Երկիր, 15 հունվարի, 1993թ., թիվ 7 (349)
Աբխազիայի Հանրապետության ԳԽ մամլո ծառայության հունվարի 13-ի հայտարարության մեջ ասված է, որ Վրաստանի իշխանությունները «դաժան ու տմարդի» նոր քայլ են կատարել. 1993 թվականի հունվարի սկզբին աբխազական բանակի մի խումբ զինծառայողների գերի վերցնելուց հետո վրացի զինվորականները նրանց «դաժանագույն տանջանքների և ծանակումների են ենթարկել, իսկ այնուհետև սպանել»:
Հաղորդվել է, որ հունվարի 9-10-ին աբխազ մարտիկների դիակները փոխանակվել են վրացի ռազմագերիների հետ: Գուդաուտայի զինվորական հոսպիտալում անցկացված դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ 23 դիակի վրա կան կենդանության օրոք հասցված վերքեր, որոնք վկայում են, որ աբխազ մարտիկների մեծ մասը գերվելիս ողջ է եղել և կտտանքներից հետո սպանվել է հրազենով:
Աբխազիայի Հանրապետության ԳԽ մամլո ծառայությունը հայտնել է, որ վրացական զորքերի գործողությունները չեն կարող դիտվել այլ կերպ, քան իբրև հանցագործություն, և դիմել է միջազգային այն կազմակերպություններին, որոնք կոչված են հետևել ռազմագերիների հետ վարվեցողությունը կարգավորող նորմերի կատարմանը: Իսկ դրանք, «ռազմագերիների հետ վարվելու մասին» 1947 թվականի օգոստոսի 12-ին Ժնևի կոնվենցիայի համաձայն արգելում են տանջանքների և ներգործության մյուս դաժան ձևերի կիրառումը: