November 27, 2024

Բաքուն ստորագրեց Բիշքեկյան արձանագրությունը

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0

Ազգ, 10 մայիսի, 1994թ., թիվ 86

Բիշքեկում կայացած ԱՊՀ անդամ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումից հետո, երբ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, Ռուսաստանը, Ղրղըզստանը և ԱՊՀ-ի ու ռուսական ԱԳՆ-ի ներկայացուցիչները ստորագրեցին Բիշքեկյան արձանագրությունը, իսկ Ադրբեջանի ներկայացուցիչ Աֆիադդին Ջալիլովը մերժեց այն, քաղաքական դիտորդները շտապեցին արձանագրել, որ դա պայմանավորված է ոչ այնքան Ջալիլովի ցանկությամբ ու նրա ունեցած լիազորություններով, այլ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի Բրյուսել կատարած այցով և ՆԱՏՕ-ի ծրագրին միանալով: Այդ առթիվ մոսկովյան մամուլը գրում է, թե Բրյուսելում Ալիևն իր նոր գործընկերներից որոշակի հավաստիացումներ է ստացել: Ուստի, նա անում է ամեն ինչ, որպեսզի խաղաղարար ուժերը, որոնց մուտքը հակամարտության գոտի անխուսափելի է դառնում, զուտ ռուսական չլինի: Այնուհետև Ալիևի այցը Թուրքիա, ադրբեջանական նավթի ճակատագրի քննարկումները, առիթ տվեցին, որպեսզի «Կոմերսանտ Դեյլին» գրի, թե Բաքվի զուգահեռ դիվանագիտությունը արևմուտքում և Ռուսաստանում համակարգված քայլ է, այն նոր արժեթղթեր կտա Ալիևին, որն առայժմ դիմադրում է ռուսական զորքի Անդրկովկաս մտնելուն: Մինչդեռ, Բիշքեկում հայտարարվեց, թե Ադրբեջանը կարող է դեռևս միանալ ստորագրված արձանագրությանը: Դրանում շահագրգռված էր հատկապես ղրղըզական կողմը, որը ցանկանում էր արժևորել Բիշքեկյան արձանագրության իմաստը: Այդ հարցում թերևս կրկին, օգնության հասավ Ռուսաստանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, որը մայիսի 8-ին մեկնեց Բաքու, հանդիպեց Հեյդար Ալիևին: Ըստ էության, այդ այցը որոշիչ նշանակություն է ունեցել, քանի որ մայիսի 8-ի երեկոյան Ադրբեջանի ԳԽ նախագահ Ռասուլ Գուլիևը զանգահարել է Հայաստանի ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանին և տեղեկացրել, թե ինքը ստորագրել է Բիշքեկյան արձանագրությունը երկու ուղղումով: Դրանցից մեկը վերաբերում է արձանագրության 5-րդ կետին, ուր դիտորդներ բառից առաջ ավելացրել է «միջազգային» բառը, իսկ երկրորդը նույն կետի «զբաղեցրած տարածքների» փոխարեն, «գրավված տարածքներ ձևակերպումը»: Իհարկե, դրանով Ադրբեջանը մեկ անգամ ևս ցանկացավ շեշտել, որ դիտորդները պետք է լինեն անպայման միջազգային և ոչ ռուսական կամ ԱՊՀ և նախկինում նրանց կողմից առաջարկվող «օկուպացիա» բառի փոխարեն այս անգամ նշել են «գրավված»: Հայաստանի խորհրդարանի նախագահը Սնարքին հայտնեց, թե այդ ուղղումները սկզբունքային բնույթ չունեն: Ամեն դեպքում, արձանագրությունը ստորագրվել է, այն պահին, երբ ԼՂՀ-ն արդեն հայտարարել էր միակողմանիորեն կրակի դադարեցման մասին: Մայիսի 8-ի ուշ երեկոյան նման հրաման արձակել էր նաև Գուլիևը: Մինչդեռ, երեկ Ստեփանակերտից հաղորդեցին, որ հրադադարի մասին պայմանավորվածությունը կրկին խախտել է ադրբեջանական կողմը՝ հարձակում ձեռնարկելով Մարտակերտի շրջանի հյուսիս-արևելյան մասում Թալիշ և Ջրաբերդ գյուղերի ուղղությամբ և ստանալով արժանի հակահարված: Նույն օրը՝ ժամը 17-ին, Ֆիզուլու շրջանից գնդակոծել են շրջանի Աշալլու և Սեիդահմեդլի ղարաբաղյան հենակետերը: Այս փաստը մի անգամ ևս ապացուցում է Բիշքեկյան հանդիպման մասնակիցների այն մտահոգության ճշմարտացիությունը, որ առանց խաղաղարար ուժերի և լուրջ մեխանիզմների, հնարավոր չէ կայուն հրադադարի հասնել: Հավանական է, որ առաջիկայում այդ հարցը քննարկվի նաև Կազիմիրովի և ԵԱՀԽ-ի պատվիրակության Երևան և Ստեփանակերտ կատարելիք այցերի ժամանակ, երբ մեկ անգամ ևս կճշտվեն փետրվարի 18-ի ստորագրած փաստաթուղթը կյանքի կոչելու մեխանիզմները:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives