November 27, 2024

Անդրկովկասի պետական գույքի լիկվիդացիայի խնդիրը

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

Մշակ, 3 հունիսի, 1918թ., թիվ 103

Վրաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է լիկվիդացիայի ենթարկել նախկին ռուսական Անդրկովկասի բոլոր պետական գույքերը և հաստատությունները: Դա մի շատ ծանր և բարդ խնդիր է: Վրացիները այն գիծն են առաջ տանում, ինչպես երևում է, որ ռուսական կառավարությունից և Ռուսաստանից Թիֆլիսում մնացած բոլոր հաստատությունները շարժական թե անշարժ և բոլոր կենտրոնական հաստատությունները պետք է դառնան սեփականություն Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում: Դա արդար չէ և իրավացի՝ ոչ պատմականապես, ոչ իրավաբանորեն: Թիֆլիսը, ճիշտ է, պատմականապես, Վրաստանի մայրաքաղաքն է, բայց նա 100 տարի եղել է Անդրկովկասի ռուսական կառավարչական կենտրոն, և նրա բոլոր հարստությունները, պետական գույքերը, շինությունները ձեռք են բերվել ընդհանուր պետական գանձարանի հաշվով, ուրեմն Անդրկովկասի ժողովուրդների (հայ, վրացի, թուրք) հարկերի և տուրքերի հաշվով: Հետևաբար, երբ այսօր այդ գույքի լիկվիդացիայի խնդիր է դրվում, նա պետք է բաժանվի այդ երեք գլխավոր ժողովուրդների միջև: Թիֆլիսի փոխարքայական պալատը, արքունական թատրոնը, գանձարանը, զորանոցները և այլ պետական հաստատությունները, միլիարդավոր ռազմամթերքը ընդհանուր սեփականություն են, այլ ոչ միայն վրացիների:

Վրաստանի կառավարությունը ինքն էլ զգալով այդ պարզ ճշմարտությունը՝ նշանակել է լիկվիդացիոն հանձնաժողով, բայց այդ հանձնաժողովի մեջ նա հրավիրել է մուսուլմանական և հայկական ազգային խորոհւրդների ներկայացուցիչներին ոչ իբրև համահավասար անդամներ և լիազորներ, այլ լոկ իբրև խորհրդականներ, այն ևս պայմանով հրավիրելու, երբ ինքը՝ վրաց կառավարությունը հարկավոր կնկատե:

Վրացիները դրել են և մի այլ պահանջ. նրանք անթույլատրելի են գտնում, որ Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում իրենց անթոռներն ունենան մուսուլմանական և հայկական կառավարությունները, որովհետև ոչ մի սուվերեն պետություն, որպիսին հանդիսանում է այժմ Վրաստանը, չէ կարող հանդուրժել, որ մի այլ կառավարություն բազմած լինի իր կողքին:

Այս առարկություններից արդարացի կարելի է համարել միայն վերջինը: Իհարկե, մուսուլմանական կառավարությունը պետք է գտնվի Ադրբեյջանի գլխավոր քաղաքում, որ համարվում է Գանձակը, իսկ հայկականը՝ Երևանում: Բայց քանի որ ոչ դեռ Ադրբեյջանի, ոչ հայկական կառավարությունները չեն կազմակերպված, նրանք կարող են ժամանակավորապես մնալ Թիֆլիսում, մանավանդ, որ նախկին պետական բոլոր ֆունկցիաները կապված են դեռ Թիֆլիսի հետ:

Գալով երկրորդ հավակնության, պետք է ասել, որ դա անարդար է: Անդրկովկասի ամբողջ ընդհանուր գույքը, շարժական և անշարժ — արքունի պալատներ, թատրոն, գանձարան, բանկ, խնայողական և այլ դրամարկղներ, ռազմամթերք, զորանոցներ, պարենի և պաշարեղենի պահեստներ, ուդելնի կալվածներ և այլն — այդ ամենը Անդրկովկասի երեք գլխավոր ժողովուրդների սեփականությունն է և պետք է բաժանվի երեքի մեջ: Այդ պատճառով լիկվիդացիոն հանձնաժողովը պետք է բաղկացած լինի երեք ազգությունների ներկայացուցիչներից, հավասար թվով: Այդ կետում համերաշխ և միաբան են մուսուլմանական և հայկական ազգային խորհուրդները, որոնք այժմ նիստեր ունեն և մշակել են որոշ ծրագրեր՝ միասին գործելու այդ հարցում և իրենց պահանջները դնելու:

Մենք հույս ունենք, որ վրացիները արդարացի գտնելով թուրքերի և հայերի պահանջը՝ ընդառաջ կգնան այդ պահանջներին, և Անդրկովկասի միլիարդավոր պետական գույքերի բաժանումը կկատարվի արդարացի հիմունքներով:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives