November 27, 2024

Անորոշությունը սպանում է հույսը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 18 հունիսի, 1992թ., թիվ 114 (203)

Տեղի ունեցող իրադարձությունների կտրուկ ու անսպասելի զարգացման պայմաններում ավելի քան երբեւէ կարեւորվում են պատմական պահը սթափ գնահատելու կարողությունը, զգոնությունն ու վճռականությունը։ Շահումյանի անկումը պիտի լինի այն վերջին դասը, որ ստացանք թշնամուց՝ պատերազմական իրավիճակում գտնվող հանրապետությունում անհոգ քեֆ անելու պատճառով։ Որովհետեւ չկա անելիքի հստակ գիտակցում, հետագա գործունեության պետական ծրագիր, համախմբվածություն հենց այսօր։ Վաղը ուշ է լինելու։ Պետական լրատվական ծառայությունների եւ, մասնավորապես, հեռուստատեսության կիսատ-պռատ ու միտումնավոր, ոչ օբյեկտիվ տեղեկատվության պատճառով մարդիկ լիարժեք պատկերացում չունեն ոչ միայն Արցախում, այլեւ հենց Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, ստեղծված տագնապալի իրավիճակի մասին։ Համատարած անտարբերությունը նաեւ դրա հետեւանքն է։

Ներքին ու արտաքին քաղաքականության բնագավառներում պետության ոչ հստակ պետության ոչ հստակ դիրքորոշումը, հանրապետության կիսակաթվածահար արդյունաբերությունը, տնայնագործական եղանակներով իրականացվող սեփականաշնորհումը, անընդհատ ու անպտուղ քաղաքական բանավեճերը, մեզ պարտադրված պատերազմը մթնոլորտը լցրել են մի վիթխարի անորոշությամբ, որ ուղղակի սպանում է հույսը։ Որոշակի են միայն առօրյան ու մարդկանց կոկորդից բռնած իրականությունը։ Ճշմարիտ լրատվությունը, բոլոր հարցերի մասին ժողովրդին օբյեկտիվ տեղեկություններ հաղորդելը այդ անորոշությունը ցրելու միակ ձեւն է. ուրիշը չկա։ Սակայն չգիտես ինչու, ինչ-ինչ նկատառումներով՝ իշխանությունները որդեգրել են լրատվական մի քաղաքականություն, որով հաճախ թաքցվում է Արցախի, Հայաստանի սահմանամերձ շրջանների պաշտպանվածության իրական վիճակը, ստեղծվում հուսալի պաշտպանվածության պատրանք։

Հպանցիկորեն թվարկվում են հայաթափված գյուղերը, ապա մի անիմաստ ոգեւորությամբ խոսվում է առգրավված մի քանի հրանոթների մասին։ Ոգեւորել պետք է անշուշտ, դրա դեմ ոչինչ չունենք, բայց նաեւ պետք է իրատեսորեն գնահատել իրականությունը։ Իսկ իրականում, մեր աններելի դանդաղկոտության, կոնֆլիկտի կարգավորման քաղաքակիրթ ձեւերի փնտրտուքի վրա ժամանակ վատնելու պատճառով վիճակը խիստ տագնապալի է։

Հայկական փոքրաթիվ ջոկատները ստիպված են մեկ-երկու միավոր զրահատեխնիկայով դիմագրավել ժամանակակից տեխնիկայով լիարժեք կերպով զինված մեծաքանակ թշնամուն։ Բայց դա երկար տեւել չի կարող, եթե բանակի դեմ բանակ չկանգնի։ Ժողովրդից ոչինչ թաքցնել չի կարելի, նա է իր ուսերին կրում մեր օրերի անասելի ծանր բեռը, ուժերի գերապատիկ լարումով ու դեռեւս անտրտունջ տանում է բոլոր զրկանքները՝ միայն մի հույսով, որ Հայրենիքը ապահով լինի։

Ժողովրդին վախեցնում է միայն անորոշությունը, որ կարծես միտումնավոր ձեւով խորացնում են զանգվածային լրատվության պետական միջոցները։ Ժողովրդի շահը կուսակցական բաճկոններին ամրացրած եւ լրատվության ամբողջ բնագավառներ տնօրինող որոշ պաշտոնյաներ պիտի հասկանան, որ պատերազմի պայմաններում այդպես աշխատել նրանց ոչ ոք թույլ չի տա։

Ա. Ղազարյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives