«Հայաստանի Հանրապետություն», 4 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176(780), շաբաթ
Արտաքին գործերի նոր նախարարը նոր արտաքին քաղաքականություն չէ, բոլոր ժամանակներում այն որոշել է պետությունը,- հայտարարել է Հեյդար Ալիևը՝ ներկայացնելով հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության նոր ղեկավար Հասան Հասանովին: Ինչպես հայտնի է, մինչև վերջին ժամանակներս նա Ադրբեջանական Հանրապետության մշտական ներկայացուցիչն էր ՄԱԿ-ում:
Նոր նշանակումը, գտնում է Հեյդար Ալիևը, հարկավոր է դիտարկել ավելի շուտ ադրբեջանական դիվանագիտության մակարդակի, որակի բարձրացման լույսով: Նրա կարծիքով, հանրապետության արտգործնախարարության նախկին ղեկավարությունը չէր համապատասխանում այդ պահանջներին: «Այն ավելի շատ տարբեր կարգախոսներ էր հայտարարում անկախության մասին, քան անկախ քաղաքականություն էր վարում ի շահ անկախ Ադրբեջանի»,– հայտարարել է պետության ղեկավարը:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ երկրի նախագահի լիազորությունները կատարողը հայտնել է, որ ստացել է ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների սեպտեմբերյան հանդիպման հրավեր, ավելացնելով, որ հավանաբար կմասնակցի վերջինիս աշխատանքին:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցերին, Հեյդար Ալիևն ընդգծել է, որ կողմ է հակամարտության խաղաղ, քաղաքական լուծմանը: Նա նաև հայտնել է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ շփումների ընթացքում ձեռք բերված տասնօրյա զինադադարի ժամանակ կկայանան բանակցություններ, որոնց ընթացքում, հույս ունի, որ զինադադարը ավելի կերկարաձգվի: «Այդ ուղղությամբ բանակցությունների շարունակումը թույլ կտա գտնել ավելի կայուն սկզբունքներ, որոնց վրա կարելի է խաղաղություն կառուցել տարածաշրջանում»,- գտնում է Հեյդար Ալիևը: