Ազգ, 30 ապրիլի, 1994թ., թիվ 80
Մենք ողջունում ենք ԵԱՀԽ Մինսկի խմբի գործունեության ակտիվացումը և հավանություն տալիս այն ամենին, ինչ դուք արել եք: Կուզենայինք, որ ձեր գործունեությունը վերջապես արդյունք տա»,— ապրիլի 27-ին հայտարարեց Հեյդար Ալիևը Մաթիաս Մոսբերգի գլխավորած ԵԱՀԽ Մինսկի խմբի պատվիրակությանն ընդունելիս:
Ալիևի խոսքերով, Բաքուն անկեղծորեն ձգտում է դադարեցնել ռազմական գործողությունները և եռանդագին որոնում է շրջանում խաղաղության շուտափույթ հաստատման ուղիներ: Այդ նպատակով այժմ Մոսկվայում բանակցում է Միլլի մեջլիսի նախագահ Ռասուլ Գուլիևը,— հիշեցրեց նախագահը:
Ադրբեջանի նախագահի կարծիքով, առանց հրադադարի ԵԱՀԽ Մինսկի խմբի գործունեությունը գործնական արդյունք չի տա:
Պատվիրակության ղեկավարը՝ Մինսկի խմբի նախագահ Մաթիաս Մոսբերգը, իր հերթին ընդգծեց, որ լիովին համաձայն է խնդրի լուծման նկատմամբ նման մոտեցմանը: «Հրադադարը մենք համարում ենք այդ խնդրի լուծման կարևոր տարրը: Մենք պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել զինադադարի հուսալի համաձայնության հասնելու համար: Հենց դա է մեր ուղևորության նպատակը»,— ընդգծեց Մոսբերգը:
Մյուս կողմից, ապրիլի 28-ին Մոսկվայում համաձայնագիր ստորագրվեց Ադրբեջանի Միլլի մեջլիսի և Ռուսաստանի Դաշնության խորհրդի համագործակցության մասին: Այն ստորագրեցին Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Ռասուլ Գուլիևը և Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վլադիմիր Շումեյկոն: Նախորդ օրը կայացած զրույցի ընթացքում Գուլիևը Շումեյկոյին հասկացրել էր, որ Ադրբեջանի կարծիքով երկկողմ տնտեսական համագործակցությունը կարող է Անդրկովկասում Ռուսաստանի ռազմավարական շահերն ապահովել ռազմական դաշինքներից շատ ավելի արդյունավետ կերպով: Նույն օրը Ռասուլ Գուլիևը ելույթ էր ունեցել Ռուսաստանի Դաշնության խորհրդում, ընդգծելով, որ «Ադրբեջանը ողջունում է այն միջազգային կազմակերպությունների և պետությունների ջանքերը, որոնք ձգտում են միջնորդի դեր կատարել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մեջ: Բայց դա չի նշանակում, թե Ադրբեջանը կհամաձայնի ընդունել իր համար նվաստացուցիչ պայմաններ»: