Հորիզոն, 15 հունիսի, 1918թ., թիվ 115
Թիֆլիսում ապրող դաշնակցական ընկերների հունիսի 12-ի ընդհանուր ժողովը, լսելով ընկ. Խ. Կարճիկյանի զեկուցումը ներկա անցուդարձի շուրջը և քննության առնելով անկախ Հայաստանի կառավարության կազմակերպման խնդիրը, դուրս բերեց հետևյալ բանաձևը:
«Հ.Յ. Դաշնակցությունը տարիներ շարունակ տարել է աշխատավորության դատը, որը և իր աշխատանքի դիմաց ստացել է հայ ժողովրդի քվեների խոշորագույն մասը՝ թե գյուղացիական համագումարի, թե քաղաքային դումաների և թե սահմանադիր ժողովի ընտրությունների ժամանակ. մյուս կողմից Դաշնակցության վարած քաղաքականությունն է միայն, որ կարող է համապատասխանել հայության շահերին, և երրորդ կողմից, ի նկատի առնելով ներկա ամենապատասխանատու րոպեն, երբ կազմակերպվում է անկախ Հայաստանի պետականությունը, Հայ Յ. Դաշնակցությունն է միակ իրավասու կուսակցությունը, որ պիտի ղեկավարի հայ կյանքը և առաջիկայում, մինչև հայկական սահմանադիր ժողովի ընտրությունները, երբ հայ ժողովուրդը կգա իր քվեով լիազորելու այս կամ այն կուսակցության ղեկավար հանդիսանալ հետագայի նկատմամբ:
Միևնույն ժամանակ ընդհանուր ժողովը գտնում է անհրաժեշտ, որ սահմանադիր ժողովը գումարվի ըստ հնարավորին կարճ ժամանակում և որ կազմվելիք հայկական կառավարությունը ունենալով փոքր տերիտորիա, ապա և փոքր բյուջե, լինի կազմով խիստ սահմանափակ՝ կենտրոնացնելով մի քանի պետական ֆունկցիաներ և ճյուղեր մի անհատի ձեռքում»: