Ազգ, 19 հունիսի, 1991թ., թիվ 36
Հադրութ. 18 հունիսի. Խծաբերդ և Հին Թաղլար են վերադարձել մի քանի օր առաջ գյուղը թողած բնակիչները։ Գյուղերում կան զինվորական հսկիչ կետեր, որոնք ապահովում են բնակիչների անվտանգությունը։ Պետրոսաշեն, Սպիտակաշեն, Արփագյադուկ գյուղերն առ այսօր թալանվում են ադրբեջանական խուժանի կողմից։ Զինվորները չեն խոչընդոտում դրան, պատճառաբանելով, թե այդ մասին հրաման չունեն։ Դոլանլար և Խանձաձոր գյուղերի մոտ Ադրբեջանի օմօնականների հսկիչ կետեր են տեղադրված։ Գյուղերում ապրող ադրբեջանցիներ չկան։
Սիսիանից հաղորդել են, որ զինվորական ուղղաթիռով հունիսի 17-ի կեսօրին Արցախից տեղափոխվել են 17 ուղևոր։ Նրանց մեջ կային նաև երեխաներ։ Ուղևորները իջնելուց հետո ցրվել են տարբեր ուղղություններով, հնարավոր չէր պարզել, թե որ գյուղերից էին նրանք։ Ստեփանակերտից և Հադրութից հաղորդում են, որ այդ մասին տեղահանություն չի եղել։ Այնպես որ զինվորական ուղղաթիռով եկած ուղևորների հարցը մնում է չպարզաբանված։
Ասկերան, հունիսի 17։ Երեկոյան Խոջալուի տեղամասում քարկոծվել է Ստեփանակերտ-Ասկերան ավտոբուսը։ Վիրավորված վարորդը կորցնելով իրեն՝ խփել է «ԿՌԱԶ» մակնիշի մեքենային, որի հետևանքով 6 ուղևոր ծանր մարմնական վնասվածքներ են ստացել։
Շահումյան, հունիսի 16։ Հունիսի 16-ի լույս 17-ի գիշերը ընդհարում է տեղի ունեցել ադրբեջանական ՕՄՕՆ-ի և Բուզլուխ հայկական գյուղի բնակիչների միջև։ Օգնության հասած զինվորները դուրս են շպրտել օմօնականներին գյուղի տարածքից։ Կան սպանվածներ ու վիրավորներ։ Երեկ և այսօր գիշերը Շահումյանում համեմատաբար հանգիստ էր։ Մարզի մնացած շրջաններում դրությունը հանգիստ էր։