարեցումը համաշխարհային զարգացման հոսանքին: Եվ այսպես փուլ առ փուլ, յուրաքանչյուր փուլն՝ իր անկանխատեսելի արհավիրքներով, իսկ փուլերի միջև ընկած ժամանակամիջոցներում՝ մեզ սպասող ազգային ուծացում: Պայթյուն պայթյունի ետևից, որոնցից յուրաքանչյուրը կարող է մեր ազգի գոյատևման վերջակետը դնել: Այս պայմաններում անկախ պետականության վերականգնումը ոչ միայն հետապնդում է ազգային վեհ նպատակներ, ոչ միայն ազատագրում ստրկությունից, բարեկեցիկ կյանքի հնարավորություն ընձեռում, այլև դառնում է մեր ժողովրդի գոյատևման միակ պայմանը:
Քանդվելու տարբերակ
Ինչպես արդեն նշեցինք ԽՍՀՄ-ի այժմյան վիճակը նկարագրելիս, երկրի տնտեսությունը անելանելի վիճակում է, ընդլայնվել են կենտրոնախույս ուժերը, տեղի են ունենում անկառավարելի գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել կայսրության փլուզման:
Եթե փորձ արվի կոպիտ միջամտությամբ կանգնեցնել երկրում տեղի ունեցող գործընթացը, ապա կարճատև դադարից հետո դա անխուսափելիորեն կհանգեցնի քաոսի, պայթյունի, և կայսրությունը կսկսի քանդվել ավելի մեծ արագությամբ: Այդ դեպքում մեզ սպառնում է կայսրության փլատակների տակ մնալու վտանգը: Ցանկալի է ոչ թե պայթյունի շնորհիվ ձեռք բերել մեր անկախությունը, այլ այդ քայքայումը դիմավորել որպես արդեն անկախ պետություն՝ ճանաչված աշխարհի այլ պետությունների կողմից: Բացի մնացած ակնհայտ առավելություններից, նշենք նաև հետևյալը. չնայած մեր հարևան Թուրքիան ջանքեր է թափում՝ գնալու աշխարհի ընդհանուր զարգացման ուղղությամբ, արտաքին նվաճողական քաղաքականությունից անցնելով ներքին զարգացման քաղաքականության, դառնալով զարգացած (և պետք է խոստովանել, որ բավականին առաջադիմել է այդ ճանապարհին), բայց ԽՍՀՄ-ի անղեկավարելի քայքայման դեպքում շատ հավանական է, որ Թուրքիայում գլուխ բարձրացնեն առայժմ քաղաքական մեծ կշիռ չունեցող ուժերը, և այդ երկիրը մի պահ շեղվի իր ընտրած վերոհիշյալ ճանապարհից, կլանի ԽՍՀՄ-ի առավել հեշտությամբ մարսվող բեկորները ու հետո նորից գնա իր ճանապարհով:
Դեպքերի նշված զարգացման պարագայում նման վտանգ կարող են ներկայացնել ԽՍՀՄ-ի մյուս հարևանները՝ ջանալով կլանել քայքայվող կայսրության ուրիշ հատվածներ: Հասկանալի է, որ եթե մինչ այդ մենք անկախացած լինենք, կունենանք մեծ առավելություններ ինչպես Հայաստանի պաշտպանության, այնպես էլ մեր որոշ ազգային հարցերի լուծման գործում:
Այսպիսի զարգացումը հնարավոր կլինի այն դեպքում, եթե, չնայած ԽՍՀՄ-ի ղեկավարության ջանքերին և Արևմուտքի ցանկությանը, հնարավոր չլինի ազդել անղեկավարելի գործընթացների վրա և կանխել երկրի՝ պայթյունով ու քաոսով քանդվելու հեռանկարը: Այդ գործում շատ մեծ նշանակություն ունի ԽՍՀՄ-ում գործող ուժերի զսպվածությունը, հանուն ընդհանուր շահի՝ հրաժարումը եսամոլական ձգտումներից: Ասածս լուսաբանելու համար բերեմ Մերձբալթյան հանրապետությունների օրինակը. օգտվելով հարմար առիթից, իմ կարծիքով, ճիշտ հաշվարկ անելով, նրանք կատարեցին վճռական քայլ՝ միմյանցից տարբեր ձևերով հռչակելով անկախություն: Եվ չնայած նրանք անկախություն դեռևս չեն ստացել և այդ գործընթացը կարող է տևել տարիներ, գլխավորն արված է, նրանք ապահովել են իրենց մի կողմ քաշվելը ԽՍՀՄ-ի փլուզման դեպքում, իրագործել են իրենց ժողովուրդների փափագը, ստացել ինքնուրույն զարգացման հնարավորություն: Թեև այդ գործողություններով նրանք դժվարին կացության մեջ դրեցին ԽՍՀՄ-ի մյուս ժողովուրդներին, ավելացրին լարվածության աստիճանը երկրում, պոկեցին մի կարևոր օղակ ազատագրվող ժողովուրդների շղթայից, ժողովուրդներ, որոնք ջանում էին ուս ուսի տված, քայլ առ քայլ ազատագրվել կայսրությունից: Կարելի՞ է արդյոք մեղադրել մերձբալթյան հանրապետություններին եսամոլության մեջ: Կարելի է մեղադրել, կարելի է և չմեղադրել, դա չէ էականը, այլ այն, որ քաղաքական պարզագույն օրենքը ասում է՝ եթե ունես ազգային որևէ ծրագիր իրականացնելու հնարավորություն, ապա պարտավոր ես այն անմիջապես օգտագործել, չզոհաբերել ազգային շահը հանուն ուրիշների: Հետո կարող է ուշ լինել: Ով չի օգտվում իրեն ընձեռված այսպիսի հնարավորությունից, պատմությունը նրան չի ներում: Այդպիսին են քաղաքականության դաժան օրենքները, և կամա թե ակամա մենք էլ պետք է ենթարկվենք այդ օրենքներին:
Այս տարբերակի քննությունը ցույց է տալիս, որ մեր ազգային ծրագրի իրականանալու հնարավորությունը շատ հավանական է:
Նախորդ մասում նշեցինք մի կարևոր իրողություն. ԽՍՀՄ-ը, լուրջ հանգամանքներից դրդված, մինչ այդ եղած մի կայուն վիճակից անցնում է մի այլ կայուն վիճակի: Մենք այժմ գտնվում ենք այդ անցման շրջանում: Կարևոր է նկատել, որ անջատվել հնարավոր է միայն անցման շրջանում, անջատվելու հնարավորությունը երբեք բնորոշ չէ պետության կայուն վիճակին: Այդ տեսանկյունից ելնելով՝ մենք քննեցինք դեպքերի զարգացման տեսականորեն հնարավոր երեք տարբերակ: Բացի առաջին տարբերակից, որի իրականանալու հնարավորությունը չնչին է, մյուս տարբերակների քննությունը ցույց է տալիս, որ պետք է անջատվել հնարավորին չափ շուտ. դանդաղելը կարող է վտանգավոր լինել ազգի գոյության համար:
Շտապելն անհրաժեշտ է նաև այլ պատճառով: Բանն այն է, որ այն մտայնությունը, թե մնալով ԽՍՀՄ-ի կազմի մեջ՝ հնարավոր է զարգացնել մեր տնտեսությունը և հետո նոր դուրս գալ, անհիմն է: Դա այն խայծերից մեկն է, որով աշխատում են մեզ պահել կայսրության մեջ, մինչև իրենք կկարգավորեն իրենց հարցերը, այսինքն՝ անցման շրջանի խայծ: Իրականությունն այն է, որ մեզ տալիս են ինչ-որ քանակությամբ մթերք ու հումք, որոնց դիմաց պահանջելու են ավելի ու ավելի մեծ վճար, մյուս կողմից՝ բազմաթիվ օրենքների միջոցով մեզ արգելում են ինքնուրույն զարգացնել մեր տնտեսությունը: Իհարկե, մեծ պայքար ծավալելով՝ կկարողանանք շրջանցել առաջացած խոչընդոտների մի մասը, բայց միշտ կառաջանան նորերը, և մեր գերագույն խորհրդի հիմնական աշխատանքը դարձյալ կլինի բողոքի նոտաներ կազմելը, կենտրոնի հետ անընդհատ առճակատման մեջ մտնելը և միշտ չնչին արդյունքներով: Ոչ մի բան այնքան չնպաստեց մերձբալթյան հանրապետություններին շտապ անկախության ճանապարհն ընտրել, որքան վերջին շրջանի իրենց փորձից եկած այն համոզմունքը, որ հնարավոր չէ զարգացնել տնտեսությունը՝ շարունակելով մնալ ԽՍՀՄ-ի կազմի մեջ: ԽՍՀՄ-ի տնտեսությունը դեռ երկար ժամանակ շարունակելու է գահավիժել՝ իր հետ քաշելով նաև մեզ, չտալով զարգացման ոչ մի հեռանկար: Մենակ մնալով՝ մենք սկզբում, հնարավոր է, ավելի մեծ արագությամբ ընկնենք տնտեսական անդունդը, բայց և կապված չլինելով հսկայական երկրի քայքայված տնտեսությանը՝ անհամեմատ ավելի արագ դուրս կգանք անդունդից: Այս հարցում մեծ նշանակություն կունենան մեր ինքնուրույն լինելը, հայ ազգին բնորոշ ձեռներեցությունը և սփյուռքի գոյությունը:
Այսպիսով պետք է շտապել անկախանալ: Բայց առաջանում է նպատակը իրականացնելու հնարավորության հարցը: Ճիշտ է, ԽՍՀՄ-ի կազմի մեջ մնալը մեզ ոչ մի հեռանկար չի խոստանում, ճիշտ է, դանդաղելը կարող է վտանգավոր լինել մեզ համար, բայց ճիշտ է նաև, որ նույնչափ վտանգավոր կարող են լինել չմտածված հապճեպ քայլերը: Մենք դառը փորձ ունենք, գիտենք, թե ինչքան վտանգավոր է կտրուկ շարժումներ անելը քայքայվող կայսրության մեջ: Այդ տեսակետից այժմ քննենք տիրող իրավիճակը ԽՍՀՄ-ում:
Վերը նշեցինք, որ ռուս ժողովրդի համար շատ դժվար կլինի համակերպվել այն մտքի հետ, որ կարող է կորցնել նվաճած տարածքների մի մասը (դա ինչ-որ չափով բնորոշ է բոլոր նվաճողներին): Այս հարցում մեծ նշանակություն ունի ինչպես ռուս ժողովրդին հատուկ հոգեբանությունը, որը նրա մեջ արմատացել է դարերի ընթացքում, այնպես էլ նրա ցանկությունը՝ շարունակել ռազմական., քաղաքական նպատակներով օգտվել նվաճված տարածքներից: Բայց այժմ մի զարմանալի հոգեբանական վիճակ է ստեղծվել ռուս ժողովրդի մեջ, որը նպաստավոր է մեր նպատակներին հասնելու համար: Բանն այն է, որ Ռուսաստանի խճճվածությունը սեփական գործերի մեջ մի պահ մոռացնել է տվել նրա կայսերական բնազդն ու ձգտումները: Երկրի անմխիթար տնտեսական վիճակի համար մեղավորներ փնտրելը և այդ վիճակից դուրս գալու ձգտումը ռուսներին բերել են այն համոզման, որ իրենք մինչ այժմ ծառայում էին նվաճված ժողովուրդներին «երջանկացնելուն» ու սկսում են հետապնդել իրենց տնտեսական շահերը՝ մի քիչ նեղացած «անշնորհակալ» ժողովուրդներից և ասելով՝ գնացեք, ինքներդ պահեք ձեր գլուխը: Բացի դրանից, վերջին երկու տարվա իրադարձությունները, հրապարակումները ռուսների մի մասի մեջ առաջացրել են նվաճված ժողովուրդների հանդեպ մեղքի զգացում, և նրանք ձգտում են ապացուցել, որ հրաժարվում են իրենց նախորդ քաղաքականությունից, համաձայն են ազատություն տալ այդ ժողովուրդներին (նույն մեղքի զգացումն էր առաջացել գերմանացիների մեջ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որն այժմ մեծ արագությամբ չքանում է իրենց հզորանալուն զուգընթաց): Այս ամենը անցողիկ է և կարճատև. ճիշտ է նկատել Մ.Գորբաչովը իր ելույթներից մեկում, որ կայսերապաշտությունը նստած է իրենց գեների մեջ: Ավելին, ես կասկածում եմ, որ այս ամենի մեջ օբյեկտիվ պատճառների հետ միասին խառն է նաև Մ.Գորբաչովի մատը:
Բանն այն է, որ ինչպես մենք նկատեցինք վերը, Մ.Գորբաչովը փորձում է միաժամանակ լուծել երկու իրարամերժ խնդիրներ: Մի կողմից ապահովել երկրի դեմոկրատական, տնտեսական զարգացումը՝ աշխատելով գնալ համաշխարհային առաջընթացի ուղղությամբ, մյուս կողմից՝ ձգտում է անհավասարաչափ զարգացման, դավադրությունների, զորքի, տնտեսական և ազգային խայծերի միջոցով անցման շրջանում պահպանել կայսրության տարածքային ամբողջությունը: Համոզվելով, որ երկու խնդիրը միաժամանակ լուծել հնարավոր չէ, նա, իմ կարծիքով, ընտրելով համաշխարհային առաջընթացի ուղին, ստիպված եկել է այն եզրակացության, որ պետք է համակերպվել տարածքային որոշ կորուստների մտքին: Իհարկե, ինչքան քիչ, այնքան լավ: Բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե ինքը՝ ռուս ժողովուրդը, համաձայնի դրան: Գորբաչովը մի կողմից սկսում է ռուս ժողովրդի մեջ զգուշությամբ ներարկել այդ գաղափարը, մյուս կողմից՝ անսպասելիորեն խոսում է «պապերի արյունով նվաճված» տարածքները չկորցնելու մասին: Դա նրա սիրած քաղաքականությունն է: Սկզբում հրում է հարցը առաջ, ստեղծում հասարակական կարծիք, հետո սկսում է զսպել, որպեսզի գործընթացը վտանգավոր արագություն և մեծ չափեր չստանա, միաժամանակ խոսելով հակառակ ընթացքի մասին՝ իր համար ալիբի է ապահովում: Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել: Հիշենք միայն մեկը. նա նույն ձևով վարվեց բազմակուսակցական համակարգի անցնելու գործում: Երբ 1988թ. անսպասելիորեն սկսեց խոսել այն մասին, որ բացի կոմունիստականից, ուրիշ կուսակցություններ պետք չեն, շատերին հասկանալի դարձավ, որ կոմունիստական կուսակցության մենիշխանությունը դատապարտված է: Գորբաչովն ինքն իրեն միշտ վերագրում է զսպող ուժի դեր, որը հարմարվում է քաղաքական հանգամանքներին: Նույնիսկ կարևոր չէ՝ ինքը գիտակցում է իր այդ քաղաքականությունը, թե դա կատարվում է բնազդով: Կողքից նայելիս կարելի է միայն հիանալ, թե ինչքան վարպետորեն է դա արվում: Այնպես որ, իմ կարծիքով, ռուս ժողովրդի կայսերապաշտական տրամադրությունների փոփոխման մեջ իրական պատճառների հետ դեր է խաղում նաև գորբաչովյան վերը հիշատակված քաղաքական խաղը: Այժմ Ռուսաստանում տիրող տրամադրություններից վարպետորեն օգտվեց Բ.Ելցինը՝ ստանալով մեծ քաղաքական կշիռ և դրանով իսկ ավելացնելով ԽՍՀՄ-ի անկայունության աստիճանը:
Վերն ասվածը չի նշանակում, թե Մ.Գորբաչովը առանց դիմադրելու կհամաձայնի Հայաստանի անկախ պետականությունը վերականգնելու գաղափարին, կամ որ ռուս ժողովուրդը հեշտությամբ կհաշտվի դրա հետ: Իմ կարծիքով, պարզապես սկսվել է մի շրջան, որը նպաստավոր է մեր անկախության հարցը բարձրացնելու համար, և այդ ժամանակաշրջանը կարող է երկար չտևել: Բայց վճռական նշանակություն ունի, թե մենք ինչպես կբարձրացնենք այդ հարցը:
ԽՍՀՄ-ի ղեկավարության համար անընդունելի կլինի և մեզ համար՝ շատ վտանգավոր, եթե մենք անկախություն հռչակենք Լիտվայի օրինակով: Դեր են խաղում մի քանի հանգամանքներ.
- ԽՍՀՄ-ի ստրատեգիական նպատակները տարբեր են նրա Եվրոպական մասում, Կովկասում և Միջին Ասիայում: Քանի որ, երկրի զարգացման ուղղությունը համապատասխանեցնելով մարդկության ընդհանուր զարգացմանը, ԽՍՀՄ-ը ձգտելու է Եվրոպական շուկայի մասը կազմել, ուստի Եվրոպայում կորցրած նրա տարածքները այս կամ այն կերպ (իհարկե, նախկինից անհամեմատ թույլ չափով) կշարունակեն կապված լինել նրա հետ: Կովկասում ազատագրված ժողովուրդների մի մասը կարող է մտնել ուրիշ երկրների տնտեսական խմբի մեջ (այս դեպքում ԽՍՀՄ-ի համար շատ կարևոր նշանակություն կստանա Թուրքիայի ընդհանուր շուկա մտնելու հարցը): Միջին Ասիայի հանրապետությունները կորցնելը շատ ավելի վտանգավոր է, քանի որ նրանք անկասկած կմտնեն ուրիշ երկրների տնտեսական, քաղաքական փնջի մեջ և ընդմիշտ կորսված կլինեն Ռուսաստանի համար:
- Կովկասը Ռուսաստանի ավելի հին նվաճումներից է, քան մերձբալթյան նվաճումը: Ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Արևմուտքը հակված է ընդունելու, որ այդ տարածքներն արդեն Ռուսաստանի անբաժանելի մասն են: Բացի դրանից, Մերձբալթյան հանրապետությունների միացումը ԽՍՀՄ-ին մինչև օրս չի ճանաչվում մի շարք երկրների կողմից: Պետք է հաշվի առնել նաև, որ զորքի միջամտությունը Մերձբալթյան երկրներում, չհամապատասխանեցնելով նրանցում եղած խաղաղ քաղաքական պայքարի ձևերին և Արևմուտքի հիշողության մեջ արթնացնելով ԽՍՀՄ-ի ռազմական միջամտությունները Եվրոպայում (Հունգարիա, Չեխոսլովակիա և այլն), մեծ դիմադրության կհանդիպի Արևմուտքի կողմից: Դա չի կարող հաշվի չառնել Մ.Գորբաչովը, այս դեպքում առկա է նախորդ տարիներին ձեռք բերված և ԽՍՀՄ-ի համար շատ կարևոր միավորներ կորցնելու վտանգը: Զորքի միջամտությունը Անդրկովկասում դարձել է արդեն սովորական մի երևույթ և «ըմբռնումով» է ընդունվում Արևմուտքի կողմից: Այն մի փոքր անհանգստացնում է միայն անմիջական հարևաններին՝ Իրանին և Թուրքիային: Անդրկովկասում ցանկացած պահի կարելի է առաջացնել զինված ընդհարումներ, և զորքի օգտագործումը կլինի «պատճառաբանված» ու կանցնի Արևմուտքի լռության պարագայում:
Այժմ մեզ համար մեր անկախ պետականությունը վերականգնելու միայն մի ճանապարհ կա՝ սահմանադրականը, որը հնարավորություն է տալիս այդ գործն անել առանց կենտրոնի հետ առավել բացահայտ միջոցների դիմելու: Ճիշտ է, ամեն ինչ արվեց, որ մեր ժողովրդի մեջ թերահավատություն առաջանա սահմանադրական ուղու նկատմամբ, բայց ուրիշ ելք չկա: ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը ընդունել է միութենական հանրապետությունների անջատվելու վերաբերյալ մի բարդ օրենք, որից օգտվելով միայն՝ երևի կկարողանանք դիմել սահմանադրական եղանակով ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու քայլին: Պետք է դիմել այդ օրենքին` չմտնելով օրենքի կիրառման մանրամասների մեջ: Նկատենք միայն, որ օրենքից օգտվելուց առաջ անհրաժեշտ է ժողովրդի հետ բացատրական աշխատանք տանելու նախապատրաստական շրջան, ապա պետք է անցկացնել ոչ պաշտոնական հանրաքվե՝ անջատվելու հարցի վերաբերյալ ժողովրդի կարծիքն իմանալու համար: Դրանից հետո միայն Հայաստանի Գերագույն խորհուրդը իրավունք կունենա դիմելու օրենքին և կատարելու վճռական քայլեր: Բայց պետք է շտապել. մեզ տրված հնարավորությունը կարող է այլևս չկրկնվել: Պատմությունը ուշացողներին չի ներում: Առաջին քայլերը անելուց հետո հնարավորություն կունենանք բանակցելու ԽՍՀՄ իշխանությունների հետ մեր նոր՝ առայժմ կիսաանկախ կարգավիճակի վերաբերյալ, որում, ըստ օրենքի, կարող ենք մնալ 5 տարի՝ իրադրության փոփոխման դեպքում այժմյանից անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ ունենալով այս կամ այն վճռական քայլին դիմելու: Առայժմ չխոսենք, թե ինչ հակահարված կարող է տալ մեզ ԽՍՀՄ-ը մեր սահմանադրական իրավունքին դիմելու դեպքում: Տեսնենք, թե ինչ ենք ուզում ստանալ ԽՍՀՄ իշխանությունների հետ բանակցելու միջոցով, ինչ կարող է տալ մեզ այն կիսաանկախ կարգավիճակը, երբ դեռ ԽՍՀՄ կազմի մեջ ենք, բայց ինչ-որ չափով արդեն ինքնուրույն ենք: Նկատենք նաև, որ անկախությանը դիմելու մեր քայլը կնպաստի հարևանների հետ հարաբերությունների կտրուկ լավացմանը, մեզ վրա կբևեռվի ամբողջ աշխարհի ուշադրությունը, որով հրապուրվելը, իհարկե, վտանգավոր է, բայց որից չօգտվելը՝ անմտություն: Իսկ կիսաանկախ վիճակին հասնելը, եթե դա մեզ հաջողվի, և եթե Ռուսաստանը ստիպված լինի ընդունել այդ փաստը, միանգամից Ռուսաստանի աչքին արհամարհված ստրուկից կվերածվենք ստրատեգիական մեծ նշանակություն ունեցող ընկերակցի: Մենք ի՞նչ ծրագրեր պետք է փորձենք իրականացնել անցման այդ կիսանկախ ժամանակաշրջանում. տնտեսության ոլորտում կտրուկ շրջադարձ դեպի մասնավոր սեփականություն, ազատ շուկա, հողի և արտադրամիջոցների մասնավոր, անձնական և բաժնետիրական սեփականություն, բաց դռներ արտասահմանյան կապիտալի համար, մասնավոր սեփականության երաշխավորված անձեռնմխելիություն: Պետք է ոչ միայն խրախուսել արտասահմանյան երկրների հետ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, այլև հնարավորություն տալ տարբեր երկրների իրենց ձեռնարկությունները հիմնադրել մեր հանրապետության տարածքում: Այժմ ամբողջ աշխարհում այդ է զարգացման ուղին: Մենք էլ ինչ-որ ժամանակից հետո ձեռնարկություններ կունենանք ուրիշ երկրներում:
Կարևոր է մասնավոր սեփականության անցնելը և ազատ շուկայի ստեղծումը կատարել շատ արագ և կտրուկ առաջ ընկնել ԽՍՀՄ-ից: Դա մեզ հնարավորություն կտա համեմատաբար թեթև տանել պետական սեփականությունից մասնավորին անցնելու շրջանին բնորոշ ինֆլյացիան: Սկզբնական շրջանում մեր գործողությունների պատճառով առաջացած ինֆլյացիան կտարածվի խորհրդային ամբողջ դրամի հսկայական ծավալի վրա՝ առաջացնելով չնչին փոփոխություն: Բայց հետո պետք է շտապ անցնել սեփական դրամի ստեղծմանը, հակառակ դեպքում խորհրդային տնտեսության, ուստի և դրամի հիվանդ վիճակը թույլ չեն տա մեզ զարգացնել մեր տնտեսությունը: Մի խոսքով, տնտեսական անդունդը ընկնելիս պետք է բռնել խորհրդային դրամից և դուրս գալիս օգտվել սեփականից: Կյանքը ինչ-որ ժամանակ ծանր կլինի, հետո կամաց-կամաց կլավանա: Եթե մեկը պնդում է, թե հնարավոր է իրագործել այնպիսի տնտեսական ծրագիր, որ առանց կենսամակարդակի որոշ իջեցման միանգամից կարող է բարելավել ժողովրդի նյութական վիճակը, ապա նա ոչինչ չի հասկանում տնտեսությունից կամ ստելով՝ աշխատում է դուր գալ ժողովրդին, վաստակել քաղաքական կապիտալ: Դժվարություններ լինելու են, բայց ուրիշ ճանապարհ չկա (եթե մնանք ԽՍՀՄ-ի կազմում, ավելի ծանր ու երկարատև տնտեսական դժվարություններ կլինեն):
Պետությունը և բարեգործական ընկերությունները պետք է աշխատեն մեղմել չքավորի վիճակը: Կարևոր է գիտակցել նաև, որ միայն տնտեսության զարգացումն է հնարավորություն տալիս՝ հասնելու սոցիալական արդարության: Քիչը հավասարաչափ բաժանելը բերում է միայն հավասարաչափ աղքատության և զարգացման դադարի: Պետք է պայմաններ ստեղծել, որ մարդիկ հնարավորություն ունենան հարստանալու, բայց ազնիվ աշխատանքի, մասնավոր առևտրական-արտադրական ձեռնարկություններ հիմնելու, ձեռներեցության շնորհիվ և ոչ թե կողոպուտի միջոցով: Պետության պարտականությունն է հետևել, որ աղքատները շատ աղքատ չլինեն, հնարավորություն ունենան մարդավայել կյանքով ապրելու, իսկ հարուստները չօգտագործեն իրենց հարստությունը տնտեսության մեջ մենիշխանության հասնելու համար:
Սեփական դրամին անցնելուց հետո երկիրը զարգացնելու նպատակով անհրաժեշտ է Հայաստան հրավիրել միջազգային տարբեր ֆինանսական կազմակերպությունների: Ընդհանրապես ինչքան տարբեր երկրների կապիտալներ ներդրված լինեն Հայաստանում, ինչքան շատ տնտեսական կապերի, միությունների մեջ մտնենք, այնքան ավելի շատերը շահագրգռված կլինեն մեր անկախությունը ապահովելու մեջ: Իսկ հողի, արտադրամիջոցների մասնավոր սեփականությունը Հայաստանում կստեղծի մի խավ, որը ոչ միայն վեհ նպատակներից, այլև անձնական շահերից ելնելով, շահագրգռված կլինի պահպանել մեր անկախությունը:
Տնտեսության զարգացման համար, իհարկե, շատ մեծ նշանակություն ունի նաև մեր բոլոր հարևանների հետ առևտրական կապեր հաստատելը, հնարավորություն ունենալը օգտվելու համար նրանց ճանապարհներից՝ փոխադարձ օգուտ ստանալով այդ կապերից: Թուրքիայի հետ առևտրական կապերը չեն հակասում մեր ազգային շահերին և ըստ որոշ տեղեկությունների, նման առևտուրը իր համար շահավետ է համարում նաև Թուրքիան: Կարելի է բերել բազմաթիվ օրինակներ, թե ինչպես նույնիսկ բարդ քաղաքական հակասությունները չեն խանգարում հարևան երկրներին իրար հետ առևտրական հարաբերություններ հաստատել: Այդ նպատակով տարվելիք բանակցությունների մեր պայմանը պետք է լինի, իհարկե, Թուրքիայի կողմից 1915թ. ցեղասպանության փաստի ընդունումը՝ իր բոլոր հետևանքներով: Պարզ է, որ Թուրքիան էլ իր կողմից կներկայացնի իր պայմանները: Ես, անշուշտ, գիտակցում եմ, որ իմ այս առաջարկությունը ոգևորություն չի առաջացնի հայերիս, մանավանդ սփյուռքահայության շրջանում: Սփյուռքահայության մեջ տասնյակ տարիների ընթացքում հակաթուրքական գործոնը որոշակի ազգապահպան դեր է կատարել: Հոգեբանորեն դժվար է վերադառնալ իրական քաղաքականությանը, երբեմն շատ ճկուն այն քաղաքականությանը, որը վարում էր Թուրքիայի հետ Հայկական Հանրապետության ղեկավարությունը 1918-1920-ի դժվարին տարիներին: Բայց այդ իրական քաղաքականությունն անհրաժեշտ է, ժամանակը չի սպասում: Անմտություն կլինի միայն չորս հարևան ունենալու պայմաններում կամավոր հրաժարվել նրանցից մեկի հետ տնտեսական կապեր հաստատելուց և դրանով իսկ էապես սահմանափակել մեր մանևրելու հնարավորությունները: Առևտրական կապեր հաստատել Թուրքիայի հետ չի նշանակում մոռանալ 1915-ի ցեղասպանությունը, չի նշանակում նաև հրաժարվել մեր պատմական հողերից: Մենք դեռ կվերադառնանք այդ հարցին:
Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ տնտեսությունը և ընդհանրապես երկիրը զարգացնելու համար ամենակարևոր հումքը մարդն է: Այն հետամնաց երկրները, որոնք ազգային ծրագրեր էին իրականացնում՝ կառուցելով պողպատաձուլական գործարաններ, չզարգացան, իսկ նրանք, որոնք ուրիշներից պարտքով վերցրած դրամը ծախսեցին մասնագետներ պատրաստելու համար, այժմ մեծ քայլերով գնում են դեպի ընդհանուր բարեկեցություն: Ուստի չպետք է խնայել դրամական միջոցները մեր աճող սերունդը դաստիարակելու, կրթելու, մասնագետներ պատրաստելու համար: Շատ կարևոր է պարտադիր ուսուցումը ժամանակակից հայկական ազգային դպրոցում: Բարձրագույն դպրոցը, ստանալով ինքնուրույնություն, պետք է լայն կապեր հաստատի աշխարհի առաջադեմ գիտական կենտրոնների հետ, ուսանողության մի մասը պետք է ուսում ստանա նաև տարբեր երկրների լավագույն համալսարաններում: Ազգային կապիտալի ամենաարդյունավետ ներդրումը մասնագետներ պատրաստելն է:
Ինչ վերաբերում է ռազմական ծրագրերին, ապա, ամենայն հավանականությամբ, անցման շրջանում Հայաստանում գտնվող խորհրդային բանակը կշարունակի կատարել իր ստրատեգիական խնդիրները, իսկ մենք պետք է հնարավորություն ստեղծենք՝ ունենալու մեր ազգային բանակը: Այդ գործում, համակերպվելով մեր անխուսափելի անջատման փաստին, մեծ դեր կարող է խաղալ նաև ԽՍՀՄ-ը: Հետագայում, եթե Ռուսաստանը ցանկանա պահպանել ռազմական բազաներ մեր հանրապետության տարածքում, ապա դա պետք է դառնա առանձին բանակցությունների առարկա:
Ինչ վերաբերում է պետության կառուցվածքին, ապա հեծանիվ հնարելու հարկ չկա: Գոյություն ունի մեզանից շատ առաջ անցած ազգային այլ պետությունների փորձը:
Մենք նշեցինք, թե ինչ ծրագրեր ենք ուզում իրականացնել կիսաանկախությունից անկախություն գնալու ճանապարհին, բայց տեսնենք՝ մեզ հնարավորություն կտրվի՞ դառնալ կիսաանկախ: Ինչպես արդեն նշեցինք, այժմ սահմանադրական ճանապարհով անկախության գնալու բարենպաստ ժամանակ է. այդ կերպ անկախության գնալը թույլ չի տա ԽՍՀՄ–ի ղեկավարությանը բացահայտ ճնշում գործադրել մեզ վրա: Բայց դա չի նշանակում, որ դավադրությունների միջոցով փորձեր չեն արվի՝ մեզ հետ պահել այդ ճանապարհից: Օրինակ՝ փորձ կարվի արհեստականորեն սրել Ղարաբաղի հարցը, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի վրա առաջացնել հայ-ադրբեջանական ընդհարումներ: Այդ դեպքում, հաշվի առնելով կողմերի շահագրգռվածություններն ու հնարավորությունները, կարելի է ռազմական և դիվանագիտական ճանապարհով շտկել իրավիճակը: Տնտեսական ճնշումը նույնպես մեծ արդյունքներ չի բերի, ինչը չարդարացրեց նույնիսկ Լիտվայի պարագայում, երբ դա արվում էր բացահայտ: Բացի այս ամենից՝ պետք է գիտակցել՝ հաշվի առնելով երկրում տեղի ունեցող գործընթացները և տնտեսության արագ քայքայումը, որ այն տնտեսական ճնշումը, որը մեր դեմ կարող են կիրառել այժմ, շատ կարճ ժամանակից հետո դառնալու է սովորական երևույթ՝ անկախ մեր վարքից: Իրական վտանգը մեզ սպասում է ուրիշ կողմից:
Ընդհանրապես, եթե անդրադառնանք Անդրկովկասում տիրող քաղաքական պատկերին, ապա կարելի է նկատել, որ ԽՍՀՄ-ի ղեկավարությանը հաջողվել է Ադրբեջանի և Վրաստանի շարժումները այս կամ այն ձևով անվտանգ դարձնել իր համար: Զորքի միջոցով Ադրբեջանում շարժումը ջարդելուց հետո ժողովրդին տարբեր ձևերով կաշառել են. ամենամեծ կաշառքը Արցախն է: Արցախը և՛ կաշառք է, և՛ միջոց՝ Ադրբեջանին հետ պահելու կենտրոնախույս ձգտումներից: Ադրբեջանում այժմ մեծ շարժում չկա, չնայած ոչ մեկը չի կարող կանխատեսել, թե ինչ կլինի այնտեղ վաղը: Վրաստանի շարժումը այնքան է տրոհված, կենտրոնն այնքան հնարավորություններ ունի՝ խաղարկելու ազգային փոքրամասնությունների հարցը, և այնտեղ գործող կազմակերպություններն այնքան հեշտ են տրվում այդ խաղին, որ Վրաստանը նույնպես շատ չի մտահոգում ԽՍՀՄ-ի ղեկավարությանը: Ազգային փոքրամասնությունների հարցը, ինքնավար միավորումների գոյությունը հնարավորություն են տալիս կենտրոնին զսպել դեպի անկախություն գնալու Վրաստանի ձգտումը: Վրաստանի շարժումն ունի արտաքին փայլ, բայց ոչ՝ խորը էություն:
Այլ է պատկերը Հայաստանում: Մեր շարժումը, առաջինը լինելով ԽՍՀՄ-ում, մինչև այժմ պահպանել է իր միասնությունը, չնայած վերջին ժամանակաշրջանում զգացվում են ուժերի տրոհման որոշակի երևույթներ: Մինչև վերջերս շարժման միասնության կարևորագույն պատճառն այն էր, որ նա հավաքված էր մի ձողի շուրջ. դա Արցախի հարցն էր: Պակաս նշանակություն չուներ նաև մեր ազգային զարմանալի, դարերի ընթացքում արմատացած, շատերիս կողմից գուցե խորը չգիտակցված հատկանիշը՝ ցուցաբերել ուրիշ ազգերի համար անհասանելի և անհասկանալի կուռ միասնություն ազգային որևիցե հարցի շուրջ: Այժմ Արցախի հարցը չի կարող լինել շարժման ձող, չնայած մեր ժողովուրդը խորը գիտակցում է այդ հարցի վճռական նշանակությունը մեր ապագայի համար և կգնա բազմաթիվ զրկանքների այն վերջնականապես լուծելու նպատակով: Եվ մի օր, երբ առաջանա դրա անհրաժեշտությունը, ժողովուրդը միասնական պոռթկումով կկանգնի Արցախի մեր քույրերի ու եղբայրների կողքին՝ պաշտպանելու նրանց հնարավոր ոտնձգություններից: Չնայած այս ամենին, Արցախի հարցը, այնուամենայնիվ, այժմ շարժման ձող չէ: Այս հանգամանքը բացատրելու համար հարկ չկա փնտրել դավաճաններ կամ դավադրություններ: Կան օբյեկտիվ պատճառներ: Ժողովրդի մեծ մասը եկել է այն համոզման, որ զանգվածային շարժումը այժմ չի կարող նպաստել Արցախի հարցի լուծմանը, անհրաժեշտ է քչերի ամենօրյա պրոֆեսիոնալ աշխատանք, պետական մոտեցում: Շատերն արդեն հասկացել են՝ ինչ խոր շահեր են թաքնված այդ հարցի հետևում, հասկացել են նաև, որ այն աշխատանքը, որի նպատակն է մեր ազգի, պետության հզորացումը, ոչ թե շեղում է մեզ Արցախի հարցից, այլ ընդհակառակը, էապես ավելացնում է մեր հնարավորությունները՝ լուծելու այդ հարցը: Եթե Արցախի հարցը չի կարող լինել շարժման ձողը, ապա ինչը՞ կփոխարինի նրան:
Անդունդ գլորվող կայսրությունում տնտեսական, սոցիալական բարեփոխումներով հրապուրվելը անիմաստ է և չի կարող միավորել մեր ողջամիտ ժողովրդին: Կոմունիստական կուսակցությունն ավելի լավ, ազգային կուսակցությամբ կամ կուսակցություններով, «վատ» ղեկավարներին «լավերով» փոխարինելը միգուցե անհրաժեշտ աշխատանք է, բայց նույնպես չի կարող շատ ոգևորել մեր ժողովրդին, միավորել նրան: Ընդհակառակը, եթե չկա վերջնական նպատակ, ապա այդ պայքարը միայն կարող է նպաստել ազգի տրոհմանը: Այդ ուղղությամբ գնալով և մեծ ջանքեր թափելով՝ մենք չնչին արդյունքներ կունենանք: Գոյություն ունի միայն մի խնդիր, որի լուծումը ռեալ է, որի իրականացումը իսկապես կնպաստի մեր ազգի հզորացմանը, մի խնդիր, որին հասնելու ճանապարհին իշխանության հարցը լուծվում է բնական ձևով, որպես միջոց և ոչ թե որպես նպատակ՝ չտրոհելով մեր ազգային միասնությունը, մի խնդիր, որը միայն կարող է համախմբել ողջ աշխարհի հայությանը և որը միայն կարող է դառնալ շարժման ձող: Դա անկախ պետականությունը վերականգնելու խնդիրն է: Մենք դա դեռ խոր չենք գիտակցում, բայց Մոսկվան արդեն լավ հասկանում է, որ մենք ուշ թե շուտ կգանք այդ եզրակացության: Այդ է պատճառը, որ մեր շարժումն այժմ կայսրությունը համարում է իր համար ամենավտանգավորը Անդրկովկասում: Մոսկվան, գիտակցելով վտանգը, գերադասում է մեր հանրապետությունում իշխանությունը հանձնել իր համար այս նոր ժամանակներում անընդունելի, վարկաբեկված, հին ժամանակներից մնացած շահամոլ մարդկանց, միայն թե այն չանցնի ժողովրդին, շարժմանը: Ընդունում են չարյաց փոքրագույնը: Ժամանակավոր իշխանություն՝ շարժումը ջարդելու լիազորություններով: Ինչքան էլ դժգոհենք մեր միասնության պակասից, այն միասնությունը, որ այժմ ցուցաբերում է մեր ժողովուրդը, և որի նմանն այժմ կարելի է տեսնել միայն Մերձբալթյան հանրապետություններում, վախեցնում է Մոսկվային: Դրսից հարվածելը՝ կազմակերպելով հայ-ադրբեջանական ընդհարումներ կամ տնտեսական ճնշման դիմելը կարող են միայն նպաստել մեր ժողովրդի միասնությանը: Դա լավ են հասկանում Մոսկվայում, և խնդիր է դրված ամեն գնով տրոհել և ջարդել շարժումը:
Փորձ կարվի, և ես համոզված եմ՝ մոտ ժամանակներս, նույնիսկ չսպասելով մեր վճռական քայլերին, հերյուրանքներով շփոթեցնել ժողովրդին, թեկուզ կարճ ժամանակով վարկաբեկել շարժումը, առաջ մղել քաղաքում հայտնված որոշ անհայտ ծագում ունեցող զինված ջոկատներ, բանակներ, որոնք գտնվում են իշխանությունների վերահսկողության տակ, ընդհարումներ ստեղծել ջոկատների միջև, դրանց տրամադրել շարժման ղեկավարների դեմ, մինչև իսկ դիմել տեռորի: Եթե հաջողվի զենքի միջոցով ջարդել շարժումը, ապա կարճ ժամանակամիջոցում կզինաթափվեն ջոկատները (չարժե ինքնախաբեությամբ զբաղվել, խորհրդային բանակի համար դա դժվար գործ չէ):
Այս ամենն անելու համար անհրաժեշտ կլինի ԽՍՀՄ-ի բոլոր ժողովուրդների, մանավանդ ռուսների մեջ հակակրանք առաջացնել հայ ժողովրդի նկատմամբ: Բաքվում նույնանման նպատակի հասան՝ կազմակերպելով հայ բնակչության ջարդեր: Երևանում նույն արդյունքների կհասնեն՝ կազմակերպելով նորից մայիսի 27-ի11 նման դեպքեր: Դա դժվար չէ, եթե հաշվի առնենք, թե ինչ խառնաշփոթություն է տիրում զինված ջոկատների ենթակայության և ինքնագլուխ գործելու հարցում, եթե հաշվի առնենք նաև, որ երրորդ դասարանի կրթություն ունեցող ամեն մի «խմբապետ», հավաքելով իր ենթակայության տակ 7–10 զինված տղաներ, հնարավորություն է ստանում անպատիժ բռնագրավել մեքենաներ, դրամ շորթել, ինքնուրույն որոշումներ ընդունել ազգի ապագայի վերաբերյալ և իր գործողություններով ամբողջ ազգը կանգնեցնել անդունդի եզրին: Երբ Երևանում գոյություն ունեցող և իշխանությունների կողմից փայփայված այդ ջոկատները կատարեն իրենց հատկացված դերը (նույնիսկ չգիտակցելով, թե ինչ են անում), ապա կգա նաև նրանց վերջը: Պետք է լուրջ բացատրական, կազմակերպչական աշխատանք տանել ջոկատների հետ, արագ իրագործել Գերագույն խորհրդի որոշումը անվտանգության խորհուրդ ստեղծելու մասին, և այն ջոկատները, որոնք չեն ենթարկվի խորհրդին, հայտարարել օրենքից դուրս: Բայց այս ամենը հնարավոր է իրագործել միայն այն դեպքում, երբ մեր ժողովուրդը, գիտակցելով վտանգը, անհանդուրժողականություն ցուցաբերի ամեն մի զինված մարդու նկատմամբ, որը գտնվում է սահմանային գոտուց այս կողմ, նաև՝ զինված մարդու կողմից մարդկային արժանապատվությունը վիրավորող ամեն մի ոտնձգության հանդեպ: Անհրաժեշտ է նաև մեծ աշխատանք տանել ԽՍՀՄ-ի ժողովուրդներին մեր դիրքորոշումը, խնդիրները, գործելակերպը բացատրելու համար, ստեղծել բարենպաստ հասարակական կարծիք:
Անկախության ճանապարհով գնալու համար մեզ պետք է միասնություն: Եվ մենք կհասնենք միասնության: Բայց գոյություն չունի վերացական միասնություն, միասնությունը ստեղծվում է միայն ինչ-որ մի վեհ գաղափարի, իրական նպատակի շուրջ: Այդ նպատակը, այդ գաղափարը անկախությունն է:
Սահմանադրական եղանակով անկախության գնալը առաջացնում է բազմաթիվ խնդիրներ, որոնցից ամենադժվարը երևի Նախիջևանի հարցն է (որը պայմանավորված է նրա կղզիացված վիճակով): Կանգ չառնելով այդ իսկապես բարդ հարցի հնարավոր լուծումների տարբերակների քննարկման վրա՝ անցնենք Արցախի հարցին:
Քննարկվող հարցի հետագա ընթացքը լավ հասկանալու համար անհրաժեշտ է, իհարկե, համակողմանի խոր վերլուծության ենթարկել ղարաբաղյան շարժման նախորդ շրջանի ամբողջ քաղաքական պատմությունը: Առերես երևացող վազվզոցի, հանրահավաքների, գործադուլների, կոտորածների, Մոսկվայում, Երևանում ու Բաքվում ընդունված որոշումների տակ թաքնված էր բարդ, շատերի համար անհասկանալի խաղ, շահերի բախում, երբեմն նուրբ քաղաքականություն: Հարվածներ ու հակահարվածներ: Բազմաթիվ հարցեր: Հրահրվե՞լ է արդյոք ղարաբաղյան շարժումը, թե՞ բնական ձևով է առաջացել: Ի՞նչ իմաստ ուներ գնալ սահմանադրական ուղիով, եթե առջևում պարզ նշմարվում էր սահմանադրության 78-րդ հոդվածով ստեղծված սահմանադրական փակուղին: Ինչու՞ էր Մոսկվան պաշտպանում Ադրբեջանին: Արդյոք մենք մեզ ճի՞շտ պահեցինք Սումգայիթի ողբերգությունից հետո: Ո՞վ կազմակերպեց Սումգայիթը և ինչու՞: Ինչո՞վ բացատրել բանակի այն հսկայական դերը, որ նա ունեցավ 1988թ. նոյեմբերին Ադրբեջանից հայերին դուրս հանելու և Հայաստանից ադրբեջանցիներին տեղահանելու գործում: Ինչու՞ ձերբակալվեց «Ղարաբաղ» կոմիտեն և դրանից հետո Արցախում ստեղծվեց հատուկ կառավարման կոմիտե: Ադրբեջանի կողմից Հայաստանը շրջափակման ենթարկելը արդյոք անբարոյականությու՞ն էր, թե՞ սրամիտ և ազդեցիկ քաղաքական քայլ: Ինչու՞ նոյեմբերի 28-ի12 որոշումը ընդունելիս մերձբալթյան ներկայացուցիչները մեր դեմ քվեարկեցին: Ինչո՞վ բացատրել, որ չնայած դեռևս «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալված ժամանակ առաջարկվել էր Գերագույն խորհրդում որոշում ընդունել այն մասին, որ Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է, սակայն մենք դեմ էինք այդպիսի որոշում ընդունելուն: Ինչու՞ «Ղարաբաղ» կոմիտեն դեկտեմբերի 1-ին պարտադրեց Գերագույն խորհրդին որոշում ընդունել միացյալ հանրապետություն ստեղծելու վերաբերյալ: Ճի՞շտ էր արդյոք այդ որոշումը, թե՞ սխալ: Ի՞նչն էր պատճառը, որ 1989թ. աշնանը Հայաստանի շրջկոմների քարտուղարները, գործարանների տնօրենները, Կենտկոմը աշխատում էին իրենց ձեռքը վերցնել ղարաբաղյան շարժումը, և հաճախ այն տպավորությունն էր ստեղծվում, որ «Ղարաբաղ» կոմիտեն այլևս չի զբաղվում Ղարաբաղի հարցով:
Այս ամենը և բազմաթիվ այլ հարցեր դեռ սպասում են վերլուծության, սպասում են իրենց քաղաքական մեկնաբանմանը: Չարժե փնտրել բարդ դավադրություններ: Այս բոլոր հարցերն ունեն պարզ տրամաբանական պատասխաններ, բայց կարևորն այն է, որ դրանք բոլորը կապված են իրար հետ, պատահական չեն և կազմում են քաղաքական շղթա: Նշված հարցերի պատասխանները, երևույթների բացատրությունը մի առանձին հոդվածի նյութ կարող են լինել: Ինչ վերաբերում է հարցի ապագա ընթացքին, ապա կարճ ասեմ: Մենք, իհարկե, պետք է փորձենք միս ու արյուն տալ դեկտեմբերի 1-ի որոշմանը, բայց այդ որոշումը դեռ երկար ժամանակ իրականացնել հնարավոր չի լինի: Ավելին, որոշ դեպքերում կօգտագործվի մեր դեմ: Որոշումը և նրա իրականացման ուղղությամբ տարվելիք հնարավոր աշխատանքները պետք է համարել առայժմ մեր ներքին գործը՝ չթմբկահարելով այն ուրիշների մոտ: Արտաքին աշխարհին Արցախի հարցը պետք է շարունակի ներկայանալ իր բնական տեսքով, այսինքն՝ որպես մի հարց, որի հիմքում ընկած են ազգերի ինքնորոշման և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները, առանց կապելու այդ հարցը Հայաստանի հետ: Շատ կարևոր քաղաքական նշանակություն ունի այն հանգամանքը, որ մի քանի ամիս է, ինչ Արցախը, փաստորեն առանց Հայաստանի միջամտության, շարունակում է պայքարել իր ինքնուրույնությունը պահպանելու համար: Արցախի պայքարն իսկապես ինքնուրույն պայքար է՝ հանուն իր ազատության, հիմնված վերը հիշատակված միջազգային իրավունքի սկզբունքների վրա: Միջազգային իրավունքի սկզբունքները, իհարկե, սոսկ վերացական են և ինքնըստինքյան ոչ մի հարց չեն լուծում, եթե դրանց հետևում կանգնած չէ շահագրգռված ու կարող մի ուժ: Բայց դրանք ամբողջ աշխարհի կողմից ընդունված միջազգային իրավունքի այն սկզբունքներն են, որոնք անտեսել չի կարող և ոչ մի պետություն, և որոնք իրավական ու բարոյական հիմք են ցանկացած ազգային-ազատագրական պայքարի համար: Առանց պայքարի՝ ոչ մի հարց չի լուծվում, բայց հաղթանակի հասնելու համար միայն մեկ ուժը հաճախ բավական չի լինում, կարևոր նշանակություն է ունենում նաև բարենպաստ հասարակական կարծիքը: Այս կապակցությամբ նկատենք, որ ճիշտ է, իհարկե, այն կարգախոսը, ըստ որի մենք հույսներս պետք է դնենք միայն մեր ուժերի վրա, բայց դա չի նշանակում, որ պետք է արհեստականորեն մեկուսացնենք մեզ՝ ընդունելով բոլորից նեղացածի կեցվածք: Չարժե մի ծայրահեղությունից մյուսն ընկնել:
Հաշվի առնելով իրական հնարավորությունները՝ պետք է աշխատել ռազմական տեսակետից Արցախը դարձնել անմատչելի բերդ՝ ապահովելով նրանում ազգային կազմի գոնե ներկա վիճակը, իսկ քաղաքական, տնտեսական տեսակետից անհրաժեշտ է պահպանել և խորացնել Արցախի ինքնուրույնությունը՝ նկատի ունենալով, որ այն ուղղությունը, որով այժմ գնում է ԽՍՀՄ-ը, կարող է նպաստավոր լինել այդ խնդրի իրականացման համար (զգուշությամբ կարելի է օգտվել նաև կենտրոնում առաջացող հակասություններից):
Եվս մի հանգամանք. չպետք է ենթարկվել կենտրոնի այն շանտաժին, որը մեր անկախությունը կաշխատի կապել Ղարաբաղի հարցին: Մեր կողմից անկախություն հռչակելը և կիսաանկախ վիճակում մնալը, սպասելով դեպքերի զարգացմանը, ավելացնում է Արցախի հարցի լուծման մեր հնարավորությունները: Այդ հարցը լուծելու տեսակետից ոչ մի նոր հեռանկար չի բացվի մեր առջև, եթե շարունակենք մնալ ԽՍՀՄ-ի կազմի մեջ:
Անկախ հայկական հանրապետության գոյության երաշխիքների մասին խոսելիս բնականաբար հիշատակվում է Թուրքիայի նման հարևան ունենալու վտանգը: Նախորդ մասում մենք արդեն նշեցինք, որ ԽՍՀՄ-ի հանկարծակի անկառավարելի փլուզման դեպքում կարող է վտանգ առաջանալ, որ Թուրքիան, մի պահ շեղվելով ներքին զարգացման իր ընտրած ուղուց, կփորձի կլանել կայսրության դյուրամարս բեկորների մի մասը: Դա այն կարևոր պատճառներից մեկն է, որն ստիպում է մեզ շտապել անկախություն ստանալ մինչ այդպիսի հնարավոր վտանգավոր պահի առաջ գալը: Դատողությունների այն մասի հետ, որ Թուրքիան կարող է փորձել կլանել բեկորների մի մասը, բոլորը հեշտությամբ համաձայնում են, բայց շատերը չեն ընդունում, որ Թուրքիան ընտրել է ներքին զարգացման այնպիսի ուղի, որ խաղաղ պայմաններում հնարավոր է Թուրքիայի և Հայաստանի գոյակցությունը: Որպես ապացույց՝ միշտ բերում են Կիպրոսի օրինակը: Ես մանրամասն չեմ քննի Կիպրոսի խնդիրը, ուղղակի կբերեմ հանրահայտ փաստեր՝ ընթերցողին թողնելով ինքնուրույն դատողությունները այդ փաստերի շուրջը: Նկատենք միայն, որ հարևան անկախ պետությունների խաղաղ գոյակցությունը երաշխավորվում է ոչ միայն զարգացման ուղու վերաբերյալ նրանցից յուրաքանչյուրի ընդունած որոշումով, ոչ միայն ռազմական ուժի շնորհիվ հակառակ կողմի մեջ առաջացած զսպվածությամբ, այլև միջազգային պարտավորություններով, բազմաթիվ երկրների շահերով, հավասարակշռություն պահպանելու միտումով: Նվաճումները հնարավոր են դառնում, երբ այս կամ այն ձևով քանդվում է միջազգային պարտավորությունների շղթան, երբ անկայուն վիճակ է ստեղծվում ռեգիոնում, տեղի են ունենում հեղափոխություններ և հեղաշրջումներ, երբ փոխվում է այլ երկրների շահերի ուղղվածությունը և, բացի դրանից, առկա են լինում քիչ թե շատ բավարար հիմքեր ռազմական ուժի միջամտության համար: Այդ տեսակետից նույն վիճակում են գտնվում գրեթե բոլոր անկախ պետությունները, յուրաքանչյուրի գոյությունը ապահովվում է ռազմական ուժով, վարած քաղաքականությամբ, միջազգային պարտավորություններով և տարածաշրջանում տիրող կայունությամբ: Այժմ անցնենք Կիպրոսի պատմության որոշ փաստերի շարադրմանը:
1925-ից Կիպրոսը անգլիական գաղութ էր: 1955-ից սկսվեց ազգային-ազատագրական պայքարը անկախ պետություն ստեղծելու նպատակով: 1959թ. երեք շահագրգիռ երկրների՝ Անգլիայի, Թուրքիայի, Հունաստանի միջև կնքվեց Ցյուրիխ-Լոնդոնյան պայմանագիրը, ըստ որի այդ երկրները հանդիսանում են Կիպրոսի անկախության երաշխավորները՝ ճանաչելով նրա անկախության իրավունքը: Ըստ այդ պայմանագրի՝ Անգլիան ստացավ կղզում ռազմական բազաներ ունենալու, իսկ Հունաստանն ու Թուրքիան՝ զորամասեր պահելու արտոնություններ: 1960թ. Կիպրոսը ընդունեց սահմանադրություն, ըստ որի նրա նախագահը պետք է լինի ազգությամբ հույն, փոխնախագահը՝ թուրք, պառլամենտի 35 դեպուտատներին ընտրում է հունական համայնքը, 15-ին՝ թուրքականը: 1963թ. տեղի ունեցավ ընդհարում երկու համայնքների միջև, որից հետո թուրքերը հրաժարվեցին մասնակցել Կիպրոսի խորհրդարանի, կառավարության և պետության այլ հաստատությունների աշխատանքներին: 1967թ. ստեղծվեց թուրքական գործադիր վարչություն: 1974թ. սրվեցին Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները Էգեյան ծովում հայտնաբերված նավթի հանքավայրերի պատկանելության հարցի կապակցությամբ: 1974-ի հուլիսին Կիպրոսի հունական զինվորականությունը խռովություն բարձրացրեց օրինական կառավարության դեմ՝ պահանջելով կղզին միացնել Հունաստանին: Դրան հաջորդեց Թուրքիայի զորքերի ներխուժումը կղզի, որոնք 1974-ի հուլիս-օգոստոսի ընթացքում զավթեցին Կիպրոսի տարածքի 40 տոկոսը: ՆԱՏՕ-ի երկրների և ԽՍՀՄ-ի շահերի միջև առաջացել էր հազվագյուտ ներդաշնակություն այս ներխուժման ժամանակ. ոչ մեկը չմիջամտեց, արվեցին սոսկ պաշտոնական հայտարարություններ հասարակական կարծիքը հանգստացնելու նպատակով: Հունաստանում 1974-ի հուլիսին զինվորական վարչակարգը հեռացավ իշխանությունից, իշխանության գլուխ անցավ Կ.Կարամանլիսի կառավարությունը, որը 1974-ի օգոստոսի 14-ին հայտարարեց ՆԱՏՕ-ից Հունաստանի դուրս գալու մասին: 1975-ի փետրվարին Կիպրոսի թուրքական համայնքի ղեկավարությունը միակողմանիորեն հայտարարեց Կիպրոսի ֆեդերատիվ պետություն ստեղծելու մասին: Այժմ Կիպրոսի Հանրապետությունից զատված տարածքը միավորված չէ Թուրքիայի տարածքին, այլ պարզապես հռչակված է նոր անկախ պետություն, որը ճանաչել է միայն Թուրքիան: Աշխույժ բանակցություններ են գնում տարբեր շահագրգիռ երկրների միջև Կիպրոսի հարցի շուրջ: ԽՍՀՄ-ում տեղի ունեցող գործընթացների շնորհիվ Թուրքիայի նշանակությունը ՆԱՏՕ-ի երկրների համար բնականոն ձևով իջնելու է, և շատերը հույս ունեն, որ վաղ թե ուշ կվերականգնվի Կիպրոսի միասնական անկախ պետությունը կղզու ամբողջ տարածքում:
Անկախության հետ կապված ևս մի հարց կա, որը շատ է հուզում մեր ժողովրդին: Ինչպե՞ս պետք է իրականացվի Թուրքիայի կողմից զավթված և այժմ գրեթե հայկական բնակչություն չունեցող մեր պատմական հողերի վերամիավորումը Հայաստանի Հանրապետությանը, չէ՞ որ անկախ պետության վերականգնումով մենք, այնուամենայնիվ, համարյա բոլոր ասպարեզներում անհամեմատ ավելի թույլ կլինենք, քան Թուրքիան: Ես չգիտեմ, և եթե որևէ մեկն առաջարկի իրական ծրագիր հողերի միավորման նպատակին հասնելու համար, ես համոզված եմ, որ մենք ամբողջ ազգով կմիավորվենք, կյանք ու եռանդ չենք խնայի այդ գործի համար: Բայց մի բան հաստատ գիտեմ. այն հույսերը, թե Ռուսաստանը մի օր կվերադառնա իր ծավալապաշտական քաղաքականությանը, հնարավորություն կունենա խլել Թուրքիայից մեր հողերը, դրանից հետո այդ հողերը կտա մեզ և հետո կքանդվի որպես կայսրություն՝ հնարավորություն տալով մեզ ունենալ Միացյալ Անկախ Հայաստան, լիովին անհիմն են, մեր ժողովրդին տանում են դեպի անգործություն և ստրկություն՝ աշխարհի երեսից մեզ՝ որպես ազգ, վերացման դատապարտելով: Նույնչափ անհիմն են այն հույսերը, որ ՄԱԿ-ի կողմից 1915 թվականի ցեղասպանության ճանաչումը (որն ինքնին կարևոր նշանակություն ունի մեր ժողովրդի համար) կարող է հանգեցնել այն բանին, որ մեր հողերը վերադարձվեն մեզ: Այժմ միակ հույսը, որ ես տեսնում եմ, այն է, որ պատմական անկանխատեսելի ելևէջները, որոնք մեզ կարող են հնարավորություն տալ՝ լուծելու մեր հողային հարցերը, պետք է ընդունել որպես անկախ մի ազգ, պետություն և ոչ թե որպես Ռուսաստանին ձուլվող էթնիկական մի միավորում: Ասածս, ինչ խոսք, չի նշանակում, որ մենք պետք է մոռանանք մեր հողային պահանջները, պարզապես պահանջատիրությունը չի կարող մեզ համար այժմ լինել ազգային-պետական քաղաքականություն: Այն պետք է լինի տարբեր հասարակական կազմակերպություններին, հայրենակցական միություններին միավորող գաղափար, միշտ վառ պահվի ժողովրդի հիշողության մեջ, դառնա մեր երիտասարդության երազանքը, մինչև որ հնարավորություն ստեղծվի՝ լուծելու այդ խնդիրը: Նույն կերպ է վերաբերվում համանման հարցին հզոր Գերմանիան:
Անգլիացիներն ասում են, որ ունեն երկու հզոր զենք՝ միջուկային ռումբ և իրենց ժողովրդի պատմությունը: Մենք չունենք առաջինը, չենք օգտվում երկրորդից: Ժամանակն է, որ մեր պատմաբաններն ու գրողները հրաժարվեն ժողովրդին թուլացնող լացկանությունից, մեր պատմության միայն դժբախտ էջերը հիշատակելու մորմոքից: Մենք հզոր ազգ ենք եղել և նորից պետք է դառնանք հզոր: Մենք համարվել ենք արևելքի լավագույն զինվորը, աշխարհին տվել անզուգական ճարտարապետություն, պետականության կորստից հետո խաղաղ առևտրական միջոցներով հսկայական կշիռ ենք ձեռք բերել Հնդկաստանում, Չինաստանում. անգլիական պառլամենտում է հնչել այն խոսքը, թե առանց հայերի հետ համագործակցելու՝ հնարավոր չէ նվաճել Հնդկաստանը, մենք կանգնած ենք եղել այն ռեֆորմացիայի ակունքների մոտ, որը հեղաշրջեց Եվրոպան և հանգեցրեց ժամանակակից քաղաքակրթության առաջացմանը: Աստված մեզ պահպանել և տարել է հազարամյակների փորձությունների միջով ոչ այն բանի համար, որ այժմ անգործության և անվճռականության պատճառով մեր ազգը դատապարտենք վերացման… Վախկոտները, թույլերը թող հեռանան հայրենիքից, նրանք ազգի փոշին են, թող մնան ուժեղները, նրանք, ովքեր ձգտում են իրենց հայրենիքում մարդուն արժանավայել կյանքով ապրել, ովքեր հավատում ունեն մեր ազգի ապագային, ովքեր իրենց էությամբ հայ են, հայերեն են մտածում, կառչած են մեր նախնիների պատմությանը, մեր հողին ու ջրին: Եվ մենք, ուս ուսի տալով, նորից կվերականգնենք մեր նախկին հզորությունը, մեր պետությունը:
«Հայք» մայիսի 19, 27, հունիսի 10,17, 1990, թիվ 15, 16, 18, 19
Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.