«Երկիր», 11 փետրվարի, 1992թ., թիվ 23 (112)
Երեկ, երկարատև արձակուրդից հետո, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը վերսկսեց իր աշխատանքը: Գերագույն խորհուրդը մեկ րոպե լռությամբ հարգեց խորհրդարանի պատգամավոր Վիգեն Շիրինյանի հիշատակը, որը զոհվել էր Ստեփանակերտում` արկի պայթյունից:
Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը, բացելով նստաշրջանը, ներկայացրեց այն հարցերը, որ պիտի քննվեն չորրորդ նստաշրջանի ընթացքում:
Այնուհետև անցյալ ամիսներին Հայաստանի արտաքին և ներքին կյանքում տեղի ունեցած փոփոխությունների և զարգացումների մասին մի ելույթով հանդես եկավ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Գերագույն խորհուրդը քննարկեց չորրորդ նստաշրջանի, ինչպես նաեւ առաջիկա եռօրյա նիստերի օրակարգը։ Արցախի ընդհանուր կացության վերաբերյալ կարճ հաղորդումով հանդես եկավ պետական հատուկ տնտեսական ծրագրերի կոմիտեի նախագահ Վահան Շիրխանյանը։
Գերագույն խորհուրդը քննարկեց նաեւ «Հայլուր» լրատվական անկախ ծրագրի հարցը օրակարգը մտցնելու վերաբերյալ մի շարք պատգամավորների առաջարկը։
Հանդես գալով Գերագույն խորհրդի առջեւ` նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը անդրադարձավ Հայաստանի միջազգային ճանաչման խնդրին, նշելով, որ արդեն 80 երկրներ ճանաչել են Հայաստանի անկախությունը եւ 15 երկրների հետ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ։ Շեշտելով, որ տակավին անհրաժեշտ է այդ ճանաչումը ամրապնդել երկկողմանի լուրջ պայմանավորվածություններով, նա նշեց, որ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը հասել է երևութական հաջողությունների միայն։
Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ առաջիկայում անհրաժեշտ է աշխուժացնել Հայաստանի արտաքին քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում եւ կապեր հաստատել արեւելքի երկրների հետ։ Նա անդրադարձավ նաեւ ԱՊՀ-ի անդամ պետությունների հետ հարաբերություններին, ասելով, որ նրանց հետ Հայաստանը տասնամյակների կապեր ունի։ Միաժամանակ ընդգծելով, որ ԱՊՀ-ն տակավին իրավաբանորեն չի կայացել, նա նշեց, որ
Հայաստանի միակողմանի կախվածությունը հյուսիսից խանգարում է հանրապետության ազատ գոյակցությանը։ Այս իմաստով Լեւոն Տեր-Պետրոսյանը շեշտեց, որ ԱՊՀ-ն հայ ժողովրդի գոյության երաշխիք չի կարող լինել, եւ Հայաստանը պիտի փնտրի համագործակցության նոր եզրեր, մանավանդ հարեւան պետությունների հետ։
Անդրադառնալով Արցախի կացությանը՝ նախագահն ասաց, որ Ադրբեջանը փորձում է բռնի ուժով լուծել Արցախի հարցը։
Միայն արցախահայության լուրջ դիմադրությանը հանդիպելուց հետո Ադրբեջանը պատրաստ կլինի բանակցույունների գնալ։ Նա գոհունակությամբ նշեց, որ Արցախի հարցը միջազգայնանում է, ինչը ընդունելի եւ քաջալերելի երեւույթ է։
Լեւոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով Հայաստանի տնտեսական վիճակին եւ ուժանյութային ճգնաժամին, ասաց, որ Հայաստանի գործադիր իշխանությունները ամեն ինչ արել են ճգնաժամը մեղմելու համար։ Գների ազատականցման մասին նախագահն ասաց, որ դա հարկադրական քայլ էր։ Նախագահը, անդրադառնալով հանրապետության ներքին կյանքում տեղ գտած անօրինականություններին, ասաց, որ դրանք հնարավոր կլինի հաղթահարել միայն իրական տնտեսական եւ ընկերային հիմքեր ստեղծելու միջոցով։
Հատուկ ծրագրերի կոմիտեի նախագահ Վահան Շիրխանյանը մանրամասնորեն ներկայացրեց կոմիտեի միջոցով Արցախին ի նպաստ կատարված աշխատանքները։ Նա կանգ առավ այնտեղ տեղի ունեցած վերջին ռազմական բախումների վրա՝ տեղեկություններ տալով երկու կողմերի կորուստների մասին։ Պրն Շիրխանյանը տեղեկացրեց, որ Արցախին տրամադրվել է 20 մլն. ռուբլի վարկ, վերականգնվել է փոստային կապը Արցախի եւ Հայաստանի միջեւ: Նա նշեց, որ կոմիտեն կարեւոր է համարում բենզինի եւ ընդհանրապես վառելիքի տեղափոխումը Արցախ, որպեսզի հնարավոր լինի գարնանացան աշխատանքները կազմակերպել:
Այնուհետև Գերագույն խորհուրդը քննարկեց չորրորդ նստաշրջանի օրակարգը, որն ընդունվեց պատգամավորների մեծամասնության կողմից: Օրակարգում տեղ են գտել կարևոր հարցեր Հայաստանի տնտեսության, դիվանագիտական ոլորտի եւ այլ մարզերի վերաբերյալ: Չորրորդ նստաշրջանում նախատեսվում է քննարկել Սահմանադրական դատարանի, տեղական ինքնակառավարման, դատարանի, դատախազության, ոստիկանության, պետական խորհրդանիշերի, դիվանագիտական ներկայացուցչությունների կարգավիճակի մասին օրենքների նախագծերը եւ բազմաթիվ այլ օրենքներ ու օրինագծեր:
Օրվա վերջում փոխնախագահ, վարչապետ Գագիկ Հարությունյանը ներկայացրեց խորհրդարանի 1991թ. դեկտեմբերի 20-ին ընդունված «Հանրապետությունում ստեղծված արտակարգ պայմաններում վառելիքաէներգետիկ ռեսուրսների բաշխումն ու օգտագործումը կարգավորելու մասին» ժամանակավոր օրենքի կատարման արդյունքները: Մատնանշելով այդ ոլորտում հանրապետության և կառավարության դիմագրաված դժվարությունները` վարչապետն առաջարկեց օրենքի գործունեությունը երկարաձգել մինչև ապրիլի 1-ը: Նա հույս հայտնեց, որ մինչ այդ հնարավոր կլինի լուծել Հայաստան մուտք գործող գազի հարցը և փետրվարի 15-ից աշխատեցնել ամբողջ տնտեսությունը, որը ուժանյութի բացակայության պատճառով գտնվում է անդամալույծ վիճակում:
Այսօր Գերագույն խորհուրդը քվեարկությամբ կորոշի օրենքի գործունեության երկարաձգման հարցը:
Նիստի ավարտին հանդես գալով հարցապնդումով`պատգամավոր Աղասի Արշակյանն առաջարկեց Գերագույն խորհուրդ հրավիրել Երևանի քաղաքային խորհրդի նախագահ Համբարձում Գալստյանին և պարզել, թե ինչո՞ւ է նա «Ազգ» թերթին տված իր հարցազրույցում անպատասխանատու հայտարարություններ արել Գերագույն խորհրդի պատգամավորների հասցեին: Առաջարկը ընդունվեց պատգամավորների ձայների բացարձակ մեծամասնությամբ: Հիշեցնենք, որ վերահիշյալ հարցազրույցում Համբարձում Գալստյանը պատգամավորներին մեղադրում էր անգործության համար:
Գերագույն խորհուրդն այսօր կշարունակի իր աշխատանքը: