Գանձակի գավառի հայրենակցական միության վարչության դիմումը Ադրբեջանի պառլամենտի դաշնակցական ֆրակցիային գավառում տիրող քաղաքական, տնտեսական, իրավական ծանր վիճակի մասին
21 փետրվարի 1920 թ. Բաքու
Հայրենակցական միությունը ստանում է բազմաթիվ դիմումներ գրավոր և բերանացի Գանձակի շրջանի հայ գյուղացիության ծանր դրության մասին:
Մոտ ժամանակներս Միությանս Վարչությունը իր անդամներից մեկին ուղարկել է գավառ տեղն ու տեղը գյուղացիության դրության հետ ծանոթանալու համար: Շրջելով մի շարք գյուղեր և ստանալով բավականի ծանր տպավորություններ իրերի ներկա դրության մասին, Վարչությունս կարևոր է գտնում ամսույս 16-ին լսած զեկուցման հիման վրա ծանոթացնել Ադրբեջանի պառլամենտի հայկական ֆրակցիաներին գավառի ժամանակակից կացության հետ հույս ունենալով, որ պառլամենտի հարգո անդամները միջոցներ ձեռք կառնեն գավառի ծանր դրությունը հնարավորության սահմաններում թեթևացնելու:
- Աչքի զարկող երևույթը գավառում ամենից առաջ) դա քաղաքական անցուդարձերից գավառի կատարելապես անտեղյակ լինելն է. քաղաքական բոլոր խոշոր դեպքերը գյուղացուն կամ բոլորովին անհայտ են, կամ հայտնի են անհեթեթ հաղորդագրություններով: Թողնելով մի կողմ համաշխարհային պատմական դեպքերը, գյուղացիության գիտակցության համար դեռևս չի պարզված Կովկասյան, մասնավորապես Ադրբեջանի նորածին պետության գոյության իմաստն ու պատմական մոտիկ անցյալը: Ինտելիգենցիան գավառից բոլորովին կտրված է և գյուղացին, որ առաջներում սովոր էր ինտելիգենցիայից լսել քաղաքական նորություններ, այժմ վարում է դրսի աշխարհից կատարելապես կտրված մի կյանք և որևէ հեղինակություն ունեցող մեկը չկա գյուղում, քաղաքից էլ ոչ ոք չի գնում նրան տեղյակ պահելու քաղաքական կյանքի դրության հետ:
- Քաղաքի և գավառի կապը քանի գնում թուլանում է: Նույնիսկ առևտրական գործերով (փայտ, ճախ, ածուխ քաղաքում ծախելու, կամ հաց. մանուֆակտուրա և այլ կարևոր պիտույքներ քաղաքում գնելու) – գյուղացին քաղաք է գնում ամենածայրահեղ կարիքի դեպքում: Պատճառը մի կողմից ճանապարհների ապահովությունն է (բազմաթիվ հայերի թալանվելը, սպանվելը, վիրավորվելը, անհայտանալը գավառի և քաղաքի միջև եղած տարածության վրա), երկրորդ) քաղաքում ապօրինի և սանձարձակության հասնող կամայականությունն է, այսպես կոչված «подводная повинносить»-ի հողի վրա: Սովորական երևույթ է, իբր քաղաք եկած գյուղացին իր սայլով բռնագրավման է ենթարկվում և օրերով ձրի աշխատեցնում է, ըստ որում շատ հաճախ կատարված աշխատանքները պետական աշխատանք չէ, այլ այս կամ այն պաշտոնական անձի մասնավոր գործ:
- Ընդհանրապես ոստիկանության կամայականությունները գավառում չտեսնված չափերի են հասնում: Գավառը բառի իսկական իմաստով տնքում է գավառական ոստիկանի և իր հեծյալ ոստիկանների «պաշտոնական արշավանքներից»: Բռնություններ, ծեծ, ձերբակալություններ, սպանություններ, սպառնալիքներ և այլն և այդ պաշտոնական արշավանքների ժամանակ սարսափի են մատնում ամբողջ գյուղացիությանը: Ոչ ոք չի կարող բողոքի կամ գանգատի ձայն հանելու, որովհետև դրա հետևանքը բողոքողի և գանգատվողի համար շատ ծանր ու կորստաբեր է: «Պաշտոնական» ծեծի, բռնության հետ միաժամանակ մեծ չափերի է հասնում կաշառակերությունը և դրամաշորթությունը: Գյուղական պաշտոնատար անձինք շատ հաճախ միջնորդ ու մասնակից են այդ բոլոր սանձարձակություններին:
