Երկիր, 10 հունիսի, 1993թ., հինգշաբթի
Հունիսի 4-ին խռովարարների կողմից կատարված հարձակման հետևանքով ավերվել է Գյանջա քաղաքի օդանավակայանը: Խզվել է Գյանջայի օդային կապը հանրապետության այլ քաղաքների ու շրջանների, ինչպես նաև արտասահմանի հետ: Օդանավակայանին հասցվել է 2 մլրդ ռուբլու վնաս: Լրիվ այրվել է 350 մլն ռուբլի արժողության լուսավորիչ սարքը:
Գյանջայի օդանավակայանը շահագործման է հանձնվել 1981թ.: Օդանավակայանի ինքնաթիռները թռիչքներ են կատարել 25 երթուղիներով (նախկին ԽՍՀՄ հանրապետության տարբեր քաղաքներ): Նախարարների խորհրդի որոշմամբ օդանավակայան էին բերվել նոր ինքնաթիռներ, որոնք խռովարարների հարձակման օրվա երեկոյան հնարավոր եղավ դուրս բերել այդտեղից: Գյանջայի օդանավակայանի պաշտպանության մասնակից, ոստիկանական ակադեմիայի պետի տեղակալ գեներալ-մայոր Ռամիզ Մամեդովը հայտնել է, որ հունիսի 4-ին խռովարարները ժամը 19-ից սկսած օդանավակայանը գնդակոծել են տանկերից ու հրետանուց: Օդանավակայանի գնդակոծությունը տևել է մինչև հունիսի 5-ի ժամը 20-ը: Սաստիկ հրետանային գնդակոծության հետևանքով լրիվ ավերվել են օդանավակայանի վարչական շենքը և անգարները: