November 28, 2024

ԳԽ նախագահության նիստի և հետագա անելիքների շուրջ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 18 հունիսի, 1992թ., թիվ 114 (203)

Հունիսի 16֊ին ԳԽ նախագահության նիստում քննարկվել է դիմում ուղղված Ռուսաստանի ԳԽ նախագահությանը։ Այդ դիմումի եւ ընդհանրապես Հանրապետության իշխանությունների հետագա քայլերի մեկնաբանման հարցով մեր թղթակիցը դիմեց ՀՀ ԳԽ նախագահության մի քանի անգամների։

Տիգրան Սարգսյան – Ես նախագահության միակ անդամն էի, որ դեմ քվեարկեցի այդ փաստաթղթին։ Դեմ էի այն պատճառով, որ չեմ պատերացնում՝ ինչպիսին պետք է լինեն հաջորդ քայլերը։ Հայաստանի իշխանությունները Արցախի հարցում որոշակի քաղաքականություն են վարում, որին ես համաձայն չեմ։

Այսօր հնչում են ելույթներ, թե պետք է պարզեցնել մեր հարաբերությունները Արցախի հետ, հասկանալ, թե նրանք ինչ են ուզում եւ այլն: Դա արդեն խոսում է այն մասին, որ վարվող քաղաքականությունը հասկանալի չէ ոչ միայն պատգամավորներին, այլեւ՝ շատ շատերին։ Մտավախությունն այն է, որ այդ քաղաքականության հիմքում Արցախը այս կամ այն կարգավիճակով Ադրբեջանի կազմում թողնելն է։ Գտնում եմ, որ դա ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի կործանում է նշանակում։ Դա կարող է հանգեցնել նրան, որ մենք որպես պետություն այս տարածքում ապագա չունենանք։ Ես չեմ պատկերացնում ինչ միջոցների շնորհիվ կարելի է այդ քաղաքականությունը իրականացնել։ Ցանկացած դրան նպաստող միջոցառում կործանարար է։

Ռազմական անհաջողությունները փորձում են բացատրել նրանով, որ «ղարաբաղցիները չեն համաձայնում փոխզիջման տարբերակի»: Փոխզիջումների տակ միանշանակ հասկացվում է Արցախը Ադրբեջանի կազմում թողնելը։ Եվ այս առիթն օգտագործվում է ղարաբաղցիներին քարկոծելու համար…

Հռոմում նախապատրաստվում է ԵԱՀԽ-ի հերթական նիստը, որը պետք է կայանա հունիսի 23-ին։ Նորից պրոբլեմ է ծագում՝ կապված Արցախի՝ դրան մասնակցելու կարգավիճակի հետ։ Ես դեմ եմ, որ այնտեղ արցախցիները հանդես գան որպես Ղարաբաղի սոսկ հայկական համայնք, նրանք ընտրված օրինական իշխանություն են եւ պետք է հանդես գան որպես այդպիսին։

Աշոտ Ոսկանյան – Մինչեւ նախագահության նիստը տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նաեւ կուսակցությունների եւ ֆրակցիաների ղեկավարները։ Չեմ կարծում, թե որեւէ մեկը նախագահության նիստից որոշակի ծրագիր էր սպասում։ Հարցը դիտարկման երկու կողմ ուներ։ Առաջինը՝ որ ռազմական առաջխաղացումը պետք է դադարեցվի։ Դա գործադիր իշխանության ոլորտն է, եւ ես առաջարկեցի համատեղ նիստ գումարել։ Երեկ դա անել հնարավոր չէր։ Առաջիկայում տեղի կունենա նստաշրջանի հերթական նիստը, որտեղ հարցն ավելի մանրամասն կքննարկվի։ Հարցի երկրորդ կողմն այն է, որ այս բախումները չեն սահմանափակվում Հայաստան–Ադրբեջան–Արցախով, դա շատ ավելի մեծ քաղաքական խաղ է, որի մեջ են ոչ միայն Թուրքիան, այլեւ, անկասկած, ԱՄՆ-ը, եվրոպական երկրները եւ այլն։ Դա հաստատում է նաեւ այն հանգամանքը, որ մեր խորհրդակցության պահին Հայաստանում ԱՄՆ–ի դեսպանատնից լուր եկավ, որ իրենք չեն պատրաստվում դատապարտել Ադրբեջանի գործողությունները։ Անհրաժեշտ է շատ մանրամասն վերլուծել այսօրվա աշխարհաքաղաքական իրադրությունը, այսինքն՝ ի՞նչ է ուզում աշխարհը։ Եթե դա չանենք, բոլոր դեպքերում մեր քայլերը համարժեք չեն լինի։ Նմանօրինակ գործողություններով աշխարհի հզորները կողմերից մեկին ինչ-որ բան են թելադրում։ Այս դեպքում թելադրում են Հայաստանին, թե ի՞նչ, ես չեմ կարող ասել։ Մենք կարող ենք չընդունել աշխարհի տերերի այս կամ այն տեսակետները, բայց հաշվի չնստել դրանց հետ, չենք կարող։

Ռուբեն Թորոսյան – Իմ կարծիքով, մենք մինչեւ հիմա արդեն պետք է Արցախի նկատմամբ հստակ դիրքորոշում ունենայինք, բայց այդպիսին չկա։ Չեմ կարծում, թե Ռուսաստանին դիմելը որեւէ օգուտ կտա։ Դա սովորական բան է, որը մենք մինչ այդ էլ միշտ արել ենք։

Կարծում եմ, պետք է պաշտպանել նախագահի ոչ ծրագրային, այլ «իրավիճակային» քաղաքականությունը, որ Արցախի հետ կապված՝ Հայաստանը ամեն միջոցի կդիմի։ Կարծում եմ, որ այդ միտքը անհրաժեշտ է զարգացնել, այսինքն՝ նախագահությունը կարող է կտրուկ քայլերի դիմել, ընդհուպ՝ Ադրբեջանին պատերազմ հայտարարելը։ Հիմա ես այլ ճանապարհ չեմ տեսնում։

Էդվարդ Եգորյան – Ես «Երկիր» թերթին ոչ մի բառ չեմ ասի, որովհետեւ թերթը բազմիցս խեղաթյուրել է իմ ասածները և ինձ վարկաբեկել:

Նախագահության «նեղացած» անդամը, եթե վստահ լիներ, որ «Երկիր» թերթին որևէ խեղաթյուրման մեջ մեղադրելու «հնար» ունի` վաղուց օգտագործած կլիներ: Այնպես որ, այս մերկապարանոց խուսափումը պարզապես «պետական այրի» որոշակի ասելիք չունենալու հետևանք ենք ընկալում:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives