«Երկիր», 1993թ., 3 մարտի, 36 (379)
Ըստ «Հայլուրի» թղթակցի տեղեկատվության, ԼՂՀ ռազմաճակատներում գրանցվել են բացառապես դիրքային մարտեր։ Հայկական կողմը շարունակում է վերահսկել Մարտակերտի ճակատում ցայսօր ազատագրված տարածքները։
Միաժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից պնդում են, որ Սարսանգի ջրամբարը վերահսկվում է իրենց կողմից։ Ըստ նույն աղբյուրի, անցած գիշեր թեժ մարտեր են ընթացել ջրամբարի մատույցներում, որի արդյունքում խփվել է մեկ հայկական տանկ։ Նշվում է նաեւ, որ Հայաստանի տարածքից՝ տանկերից, հրետանուց եւ «Գրադ» կայանքներից գնդակոծվել են Գետաբեկի շրջանի Գասումաղալի, Թովուզի շրջանի Ալիթեյլի, Հաջալի գյուղերը եւ շրջկենտրոնը։ Ալիբեյլիում կա չորս վիրավոր։
ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեն (ՊՊԿ) անօրինական զինված կազմավորումները զինաթափելու որոշում է ընդունել։ Ինչպես «Սնարքի» թղթակցին հայտնել են ԼՂՀ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտից (ՏՄԴ), այդ միջոցառումը պայմանավորված է Արցախում միացյալ զինուժերի կազմավորման եւ հանցագործության դեմ պայքարի ուժեղացման անհրաժեշտությամբ։ Այս պահին արդեն ԼՂՀ տարածքում զինաթափվել է մոտ չորս տասնյակ մարդ այն խմբերից, որոնք Արցախի ինքնապաշտպանության ուժերի ու ԼՂՀ ՆԳ նախարարության կամ ազգային անվտանգության վարչության կառուցվածքների մեջ չեն մտնում։ Առգրավվել է մարտական հրազենի մոտ 50 միավոր։ Այս բոլոր փաստերի առնչությամբ կատարվում է հետաքննություն։