- Գյուղական տանուտերերը (старшина) նշանակովի են, ոչ ընտրովի: Դրա հետևանքն այն է, որ գյուղական старшина սովորաբար գյուղացիության իրավական շահերը պաշտպանելու տեսակետից ոչ միայն անհուսալի տարր է, այլև կատարելապես վնասակար: Վարչությանս հայտնի չէ, թե արդյոք գյուղական տանուտերերի նշանակովի լինելը հենված է որևէ օրենքի վրա, թե դա սովորական մի կամայականություն է գավառական իշխանության կողմից նահանգական իշխանության հովանավորությամբ ու սանկցիայով:
- Շատ մեծ հուզմունք է տիրում և ապագայում մեծ ու անցանկալի հետևանքներով հղի է գավառում թուրք գաղթականների բնակեցման խնդիրը: Գավառի մի շարք գյուղերում բնակեցված են արդեն մեծ քանակությամբ թուրք գաղթականներ, ըստ որում – դոքա մեծ մասամբ ունևոր, մեծաքանակ գյուղական ինվենտար և անասուններ ունեցող գաղթականներ են համարյա թե բոլորը զինված: Թեև գավառում նրանց բնակեցնելու ժամանակ հայ գյուղացիությանը հայտնել են, որ դա ժամանակավոր է, բայց ըստ երևույթին նրանք շատ ամուր են զգում իրենց դրությունը, միշտ խոսում են հայերի հետ հրամայողի ձայնով, իսկ շատերը նույնիսկ պատրաստում են սերմացու (թե ինչ հողեր են սերմելու դեռևս չեն հայտնում, բայց հայերը գավառում երկյուղ են կրում, որ իրենց հողերն են խլելու): Ոչ մի իշխանություն դեռևս չի կարողացել անաչառ կերպով հարթել հայ գյուղացիության և թուրք գաղթականների փոխհարաբերությունները: Դրությունը երկուստեք լարված է և ոչ մի երաշխիք չկա, որ այս կամ այն պրովոկացիոն դեպքից գավառում չեն ծագիլ մասսայական անկարգություններ, որոնց հետևանքը հայ գյուղացիության համար Վարչությանս կարծիքով կարող է կորստաբեր լինել:
- Դպրոցների դրությունը գավառում նույնպես մխիթարական չէ. ուսուցչական կազմի և ժողովրդի մեջ սերտ կապ գոյություն չունի: Որևէ հսկողություն այդ դպրոցների մանկավարժական-ուսումնական մասի վրա համարյա բացակայում է:
Ընդհանուր գծերով պատկերացնելով Հայկական պառլամենտական ֆրակցիաներին գավառի դրությունը Վարչությունս միաժամանակ կարևոր գտավ Ձեր հատուկ ուշադրությունը դարձնել հատկապես գավառի գաղթական թուրքերի վերաբնակեցման խնդրի վրա: Վարչությունս կարևոր է գտնում, որ օր առաջ Ձեր կողմից միջոցներ ձեռք առնվեն այդ խնդրի բարեհաջող լուծման համար, որովհետև շուտով գարուն է և տիրող պայմաններում հայ գյուղացիությունը հազիվ թե հնարավորություն ունենա իր ամբողջ ուժերը դնել գյուղատնտեսական աշխատանքների համար, քանի որ նրա աշխատանքի պտուղն անպատիժ կերպով վայելելու են թուրքերը, իսկ իշխանությունը կատարելապես մատը մատին չի խփի հայ գյուղացու շահերի պաշտպանելու:
Անկախ դրանից Վարչությունս կարևոր է գտնում, որ պառլամենտական դաշնակցական ֆրակցիան մոտիկ կապ հաստատեն գավառի հետ, գյուղացիությանը տեղյակ պահեն քաղաքական անցուդարձերին. պառլամենտի անդամն անձեռնմխելի է և գավառում նրա հեղինակությունը հարգանքով կվերաբերվեն իշխանությունները: Մեր գյուղացիությունը իր կողմից շատ մեծ ուշադրությամբ կլսի ինտելիգենտ քաղաքական գործչին և նրանից քաղաքական դասեր կառնի:
Գավառում տիրող կամայականություններին սանձ դնելը հնարավոր է, եթե տեղերում քննություն կատարվի հատուկ պառլամենտական հանձնաժողովի կողմից և հատկապես հայ պատգամավորի մասնակցությամբ: Վարչությունը խնդրում է ֆրակցիային, կառավարության նախագահին այս մասին դիմում արվի հատուկ մի պատգամավորության միջոցով, որին կմասնակցեն նաև Վարչությանս ներկայացուցիչները:
Ներկա դիմումի հետևանքների մասին Վարչությունս խնդրում է իրեն տեղեկացնել:
Գանձակի գավառի հայրենակցական վարչության նախագահ Մովսես Գրիգորյան ՀՅԴ. պառլ. ֆրակցիայի քարտուղար Գ.Մ.-Շահնազարյան
ՀՀ ՊԱ, ֆ.223, ց.1, գ.103, թ.110: Վավերացված պատճեն: Ձեռագիր:
Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում, 1918-1920թթ., Երևան, 2003