November 28, 2024
  • Homepage
  • >
  • Books
  • >
  • Բարեկրթությունը ազգային մշակույթի բաղադրիչ մասերից է

Բարեկրթությունը ազգային մշակույթի բաղադրիչ մասերից է

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

– Ինչպիսի՞ն է այսօր հայոց քաղաքական ուժերի տեղաբաշխման հարթությունը. ովքե՞ր են ծայրաբևեռներում, և կա՞ արդյոք ձևավորվող կենտրոն, թե՞ վերջինս առայժմ երազանքների ոլորտից է:

– Բավական բարդ հարց է, արդեն կայացած ժողովրդավարական պետություններում շատ հստակ է երևում այն գիծը, որին համապատասխան` մի մասը գնում է ձախ, մյուսը` աջ, և ձևավորվում է կենտրոնը: «Աջ» կամ «ձախ» արտահայտությունները կապված են կա՛մ տնտեսական-ընկերային քաղաքականության, կա՛մ պետական կառավարման սկզբունքների հետ: Ցավոք, մեր պայքարը ծավալվում է այլ մակարդակում, ես չէի ասի, թե Հայաստանում պայքարն ընթանում է ազատական և ընկերվարական հոսանքների միջև: Իրականում մարդկանց մի խումբ տիրում է իշխանության լծակներին և բնական ձևով չի ուզում հրաժարվել դրանցից: Եղածը պահելու համար դիմում է այնպիսի եղանակների, որոնք ժողովրդավարական պետություններում անհնարին են, որովհետև առկա են լուրջ հակակշիռներ: Այստեղ հակակշիռներ չկան, պարզապես իշխանության դիմաց կանգնած են կուսակցություններ, որոնք պայքարում են ազատության համար: Հնարավոր է, որ նրանցից մեկնումեկը գա իշխանության և փորձի նույն մեթոդները կիրառել, բայց այսօր պայքարը ծավալվում է բռնապետական և ժողովրդավարական սկզբունքների միջև: Որոշ կուսակցություններ, իհարկե, ձգտում են կանգնել կենտրոնում, օրինակ, ՀՌԱԿ-ը, բայց նրանց հանդեպ իմ ողջ հարգանքով հանդերձ, պիտի ասեմ, որ այժմ ապագայի հարցն է լուծվում, և ժողովուրդն այդ կենտրոնով չէ, որ կողմնորոշվելու է, քանի դեռ հստակ չէ այն գիծը, որի վերաբերմամբ լինեն աջակողմյաններ, ձախակողմյաններ ու կենտրոն:

– Ինչպե՞ս եք գնահատում ազատականությունը` որպես պետական քաղաքականության հենք:

– Ազատականությունը ընդհանուր հասկացություն է, այն ինքնին ենթադրում է տարբեր ըմբռնումներ: Օրինակ, զուգադրենք Ֆրիդմանի մոնետար տնտեսության մոդելը և Քեյնսի մոդելը, երկուսն էլ ազատական շուկայի մոդելներն են, բայց էապես տարբեր դեր են վերապահում պետությանը` հատկապես ընկերային քաղաքականության ոլորտում: Երբ ճգնաժամի պահին Ֆրանկլին Ռուզվելտը դարձավ ԱՄՆ նախագահ, հռչակեց նոր կուրս` հիմնված Քեյնսի տեսության վրա, և չի կարելի ասել, թե նա ազատական տնտեսության կողմնակից չէր: Ազատական տնտեսություն և շուկա ստեղծելու համար սեփականաշնորհումից զատ առավել կարևոր է այնպիսի պետության ձևավորումը, որտեղ մարդն ապահով զբաղվի մասնավոր ձեռներեցությամբ: Օրենքների գործառնության պայմաններում սեփականաշնորհելով պետական ձեռնարկությունների մի մասը` ընդամենը մեծացվում է այն դաշտը, որտեղ արդեն գործում էր շուկան: Լոկ սեփականաշնորհմամբ, օրենքների բացակայության կամ չգործելու դեպքում, երբ մարդ վստահություն չունի իր սեփականության ճակատագրի հանդեպ, ապահովագրված չէ անօրինական հարկահանությունից, անհնար է ազատ շուկայի գոյությունը: Մեր գործարարները աշխատում են դրամ չներդնել տնտեսության զարգացման մեջ: Կապիտալը շատ զգայուն է ու վախկոտ, երկու-երեք անհաջող փորձ, և լուրը կայծակնային արագությամբ տարածվում է գործարար բոլոր շրջանակներում: Ստեղծեք  բարենպաստ պայմաններ` օրենքներով և դրանց հանդեպ հարգալի վերաբերմունքով, նիստուկացով, և նրանք կգան: Հակառակ դեպքում սեփականաշնորհումը չի աշխատեցնում շուկայական մեխանիզմները, այլ մի ձեռքից ունեցվածքն անցնում է մյուսին:

-Հասարակության մեջ վերջերս ամրակայվում է «ընդդիմություն չկա» արտահայտությունը: Դուք ի՞նչ կերպ եք գնահատում Հայաստանի ընդդիմադիր ուժերի կազմակերպվածության աստիճանը:

– Բնական է` ընդդիմություն կա, եթե այն չլիներ, իշխանությունը շատ ավելի փափուկ ձևերով կիրականացներ իր ծրագրերը: Ընդդիմության առկայությունն է ստիպում  նրան անցնել թույլատրելի գործողությունների եզրը: Այլ հարց է` որքանով է կազմակերպված ընդդիմությունը: Բազմաթիվ փորձեր են եղել` երկու դաշինք: Չէի ասի, թե անհույս է վիճակը, պարզապես ժամանակ է պահանջվում կուսակցությունների լիարժեք կայացման և գաղափարական միավորման համար: Այժմ քանի որ հակադրվել են ժողովրդավարությունն ու  բռնապետությունը, նույն ճամբարում հայտնվում են այնպիսի կուսակցություններ, որոնք աշխարհում ոչ մի տեղ միասին չպիտի գործեին, օրինակ` համայնավարներն ու ԱԻՄ-Ք-ն: Ցավոք, մեր պետության այս անբնական վիճակը չի նպաստում ընդդիմության գործուն կազմակերպմանը: Սակայն իրական ընդդիմությունը միշտ ժողովուրդն է, ցանկացած պետություն, որտեղ ժողովուրդը չի պայքարում հանուն իր իրավունքների, դատապարտված է: Կուսակցությունները ժողովրդի շարժման  կազմակերպողներն են լոկ: Այսօր ժողովրդի մեջ իշխողը խոր հիասթափությունն է, այստեղից էլ` «երկրորդ անգամ չենք գնա պայքարի» դարձվածքը: Ես մի պարզունակ, փոքր-ինչ զավեշտական օրինակ բերեմ. մի անգամ շուկայից խակ ձմերուկ գնելուց հետո չարժե տանը նստել ու լաց լինել, թե հիասթափվել եմ կյանքից ու ձմերուկ այլևս չեմ գնի: Գնելու ես այնքան, մինչև քեզ հասածը պատահի: Հիասթափության պատճառով չպայքարելը ընդունելի չէ: Ընդսմին, այս ամենը ձեռնտու է իշխանություններին, որոնք զուգահեռաբար տարածում են ևս մի տեսակետ. «Սրանք արդեն կշտացել են, նորերը կգան, մինչև նրանք էլ կշտանան, ժողովուրդը վերստին քաղցած կմնա»: Քաղաքական անգրագետ մի մոտեցում. նորմալ երկրում իշխանության չեն գալիս կշտանալու համար, ժողովրդավարություն նշանակում է վերահսկում, և եթե մեկնումեկը իշխանության է գալիս կշտանալու նպատակով, ապա նա ձախողված է: Իշխանությունների կողմից թելադրված այս մտքերը համընկնում են մարդու պարզունակ բնազդային մտածողությանը` ավելի հեռացնելով ժողովրդին քաղաքական պայքարից:

– Ի՞նչ է ազգայնականությունը ձեր ըմբռնմամբ և, ո՞րն է «առողջ» և «հիվանդ» ազգայնական ուղղությունների սահմանագիծը:

– «Ազգայնականությունը» իմ տեսանկյունից ընդունելի բառ չէ, նրա գռեհկացված տարբերակը ենթադրում է մի ժողովրդի գերբացառիկություն և արհամարհանք այլոց հանդեպ, այն սովորաբար որակվում է իբրև ազգայնամոլություն: Այլ բան է ազգայինը: Երկու հզոր գաղափարական հոսանքներ` համայնավարությունը և ազատականությունը, իրենց ողջ բևեռային տարբերությամբ հանդերձ, վերջնակետում իրականացնում են նույն երազանքը` միացյալ երջանիկ մարդկություն, մի պետություն: Ճիշտ է, երջանկության նրանց ըմբռնումները տարբեր են, բայց այս  երկուսն էլ ազգայինը համարում են անցողիկ. երկրորդական-երրորդական հասկացություն` վերապրուկ: Ուստի մեր այն քաղաքական գործիչները, ովքեր ոչ խոր գիտելիքներով, ոչ խոր ազգային արմատներով անցան ազատականությանը, 20-ական թթ. համայնավարների պես դարձան աշխարհաքաղաքացի: Բայց կա երրորդ մոտեցումը. ըստ Կանտի, Աստված, արարելով յուրաքանչյուր ժողովրդի, օժտել է նրան մի անփոխարինելի առաքելությամբ: Ողջ համաշխարհային պատմությունը ժողովուրդների համագործակցության և մրցակցության պատմություն է, որտեղ ամեն մի ազգ ձգտում է առաջընթացի: Նախորդ դարերում մրցակցությունն անցնում էր տարածքների նվաճման ռազմական ուղիով, այսօր առավելապես գիտամշակութային առաջնության պայքարի ժամն է, այսինքն՝ տարածքներ և հեղինակություն արդեն ձեռք են բերում ոչ միայն զենքով: Այն ազգերը, որոնք  հասնում են վերին դիրքերին և իրավունք ունեն կոչվելու համաշխարհային, մարդկությանը տալիս են արժեքների նոր համակարգ, նոր գաղափարներ և նիստուկաց: Այս տեսակետից ազգությունը ոչ թե հետամնաց գաղափար է, այլ մի կաղապար, որն ապահովում է ազատ մրցակցությունը ժողովուրդների միջև և շնորհիվ դրա` համաշխարհային քաղաքակրթության զարգացումը: Այն ժողովուրդները, որոնք փորձեցին կառուցել իրենց քաղաքակրթությունը` նմանվելով ուրիշներին, մտածելով, թե իրենց մշակույթը հետամնաց է, պետք է արագ ազատվել դրանից և ընդօրինակել եվրոպականը, ոչ մի հաջողության չհասան, նրանք ուղղակի փլուզվեցին որպես ազգ: Ազգի զարգացումը պետք է խարսխվի ազգային մշակույթի, կրոնի, ավանդութային վարքագծի և բարոյականության վրա:

– Մեր  հասարակությունն այսօր գերքաղաքականացվա՞ծ է, թե՞ ընդհակառակը` ապաքաղաքականացված, և որո՞նք են դրա խորքային պատճառները:

