November 27, 2024

Գեորգի Պետրոսյանը չդավաճանեց

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

«Երկիր», 15 հունիսի, 1993թ., երեքշաբթի

ԼՂՀ-ում իշխանությունը փոխվեց

«ԼՂՀ իշխանությունները ամենայն հավանականությամբ, կստորագրեն «Անհապաղ միջոցառումների ժամանակացույցը»,— հայտարարել է ԼՂՀ ԳԽ մամլո քարտուղար Գեղամ Բաղդասարյանը, երեկ ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի Ստեփանակերտ կատարած այցելության արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում:

Գ. Բաղդասարյանը հայտնել է նաև, որ բացի փաստաթղթի ստորագրումից, ԼՂՀ ԳԽ նախագահի նոր պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը պրն. Ռաֆայելիին հղել է նաև մի նամակ, որի մեջ պարզաբանվում են ԼՂՀ դիրքորոշումները Քելբաջարից զորքերի բերման կապակցությամբ: Այլ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Քելբաջարի հանձնման փաստաթուղթը և Ռաֆայելիին հղված նամակը արդեն ստորագրված են, և Հայաստանի Հանրապետության նախագահն իր հետ Երևան է բերել այնքան կարևոր փաստաթուղթը:

Ճակատագրական այս որոշումներն ընդունվել են երեկ Ստեփանակերտում կայացած ԼՂՀ ԳԽ նախագահության և Պաշտպանության պետական կոմիտեի համատեղ նիստում, որին մասնակցում էր հատուկ դրա համար Ստեփանակերտ ժամանակ ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը: Ըստ տեղեկությունների, նիստն անցնում էր ծանր մթնոլորտում և աննախադեպ ճնշումների տակ: Հարցի վերջնական քննարկման արդյունքները հետևյալն են. ԼՂՀ ԳԽ նախագահության բոլոր 4 դաշնակցականները՝ Գեորգի Պետրոսյանը, Վալերի Բալայանը, Վալերի Ղազարյանը և Լևոն Մելիք-Շահնազարյանը, ինչպես նաև անկուսակցական Համլետ Գրիգորյանը դեմ էին ժամանակացույցի ստորագրմանը, իսկ մյուսները՝ կողմ: Պաշտպանության պետական կոմիտեի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, կողմ էին փաստաթղթի ստորագրմանը: Ինչ վերաբերում է բանակի հրամանատարությանը, ապա այն հայտարարել է, որ կընդունի իշխանությունների ցանկացած որոշում:

Գերագույն խորհրդի նախագահության ձայները կիսվել են, և այդ վիճակում ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը հրաժարական է տվել, իսկ նրա պաշտոնում ինքնաբերաբար նշանակվել է ԳԽ նախագահի առաջին տեղակալի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը: Ինչպես մամլո ասուլիսում հաստատեց ԼՂՀ ԳԽ մամլո քարտուղար Գ. Բաղդասարյանը, Գ. Պետրոսյանի հրաժարականը կապված է այն հանգամանքի հետ, որ նա չէր համաձայնում ստորագրել Մինսկի խմբի ժամանակացույցը: Մամլո քարտուղարը ընդգծել է նաև, որ չի կարելի ժամանակացույցի ստորագրումը ընդունել բառացիորեն:

«Հայլուրի» թղթակցի այն հարցին, թե արդյոք Գորիսի խորհրդակցության ընթացքում և դրանից հետո Գ. Պետրոսյանը Հայաստանի ղեկավարության կողմից ենթարկվել է շանտաժի և ահաբեկումների, Գ. Բաղդասարյանը ասել է. «ԼՂՀ ղեկավարության վրա ազդելու համար օգտագործվել են այնպիսի փաստարկներ, որոնք դուրս են դիվանագիտության և բանավեճերի ընդունված սահմաններից»:

Թղթակիցների այն հարցին, թե Քելբաջարից հետ քաշվելը չի՞ բարոյալքի ԼՂՀ զինված ուժերը, Գ. Բաղդասարյանը պատասխանել է. «Նիստի ընթացքում բանակի հրամանատարության հայտարարությունները թույլ են տալիս ենթադրել, որ նման հետևանքներ չեն լինի»:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives