Ազգ, 17 օգոստոսի, 1993թ., թիվ 156(407), երեքշաբթի
Շաբաթ օրը Բաքվում Ադրբեջանի ղեկավարության և հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված սեմինար-խորհրդակցությունում քննարկվեցին «ինքնակոչ» Մուղանի Թալիշական Հանրապետության իրադրությունը և «անջատականների» գործողությունները, որոնք փորձում են Բաքվի իշխանությունից անջատել Ադրբեջանի հարավային շրջանները: Թալիշական Հանրապետության կազմավորման շարժման ղեկավարն է Ալիքրամ Հումմեթովը, որը մինչև այս տարվա գարունն ադրբեջանական բանակի բարձրաստիճան սպաներից էր և պաշտպանության նախարարության բաժնի վարիչ: Ա. Հումմեթովը Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ էր, ապա դարձավ թալիշական կուսակցության գործիչներից մեկը, որն այժմ վերանվանվել է Ադրբեջանի ժողովուրդների իրավահավասարության կուսակցություն:
Լենքորանից ստացված լուրերի համաձայն, նորաստեղծ հանրապետության մեջ մտնում է Ադրբեջանի հարավային 7 շրջան: Շաբաթօրյա խոսակցությունում նշվեց, որ վերջերս նկատվում է այդ կազմավորման սահմանների ընդլայնման միտում. պահակակետերը պարբերաբար հյուսիս են տեղափոխվում:
Սեմինարում Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար և նախագահի պաշտոնակատար Հեյդար Ալիևը դատապարտեց Լենքորանի ղեկավարների գործողությունները, որոնք, իր խոսքերով, «միտված են հանրապետության մասնատմանը»:
«Հումմեթովը գործում է ոչ թե ինքնագլուխ, այլ Ադրբեջանի պետականության և նրա ժողովրդի ոչնչացման ծրագրի շրջանակներում»,— ընդգծեց Ալիևը: «Լենքորանի գործողությունները հակասահմանադրական բնույթ ունեն, իսկ Հումմեթովի զինվորական կազմավորումները անօրինական են»,— ընդգծեց նա: «Հուսանք, որ այս ժողովը նախազգուշացում կլինի Ալիքրամ Հումմեթովի համար, և նա ինքը խելքի կգա ու կկանգնեցնի այդ երևույթները»,— ասաց Ալիևը:
Վարչական կառավարման հարցերի գծով պետխորհրդական Արիֆ Ռահիմզադեն կոչ արեց «խիստ միջոցներ» ձեռնարկել Հումմեթովի և Թալիշական Հանրապետության մյուս նախաձեռնողների նկատմամբ: Վարչապետ Սուրեթ Հուսեյնովը, ընդհակառակը, արտահայտվեց խնդրի «խաղաղ լուծման» օգտին:
ԻՖ