-Ընդհանրապես զարգացած երկրներում մարդիկ քաղաքականությամբ չեն հետաքրքրվում, որովհետև երջանիկ են: Իշխանությունների փոփոխությունները էապես չեն ազդում նրանց ապրելակերպի վրա: Մոտ տասը տարի առաջ սոցիոլոգիական հարցում էր անցկացվել, և ամերիկացիների 80-85 տոկոսը նշել էր, որ երջանիկ է զգում իրեն: Ինձ համար դա շատ զարմանալի է, որովհետև ես չեմ ճանաչում իմ ծանոթներից, ընկերներից մեկին, որն այն ժամանակ կամ այսօր անկեղծորեն ասեր, թե երջանիկ է: Գուցե մեր և նրանց երջանկության պատկերացումները տարբեր են, բայց եթե ժողովուրդն ապրում է քաղաքականապես հավասարակշռված պետության մեջ, վստահ է, որ ապահովագրված է ամեն տեսակ հեղաշրջումներից, անկումներից դեպի բոլշևիզմ կամ ֆաշիզմ, ապա քաղաքականությամբ չի հետաքրքրվում: Քաղաքականությամբ չեն հետաքրքրվում նաև այն ժողովուրդները, որոնք վստահ են, որ դա անհույս է: ԽՍՀՄ-ում քաղաքականությամբ զբաղվում էին լոկ սակավաթիվ այլախոհները, մնացածները հեռու էին քաղաքականությունից ոչ թե երջանկության պատճառով, այլ պարզապես գիտեին` դա ապարդյուն է: Այս տեսանկյունից մեր երկրում առաջինը իսպառ բացառվում է, երկրորդը կա մասամբ: Իր հավաքականության մեջ, այնուհանդերձ, հասարակությունը բավական քաղաքականացված է. մարդիկ գիտակցում են, որ քաղաքական փոփոխությունների ճանապարհով է հնարավոր շտկել իրադրությունը, ուղղակի նրանք չեն վստահում դեռևս ոչ ոքի և չեն տեսնում այն ուժը, որին ապավինելով` կարող են փոխել իրենց կյանքը:

-Ինչպիսի՞ն է, ըստ Ձեզ, «քաղաքականություն» և «բարեկրթություն» հասկացությունների հարաբերությունը:

– Բարեկրթությունն ազգային մշակույթի, բարոյականության և արդարության  բաղադրիչ մասերից է: Մենք դարերով զրկված ենք եղել պետականությունից և աշխարհիկ ու հոգևոր շատ կորուստներ, նահանջներ ենք ապրել, այսօր էլ, երբ ընկերային լարված վիճակում արժեքների ընդհանուր վերագնահատում է սկսվել, խարխլվում են անգամ բարոյականության հիմքերը` մեծի ու փոքրի հարաբերությունները: Երբ մի երիտասարդ թղթակից աչառու գրում է որևէ հեղինակության մասին, անկախ ամեն ինչից, թե որ թևում է գտնվում այդ հեղինակությունը` ընդդիմության թե իշխանության, ես խորապես վիրավորվում եմ: Դու կարող ես ինձ քննադատել, և ես պատրաստ եմ ընդունել ցանկացած քննադատություն, բայց երբ միտումնավոր են խոցում, ապա դա վատ նշան է և ցույց է տալիս քաղաքակրթության կորուստը:

-Ինչպիսի՞ կառավարման համակարգի կողմնակից եք Դուք, խորհրդարանային հանրապետության, թե՞ նախագահական:

– Մեր կուսակցությունը կողմնակից է խորհրդարանական հանրապետության, բայց եթե որդեգրվել է նախագահական կառավարումը, ապա այն ևս հնարավոր է ազգաշահ դարձնել, եթե հստակ տարանջատվեն նախագահի և վարչապետի գործառույթները: Նախագահը, ըստ իս, վերին ատյանը պետք է լինի, ժողովրդավարության սկզբունքների երաշխավորն ու պաշտպանը, փոքր-ինչ բարձր՝ տնտեսավարման կոնկրետ, մասնավոր գործունեությունից:

Վ. Մանուկյանի հետ հարցազրույցը  վարեց` Նարինե  Դիլբարյանը, «Առավոտ», 1995, 13 հունիսի

Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives