Ազգ, 30 մարտի, 1991թ., թիվ 13
Հուզումները, անօրինությունը, բռնություններն ու պայթյունը սովորական են Արցախում։ Անսովորը առանց պատահարի օրերն են։ Առավոտյան ինչքան էլ վաղ արթնանաս՝ խանութների դեմ կծկված մարդկանց խմբեր կտեսնես։ Գիշերվա ժամը երկուսից հերթի են կանգնում հացի և մեկական շիշ սերուցքի ու մածունի համար։ «Դրսից» եկած հյուրը կշփոթվի այդ պատկերից՝ կարծելով, թե պարետային ժամին ինչ-որ արտառոց բան է կատարվում։ Բայց զինվորներն էլ են ընտելացել դրան և խմբերին չեմ ծեծում, քանզի նրանցից բան չկա խլելու (չնայած երբեմն խանութից հաց մուրացող այդ «պահապանները» պարետային ժամի սկսվելուն պես փութաջանորեն ու հարբած խմբերով սողոսկում են բոլոր փողոցները և ահաբեկում, թալանում անցորդներին… Ուրիշ բան է խորհրդային բանակը, այն էլ քաղցած ու զինված բանակը)։
Ամեն առավոտ ստեփանակերտցու ականջը Երևանից եկող ինքնաթիռի ձայնին է և ամեն իրիկուն գիտի, թե օրը քանի թռիչք եղավ կամ արգելվեց «անբարենպաստ եղանակի պատճառով»։
Ամեն առավոտ հոլովվում են օրվա լուրերը և մոռացվում ու հին թվում շաբաթ առաջ եղածները։
Ամեն ինչ թվում է սովորական, նույնիսկ սպանությունները և դատաբժշկական փորձաքննության՝ բզկտված դիակների նկարները։
Երբ մարտի սկզբին դասդասում էինք այդ նկարներից մի քանիսը և ողջ փետրվար ամսի 28-օրյա իրադարձությունների բթացնող պատկերը, արդեն աշխատանքային օրն ավարտվել էր։ Անհանգստությամբ մտածում էինք տուն հասնել, երբ աշխատասենյակից ինձ խորհրդավոր ձևով դուրս կանչեցին։ Միջանցքում առաջ եկան մի քանի երիտասարդներ՝ հոգնատանջ ու ամաչկոտ հայացքով։ «Հայաստանցիներ» էին, թվով յոթ հոգի՝ մազմիրուքի մեջ կորած, ծանր հագուստներով։ Նոր էին նրանց բաց թողել Շուշիի բանտից, ուր կալանավորված էին փետրվարի 17-ից և գնալու տեղ չունեին։ Թույլտվություն էին խնդրում, որ գիշերեն ցուրտ աշխատասենյակի 5-6 աթոռների վրա…
Արագ ու գաղտնի՝ տղաներին երեք խմբի բաժանեցինք և ուղարկեցինք հյուրընկալ արցախցիների տները, որպեսզի անձնագրային ռեժիմի ու շուրջկալի մեջ չընկնեն «մեծ» խմբի պատճառով։
Իսկ ճաշարանի մատուցողուհին հեծկլտում էր, որ դափ-դատարկ ճաշարանում հյուրասիրելու բան չուներ, որ տղաներն արցախցի չեն ու հենց բակում կարոտով կուլ են տվել ձեռքներն ընկած միակ տաք ու ճերմակ հացի պատառները՝ ծիծաղով հիշելով Շուշիի բանտի «բարեկեցությունը»…
Համարյա ամեն իրիկուն հանգում են լուսյերը։ Եվ աշխատանքային օրը չավարտված՝ շտապում ես տուն՝ զգուշանալով, որ մութի ետևում ամեն բան կարող է կատարվել՝ հատկապես, որ ՕՄՕՆ-ի զինված ազերիներն ամենուր են և Ադրբեջանի ու խորհրդային երկրի կանաչ-կարմիր դրոշները դեռ ծածանվում են մարզկոմի շենքի վրա ու շարժում նույնիսկ փոքրիկ հարևանիս զարմանքը, որ «Լենին պապին կանգնել է թուրքի դրոշի տակ»…
Ամեն գիշեր Արցախը քնում է ականջը պայթյունի ու կրակոցի։ Եվ երբեմն լարված ուղեղը տախտակին խփվող մուրճի ձայնն ու ավտոմեքենայի պայթյունն էլ ընդունում է որպես ավտոմատի կրակահերթ և պրկում մկանները՝ կանանց շուրթերից անեծք ու նախատինքի կեծկրակ պոկելով ՕՄՕՆ-ի ու Գորբաչովի հասցեին։
Արցախցին սկսել է ծաղրել պրեզիդենտի և Ելցինի վեճը և ասում է. «Որ ինքը մի Ելցինի հետ լեզու չի գտնում, բա մենք այդքան թուրքի հետ ի՞նչ լեզու գտնենք»…
Ամեն օր ավելի է սեղմվում Արցախը, բայց ոչ թե կիտրոնի պես, որի հյութերը քամվում են, այլ բռունցքի ու զսպանակի նման…
Ս. Ալեքսանյան